«Հայը պատմական հայրենիքը գերադասում է ներկա հայրենիքից, որովհետև պատմական հայրենիքը զորք չի...

«Հայը պատմական հայրենիքը գերադասում է ներկա հայրենիքից, որովհետև պատմական հայրենիքը զորք չի պահանջել, տուրք չի պահանջել»

864

Journalist.am-ը զրուցել է կամավորական, դպիր Խաչիկ Վարդանյանի հետ, ով մասնակցել է արցախյան 3-րդ պատերազմին:

Պատերազմի լուրը լսելուց հետո ինչքա՞ն ժամանակ պահանջվեց, որպեսզի կայացնեք ռազմաճակատ մեկնելու որոշումը:

-Ռազմաճակատ մեկնելու որոշումը…

Պատերազմի մասին լուրն առաջի անգամ լսել եմ իմ ընկերներից: Առավոտյան ժամը 7-ի կողմերը զանգեցին ու հարցրեցին՝ արդյո՞ք տեղյակ եմ, որ պատերազմ է սկսվել: Պատասխանս շատ ցինիկ էր, ասացի, որ պատերազմ է սկսվել, թող երկրի վարչապետը մտածի էդ մասին: Ես կարծեցի, որ հավանաբար ինչ-որ դիրքում կամ հատվածում հակառակորդը ուղղակի ծանր տեխնիկայով անցել է հարձակման, բայց ոչ լայնածավալ պատերազմի: 28-ի երեկոյան արդեն իմացա, որ մեր կողքի գյուղերում զոհեր ունենք: Սկսեցի մտատանջվել ու նույն օրն էլ որոշեցի գնալ կամավորագրվել զինկոմիսարյատում, որ ինչ-որ բանով օգտակար լինեմ պատերազմում: Ուզում էի լինել մի տեղ, որտեղ ավելի ռեալ կլինի իմ ներկայությունն ու ավելի գործուն: 28-ի երեկոյան արդեն զանգել եմ ընկերներիցս Նարեկ սարկավագին, հարցրել եմ՝ ինչով կարող եմ օգտակար լինել: Սեպտեմբերի 29-ի առավոտյան ես Նարեկ սարկավագի ու Տեր Վարազդատի հետ ուղևորվել եմ Ստեփանակերտ: 29-ի երեկոյան մենք աարդեն Ստեփանակերտում էինք: Երևանից դուրս գալիս զգացողություններս այլ էին, Գորիսում արդեն այլ տրամադրվածություն ունեի: Երևանից շատ ոգևորված էի գնացել, լավ տրամադրությամբ, որ ամեն ինչ ընտիր է, լավ է լինելու: Գաղթի սարսափելի տեսարան տեսանք Գորիսում՝ բեռնված մեքենաներ իրերով, կանայք, երեխաներ ավտոբուսներում, հարյուրավոր հերթեր բենզալցակայանում, խանութում սարսափելի իրարանցում: Առաջինը, որ մտքիս եկավ, էդ են տեսարաներն էր 15 թվի վերաբերյալ, որ մենք դպրոցի դասագրքերում էինք տեսել: Իսկ արդեն Արցախում, երբ ամեն կողմից գոռում էին՝ լույսերը անջատեք, հեռախոսները անջատեք, ու անօդաչուները թռնում էին գլխավերևում, արդեն զգում էի պատերազմի շունչը իմ դեմքին:

-Ո՞ր հատվածում եք մարտնչել թշնամու հետ, առաջին անգա՞մ էիք մարտի դաշտում:

-Մենք պետք է գնայինք Ջրական, մեր առաջադրանքն այդ վայրում էր: Ճարտարից, երբ շարժվում էինք, ճանապարհին խնդրցի Նարեկ սարկավագին, որ անցնենք Հադրութի դիրքերով ու հնարավորության դեպքում հանդիպենք մեր ընկերներից մեկին, ով նաև իմ սանիկն է: Սեպտեմբերի 30-ի երեկոյան հասանք Հադրութ, քանի որ տարվա մեջ մի քանի անգամ ուխտագնացությունների էի գնում Հադրութ, արդեն քաջածանոթ էի. մեքենան հարմար տեղ կանգնեցրինք, քողածածկեցինք և շարժվեցինք զորամաս: Զորամասում Հայր Մկրտիչը զինորականներից մեկին ասաց, որ մենք առաջնագիծ ենք ուզում գնալ:  Զինվորականը, որ փոխգնդապետի ուսադիրներով էր, ասաց, որ մի քանի րոպեից երկու ուռալները բարձրանալու են, իրենց հետ կբարձրանաք: Էդ պահին առաջինը, որ միտքս եկավ, փաստաթղթերս ու իրերս էին, տվեցի զորամասի մոտ գտնվող խանութի խանութպանին, որ եթե հետ չգայի, փոխանցեր եղբորս: Ավտոմատներ չունեինք մեզ մոտ, որովհետև ասացին՝ մենք գնում ենք զորքի հետ հոգեբանական աշխատանքներ կատարելու համար: Բայց Հայր Մկրտիչը համառեց և այդ նույն զինվորականին ասաց՝ երեք հոգուս համար գոնե մեկ ավտոմատ տան, որ խնդրի դեպքում կարողանանք մեզ պաշտպանել: Դե բնականաբար մերժում ստացանք, ու ասացին, որ պետք է հետ գնանք մեր տարածքային զինկոմիսարիատներ, գրանցվենք, նոր կտան, բայց ամեն դեպքում ստացանք երեք հոգու համար մեկ ավտոմատ: Լավ տրամադրությամբ, մարտական ոգով գնացինք առաջնագիծ: Առաջին դժվարությունը, մինչև Հադրութ գնալը եղել է այն, որ մի ամբողջ օր չէինք կարողանում գտնել զրահաբաճկոն ու սաղավարտ, գրեթե անհնար բան էր թվում արդեն։ Ուր գնում էինք, պատասխանում էին, որ դա իրենց պարտականությունը չի:

Ասեմ, որ ֆանտաստիկ վարորդներ ունենք, գիշերով, առանց լույսերը միացնելու մեր 18-20 տարեկան տղերքը կարողանում էին շատ վարժ քշել: Հասանք ու սպասում էինք, որ ինչ-որ մեկը գա, մեզ տանի առաջնագիծ: Մի սպա եկավ, մեզ ուղեկցեց մոտ 600 մետր, հետո եկավ մեկ այլ սպա ու նորից ահագին առաջ գնացինք, հետո ևս մեկը միացավ մեզ։ Այսպիսով, երեք տարբեր սպաների հետ հասանք մեզ համար անհայտ վայր: Ակնհայտ էր՝ ուղեկցորդներն էլ լիարժեք չէին պատկերացնում տեղանքը։ Գիշերը շատ մարդ կար, կարելի է ասել՝ էնքան շատ, որ խրամատում մեկը մյուսից  կանգնած էին 30-50սմ հեռավորության վրա: Ես ու Նարեկ սարկավագը ոգևորվել էինք, որ էդքան մարդ կա: Բայց արդեն առավոտյան տեսանք, որ մնացել էինք մենք 3 հոգևորականներով և կանոնավոր բանակից մի վաշտ, այսինքն մոբիլիզացիոն ուժերը: Դե բնականնաբար զարմացած իրար նայեցինք, հասկացանք, որ մենք ենք ու ժամկետային զինվորները, հետո մի փոքր խումբ էլի մոբ ռեսուրսից բերեցին, բայց դե…: Խնդիրներից մեկը էն էր, որ չկար ոչ մի տեսակի ինժիներական գործիք, ինքս եմ փորձել գնալ, հայթայթել, գտնել, բերել ինչ-որ բահ, կացին, որ իրարից անկախ խրամատները կարողանայինք կցել իրար, ու զորքը կարողանար ապահով քայլել, ոչ թէ խրամատից խրամատ անցնել տեսանելի հատվածով։ 

Ո՞ւմ ջոկատում էիք և ինչ դժվարությունների հանդիպեցիք մարտի ընթացքում:

Մեր խնդիրը առաջին հերթին մոբի հետ բարոյահոգեբանական աշխատանքներ կատարելն էր, այսինքն մոբիլիզացյոն ուժերին, ովքեր գալիս էին պատերազմին մասնակցելու, պետք է գոտեպնդեինք, որ մեկնեին առաջնագիծ: Այդ պատճառով սեպտեմբերի 30-ի առավոտյան Ստեփանակերտից Գալուստ, Սերոբ և Նարեկ սարկավագների, հայր Մկրտիչի հետ միասին ուղևորվեցինք դեպի Ճարտար, հետո արդեն Հայր Մկրտիչի և Նարեկ Սարկավագի հետ մեկնեցինք դեպի Հադրութ: Մենք պետք է գնայինք Ջրական, մեր ծառայության վայրը նշանակված էր Ջրականը։

Խնդիր էր պաշտպանական համակարգի 2-րդ ու 3-րդ բնագծերի բացակայությունը, այսինքն խրամատի բարձրությունը առավելագույն հատվածում հասնում էր գոտկատեղին։

Խնդիր էր վարորդների սակավությունը, Էդ օրերին համարձակ վարորդնները շատ քիչ էին: Ընդամենը մի սննդի մեքենայի վարորդ, կարծեմ Շահեն անունով, բայց Շագո էին ասում, ինքն էր սնունդ հասցնում զորքին, չնայած ինքս եմ տեսել՝ պահեստում լիքն էր սնունդը: «Երեմյան փրոջեքթի» մեքենաները բերում էին մինչև ֆիզուլի Վարանդա, բայց էդ վայրից մինչև դիրքեր վարորդ չկար, որ սնունդ հասցներ զինվորին: Մեզանից 3կմ հեռավորոււթյան վրա մեր զորքին մեքենա չէր հասնում, ու ամեն գիշեր մենք ուսապարկերով ոտքով սնունդ էինք հասցնում զորքին:

Գլխավոր խնդիրներից մեկն այն էր, որ մեր  ՄՈԲ ուժերը չէին ենթարկվոււմ հրամանատարական կազմին, ինչն առաջացնում էր քաոս:  Մարդիկ կային, որ բանակի «յախշիի» հոգեբանությամբ պատերազմ էին եկել, մի խոսքով, ըստ իս, բանակը պատրաստ չեր նման լայնածավ պատերազմի…

-Ըստ Ձեզ, ի՞նչը խանգարեց մեզ այս պատերազմում հաղթելուն:

-Ես քաղաքականն գործիչ չեմ, հետևաբար ինչ էլ ասեմ, շատ սուբեկտիվ կարող է ընկալվել, բայց էն, ինչ տեսել եմ, կարող եմ ասել, որ դա չկազմակերպված, չհամակարգված գործողություններն էին, որը խանգարեց մեզ կռվի դաշտում: Երկրորդ խնդիրը այն էր, որ մարդկանց մի ստվար զանգված հիմնականում ոչ թե եկել էին պատերազմի, այլ եկել էին ցուցադրվելու ու ցուցադրելու, բոլորի մոտ տպավորություն էր, որ մի քանի օրից կավարտվի, ու էդ մի քանի օրվա միտքը ներքին հանգստություն ու ապահովություն էր տալիս, ինչն էլ նպաստում էր, որ մարտիկը անհնարինը չգործի: Չպիտի վախենանք խոստովանելուց, որ շատ անգամ մարդիկ կամ չէին գիտակցում, թե ուր են եկել, կամ էլ հարկադրված էին հասել մարտի դաշտ, ու հարկադրվածի դեպքում տասնյակ տղեքի եմ տեսել, որ ժամերով պառկած էին մնում, ու չէին թաքցնում, որ վախենում են։ Երրորդ խնդիրը այն էր, որ կանոնավոր բանակը պատրաստ չէր պատերազմելու, պատրաստ չէր պատերազմելու հատկապես նման համալրման պայմաններում, երբ եկողներն ավելի շատ էին խնդիր ստեղծում, քան խնդիր լուծում։ Պատրաստ չեր հատկապես հրամանատարությունը, զինվորը կատարում էր իր մաքսիմումը, անհնարինը: Իրականում մենք հեռու չէինք պատերազմից, պատերազմը ամեն օր արթնանում էր մեզ հետ ու ամեն օր քուն մտնում: Մեր անպատրաստվածությունն էր, բանակի չափիչ շատ ինքնավստահ լինելն էր. մենք արբել էինք առաջին պատերազմի հաղթանակից, ու գալիք վտանգը, Արցախի հարցի չլուծված մնալը մի տեսակ մեր հոգսը չէր, մեզ ասում էին՝ չկա Արցախի խնդիր, ապրեք առանց հոգսի։ Մեզ քսան և ավելի տարիներ թմբիրի մեջ էին պահել, որը չէր կարող չանդրադատնալ նաև բանակի վրա։ Մեզ քսան և ավելի տարիներ իրենց վատ քաղաքականության պատճառով ամեն օր մոտեցնում էին պատերազմին, բայց առանց պատրաստելու… Մեր հանրությունն էր մեղավոր, տարիներ շարունակ զինվորներին բանակ էին ճանապարհում ազգագրական երգերով, ճոռոմ կենացներով, ու երբեք չէինք ուզում առերեսվել էն տղերքի դիակների հետ, որ խաղաղ ժամանակ բանակից մեզ էին բերում՝ հակառակորդի գնդակից զոհված, համածառայկից տղաների գնդակից զոհված, անտարբերության պատճառով ինքնասպանության հասած… Մեզ էդպես հարմար էր ու ապահով, ասում էինք կենացներ բանակ ճանապարհելիս, ու հետո լռում տղեքի դիակների առաջ…:

Չնայած կային հստակ մեղավորներ ովքեր ճիշտ չէին կազմակերպել թե՛ գրոհը, թե՛ նահանջը: Ունեինք հրամանատարներ, ովքեր իրենց զինվորներին թողել ու փախել էին, բայց հիմա դրանից չի կարելի չէ՞ խոսել, բոլորը հերոս են…: Ճիշտ է, նաև ունեցել ենք անձնուրաց կռվող սպաներ, հրամանատարներ, զինվորներ, ունեցել ենք մարտը լավ կազմակերպող վաշտեր ու ջոկեր, բայց ոչ բանակ… Բոլորս ենք մեղավոր, բայց ռազմաքաղաքական ղեկավարությունը պիտի ընդունի, որ մեղքի առյուծի բաժինն իրենն է:

Որպես պատերազմի թոհուբոհով անցած մարդ, ի՞նչը կփոխեիք մեր բանակում եւ հայրենիքում:

-Երկրում առաջին գլխավոր խնդիրը հրաժարվելն է պաթոսային, կեղծ հայրենասիրությունից, անիրատեսական երազանքներից. խոսում ենք Մեծ Հայքից, ծովից ծով Հայաստանից, բայց ամեն հնարավոր առիթով ատում ենք միմյանց, խաբում։ Խոսում ենք մեր հուշարձաններից ու վանքերից, բայց դրանց պահպանման համար զլանում մեր լուման ներդնել՝ ակնկալելով ինչ-որ հարուստի պարտականության վերածված նվիրատվություն: Վանո Սիրադեղյանը շատ լավ է ասել`«Հայը պատմական հայրենիքը գերադասում է ներկա հայրենիքից, որովհետև պատմական հայրենիքը զորք չի պահանջել, տուրք չի պահանջել»:

Մենք ունենք կրթության խնդիր, որ պետք է լավացնենք։ Կրթությունը կաղում է մեր երկրում, ու երբ ասում ենք կրթություն, ամենևին պետք չէ հասկանալ բացառապես համալսարանական կրթությունը, մենք լավ արհեստավորի խնդիր ունենք։ Բոլոր ոլորտներում, անխտիր բոլոր ոլորտներում մենք առաջնորդվում ենք «յոլա տանելու» սկզբունքով. մի տեսակ հարմարվել ենք «փինաչիությանը»: Մենք չունենք անվտանգության վստահելի և կայուն համակարգ, ջախջախված է ցավոք, մեր ողջ ուշադրությունը պետք է ուղղենք դեպի անվտանգության համակարգը: էս խնդիրները՝ կրթություն, անվտանգություն, տնտեսութուն փոխկապակցված են, հերթով չենք կարող լուծել, միաժամանակ պետք է լուծվեն։ Մենք պետք է սկսենք ավելի քիչ ատել իրար և ամեն ինչ ավելի լավ կլինի, քան այսօր է։

Պետրոս Գասպարյան

5-րդ կուրս

Կիսվել