Պտղի սեռի խտրական ընտրություն

Պտղի սեռի խտրական ընտրություն

969

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Հայաստանում վերջին ութ տարվա ընթացքում չի ծնվել 4591 աղջիկ երեխա՝ միայն տղա երեխայի հաստատուն նախապատվության պատճառով։ 2021 թվականի հետազոտություններով` թեև մեր երկրում դրական տեղաշարժ կա, բայց միևնույնն է, Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք աչքի են ընկնում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների բարձր քանակով: Սեռով պայմանավորված ընտրողական ցուցանիշով Հայաստանը՝ Չինաստանի, Հնդկաստանի, Վիետնամի,Ադրբեջանի և Վրաստանի հետ միասին, աշխարհում առաջին հորիզոնականում է։

Խնդրի պատճառներ

Այս խնդիրը առկա է եղել տարբեր ժամանակներում, բայց պատճառները, մեծամասամբ, շարունակում են մնալ նույնը: Դեռևս մի քանի տարի առաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ՝ Բրաունի համալսարանի, Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի և Լոզանի համալսարանի անցկացրած հետազոտությունների արդյունքների հիման վրա առանձնացվել են երեք հիմնական գործոն, ինչի արդյունքում զույգերը դիմում են այս քայլին: Դրանք են՝ ծնելիության անկումը, ուլտրաձայնային տեխնոլոգիաների զարգացումը և տղա երեխայի արժևորման խորապես արմատավորված նորմը։

«Ցավոք, Հայաստանում երեք նախադրյալներն էլ առկա են: Մեր հասարակության մեջ ավանդաբար նախընտրելի է համարվում տղա երեխայի ծնունդը՝ որպես տոհմը շարունակող: Առաջին երեխայի պարագայում, թեև չի դրվում տարբերություն՝ աղջիկ, թե տղա երեխա ունենալը, սակայն երկրորդ և առավել ևս երրորդ երեխայի դեպքում՝ նախապատվությունը տրվում է տղա երեխային, որը գալիս է մեր հասարակության մեջ առկա կարծրատիպերից», – ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագրի համակարգող Զարուհի Տոնոյանը:

Աղջիկ երեխա սպասելու դեպքում կնոջ համար կարող են առաջ գալ մի շարք խնդիրներ՝ սկսած մեղադրանքներից մինչև բռնություն: Իսկ հղիության ընթացքում ճնշումների և հարկադրանքների ներքո կինը կարող է ստիպողաբար հղիության ընդհատման դիմել: Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հարցում տեխնոլոգիաների հասանելիության գործոնը զգալի է. վաղ շրջանում կարելի է իմանալ պտղի սեռը և ըստ դրա որոշել՝ դիմե՞լ արհեստական ընդհատման, թե՞ ոչ: Ներկայումս կա սահմանափակում մինչև 12 շաբաթականը չհայտնել պտղի սեռը: Բայց այստեղ ևս «բայց» կա․ անօրինական ճանապարհով՝ գումարի դիմաց փորձ է արվում իմանալ երեխայի սեռը և որոշում կայացնել ունենալ երեխային, թե ոչ։

Զարուհի Տոնոյանն ասում է, որ վերջին 10 տարիների ընթացքում ավելի քիչ երեխաներ ունենալու միտում կա։ Այս պարագայուն ընտանիքները ձգտում են ունենալ քիչ երեխաներ, սակայն երկու սեռից էլ։

Վերջին երկու տասնամյակների ընթացքում կատարվել են մի շարք հետազոտություններ և տարբեր մակարդակներում ծրագրեր իրականացվել, ինչի արդյունքում կա դրական շարժ։ Նորածինների սեռի հարաբերակցությունը 2021 թ․ դրությամբ դարձել է 108․8 տղա/100 աղջկա դիմաց (նորման է՝ 102-106/100 սեռերի հարաբերակցությունը):


Խնդրի ընկալումը հասարակության կողմից

Վերջին տարիներին խտրականության այս տեսակի դեմ ուղղված քայլերն ավելի ու ավելի են ակտիվացել։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, «ՄԱԿ Կանայք» կազմակերպության, Հայաստանում կանանց հիմնադրամի, Վորլդ Վիժըն Հայաստանի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոն-ի Յունիսեֆի և խնդրով զբաղվող այլ հասարակական կազմակերպությունների կողմից ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլ մարզերում իրականացվում են տարբեր  ծրագրեր՝ մարդկանց տեղեկատվական մակարդակը բարձրացնելու և խնդիրն արմատապես հասկանալու համար:

2021 թվականի ամռանը, օրինակ, իրականացվել է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար ՀՀ 3 մարզերում» (Լոռի, Տավուշ, Շիրակ) ծրագիրը: Ծրագիրն իրականցվել է «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում: Ավելին, մի շարք համայնքներում, ինտերակտիվ ներկայացումների և քննարկումների միջոցով, բարձրացվել է բնակչության իրազեկվացությունը տվյալ խնդրի վերաբերյալ։

Ըստ Վանաձոր քաղաքի ավագանի Կարինե Ղուկասյանի՝ գործատուները չեն ցանկանում աշխատանքի վերցնել հղի կանանց, ովքեր առաջիկա ժամանակահատվածում գնալու են ֆիզիկական արձակուրդի, ինչից հետո ստիպված են նոր մասնագետ գտնել, աճեցնել, այսինքն՝ նոր ռեսուրսներ ծախսել:

Խնդրի իրավական կարգավորումներ

Սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումը Հայաստանում անօրինական դարձավ 2016 թվականից: Իրավական տեսանկյունից՝ յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման իրավունք մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը՝ իր իսկ գրավոր համաձայնությամբ: 12 շաբաթական հղիության դեպքում արդեն պարզ է դառնում պտղի սեռը, իսկ դրանից հետո, օրենքի համաձայն, հղիության ընդհատումը կատարվում է բացառապես բժշկական կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում:

Մասնագետները կարծում են, որ օրենսդրական դաշտը ևս պետք է միանշանակ և հստակ լինի, որպեսզի բացառվի խտրական ընտրության ցանկացած հնարավորություն։

Չնայած վերջին տարիներին նկատվում է դրական տեղաշարժ, միևնույն է, խնդիրը դեռևս հեռու է լուծված համարվելուց։

Անի Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել