ՀՀ բնակչության թիվը շարունակում է նվազել

ՀՀ բնակչության թիվը շարունակում է նվազել

882

ՀՀ մշտական բնակչությունը  2018 թվականի հունվարի 1-ից 2022 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում նվազել է 11300-ով

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ մշտական են համարվում այն բնակիչները, ովքեր մշտապես բնակվում են տվյալ տարածքում, ներառյալ մարդահամարի պահին ժամանակավոր բացակայողները։ Յուրաքանչյուր վարչական միավորի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը ձևավորվել է ՀՀ 2011 թվականի մարդահամարի ժամանակ տվյալ տարածքում բնակվող ու հաշվառման պահին ներկա և ժամանակավոր բացակա հաշվառված անձանց ընդհանուր թվաքանակների հանրագումարից։ Բնակչության թվաքանակի ընթացիկ գնահատականը տրվում է բնակչության վերջին մարդահամարի արդյունքների հիման վրա, որոնց ամեն տարի ավելացնում են տվյալ տարածքի ծնվածների և եկողների թվաքանակը, հանվում են մահացածների և տվյալ տարածքից մեկնածների թվաքանակը։

Ստորև ներկայացնում ենք 2018-2022 թվականների մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ հետևյալ տեղեկատվական գծապատկերը։ Այստեղ արտացոլված է Հայաստանի մշտական բնակչության թիվը տարվա սկզբի դրությամբ։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2018-2019 թվականներին գրանցվել է նորանկախ Հայաստանի բնակչության թվի ամենակտրուկ նվազման ցուցանիշը։ 2018 թվականի հունվարի մեկի դրությամբ, ըստ Վիճակագրական կոմիտեի, բնակչության թիվը եղել է 2972700, իսկ 2019 թվականի հունվարի մեկին դարձել է 2961600։ Այսինքն 2018-2019 թվականների ընթացքում նվազել է 11000-ով։ Նշենք նաև, որ 1992 թվականին,՝ ըստ Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների՝ Հայաստանում հաշվառված է եղել 3 մլն 633 հազար մարդ, այսինքն բանակչության թիվը մինչև 2021 թվականի հունվարի մեկը նվազել է 671600-ով։

2019 թվականին բնակչությունը կազմել է 2961600 մարդ։ 2020 թվականի հունվարի մեկի դրությամբ բնակչության թիվը եղել է 2959700։ Այսինքն 2019-2020 թվականների ընթացքում բնակչության թիվը նվազել է 1900-ով։ Միայն 2020-2021 թվականներին նկատվում  է բնակչության թվի ավելացում 3600-ով։ Մեզ հետ զրույցում  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի  հայաստանյան գրասենյակի ժողովրդագրության ծրագրերի ղեկավար  Աննա Հովհաննիսյանը  նշեց, որ այս դրական դինամիկան պայմանավորված էր թագավարակի ներթափանցմամբ մեր երկիր․ «Երկրում արտակարագ իրավիճակներ էին պարբերաբար հաստատվում, սահմանները փակված էին, և արտագաղթը նվազեց, բնակչության թիվն էլ ավելացավ»։ Սակայն ըստ նրա այս փոփոխությունը այդքան էլ մեծ և էական չէ։ Դա փաստում է այն, որ հետագայում նորից տեսնում ենք բնակչության թվի նվազում։

2021 թվականին մշտական բնակչությունը եղել է 2963300, իսկ 2022 թվականի հունվարի մեկին կազմել է 2961400 մարդ։ Տեսնում ենք, որ 2021-2022 թվականների նույնպես եղել է բնակչության թվի նվազում 1900-ով։

Հետևյալ տվյալները փաստում են, որ 2018 թվականի հունվարի մեկից մինչև 2022 թվականի հունվարի մեկը ընկած ժամանակահատվածում բնակչության թիվը նվազել է 11300-ով։

Աննա Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանում ծնելիության թիվը գնալով նվազում է այն պատճառով, որ  2000-2001 թվականին ծնվածների թիվը քիչ է եղել։ Դա է պատճառը, որ վերարտադրողականության փուլ մտնողների թիվը այժմ պակասել է։ Սակայն մասնագետը հավելեց, որ ծնելիության թվի նվազման պատճառները հարաբերական են։ Այլ բան է, թե ինչ է անում երկրի կառավարությունը ծնելիության մակարդակը բարձրացնելու համար․«Կառավարությունը մեր օգնությամբ այժմ մշակում է ժողովրդագրական վիճակի բարելավման ռազմավարություն, այս տարվա վերջում արդեն պատրատ կլինի։ Հստակ գրված են լինելու այն գործողությունները, որը կառավարությունը պետք է ձեռնարկի։ Այս գործողողություններում ներառվելու են օրինակ  ծնունդների խթանումը, առողջ ապրելակերպը, մահացության թվաքանակի նվազեցումը, ամենակարևորն է լինելու արտագաղթի մեղմացումը»։ Մասնագետը նաև ներկայացրեց այն ծրագրերը, որոնք արդեն իսկ կառավարությունը կատարել է ծնելիության մակարադակը բարձրացնելու համար․ « 2022 թվականից սկսած կառավարությունը մեր խորհրդով ընդունեց մի շարք ծրագրեր ծնունդների խթանման համար։ Օրինակ՝  հենց 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ մի օրենք, որ երրորդ երեխա  ունեցողները մինչև երեխայի վեց տարեկան դառնալը ամսական կստանան 50000 դրամ։ Ընդունվեց օրենք, որով գյուղաբնակ կանայք, անկախ իրենց զբաղվածության աստիճանից, ստանան երեխայի խնամքի նպաստ։  Հաջորդ ամենակարևոր գործողությունը այն էր, որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ և հաջորդաբար ծնվող երեխաների նպաստները ավելացան․ առաջին երեխայի նպաստը 50000 դրամից դարձել է 300000, երկրորդ երեխայինը նույնպես 150000 դրամից դարձել է 300000, երրորդինը դարձել է 1 մլն և այսպես շարունակաբար։ Նաև երեխաների ավելացումով նվազում է ընտանիքի վարկերի տոկոսները»։ Ըստ մասնագետի ծրագրեր իրականացվում են, սակայն մարդը ինքն է որոշում, թե ինչքան երեխա ունենա, որտեղ ապրի, անկախ կառավարության ջանքերից, իսկ մենք ունենք լուրջ անվտանգության խնդիր։

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2018 թվականին  Հայաստանի մեկնողների և ժամանողների տարբերությունը կազմել է 4588 մարդ, 2019 թվականին՝  6529 մարդ։ 2020 թվականին շեշտակի աճել է՝ դառնալով 42786 մարդ, իսկ 2021 թվականին գրանցվել է ամենաբացասական ցուցանիշը՝ 73571 մարդ։ Ըստ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի՝ 2021 թվականին այդպիսի բացասական արդյունք ենք ունեցել, քանի որ դրա վրա ազդել են 2020 թվականի կորոնավիրուսի սահմանափակումները։ 2020 թվականին սահմանները փակ են եղել, և այն հիմնական մասը, որը գնում էր արտասահման, չի կարողացել գնալ 2020 թվականին։ 2021-ից ակնհայտորեն պետք է ունենայինք այսպիսի ցուցանիշներ։  Արտագաղթի մասին խոսելիս Աննա Հովհաննիսյանը նշեց, որ կա թյուր կարծիք, որ Հայաստանում աշխատատեղեր չկան․ ներկա պահին մեր երկրում կան շատ թափուր աշխատատեղեր, սակայն մարդիկ նախընտրում են գնալ արտագնա աշխատանքի։ Այսօր մենք ունենք տվյալներ, որ արտերկրից բերվում է աշխատուժ, մեր երկրում թափուր աշխատատեղերը լրացնելու համար, հատկապես  գյուղական վայրերում և տեքստիլ արդյունաբերությունում աշխատելու համար։ Այստեղ մեկնողների համար արդեն կարևորվում է աշխատավարձի խնդիրը։ Մարդիկ հիմնականում արտերկում են աշխատում աշխատավարձի բարձր լինելու պատճառով։

Սյուզաննա Դեմիրճյան

Անթառամ Բարսեղյան

2-րդ կուրս

Կիսվել