Գենդերային հավասարություն. խնդրի արմատներն ու լուծումները

Գենդերային [ան]հավասարություն. խնդրի արմատներն ու լուծումները

1152

Հայաստանում գենդերային անհավասարության պատճառներից մեկն արմատացած կարծրատիպերն են: Այս կարծրատիպերն այնքան խորքից են գալիս, որ կարելի է հանդիպել, անգամ, ժողովրդական ստեղծագործություններում: Հայտնի ժողովրդական երգն, օրինակ, հարսի արժանիքները թվարկելիս տղայի մորը դիմելով, ասում է.

«Թագվորի մեր, դուս արի,

Քե տախտ ավլող ենք բերե

Թագվորի մեր, դուս արի,

Կովեր կթող ենք բերե,

Թագվորի մեր, դուս արի,

Բեր գնացող ենք բերե,

Լվացք արող ենք բերե»:


Այս երգում տղայի մորը դիմողները հարսին գովերգում են այն հատկություններով, որոնցով նա նոր տուն մտնելուց հետո իր ուսերին վերցնելու է տան բոլոր հոգսերն ու, ըստ էության, միայնակ է տանելու դրանք: Մինչդեռ մասնագետները, որոնք զբաղվում են ընտանիքում կանանց և տղամարդկանց դերերի հավասարության խնդիրներով, այսօր հատկապես շեշտադրում են ընտանեկան առօրյա գործերում և ընտանիքի խնամքում տղամարդկանց ներգրավման անհրաժեշտությունը: Այս մասնագետները պնդում են, որ եթե տղամարդիկ կանանց հետ կիսեն ընտանեկան գործերը, ապա կանայք ժամանակ և հնարավորություն կունենան որպես անհատ ինքնաիրացվելու և հզորանալու, ինչն էլ անխուսափելիորեն կբերի ընտանիքի զարգացմանն ու հզորացմանը:

Այսօր միջազգային խոշոր կառույցներn իրականացնում են տարբեր ծրագրեր, դասընթացներ, արշավներ` նպատակ ունենալով ստեղծել իրավահավասար հասարակություն թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար։

ՄԱԿ-֊ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գենդերային ծրագրերի պատասխանատու Լուսինե Սարգսյանը խնդրի արմատները, նախ, կրթության մեջ է տեսնում. 

«Աղջիկներն, օրինակ, ավելի շատ հումանիտար ոլորտներում են ուսում ստանում, չնայած ցանկության դեպքում կարող են այլ ոլորտներում ևս կրթվել։ Սակայն կարծրատիպերի և սխալ պատկերացումների պատճառով ընտրում են այնպիսի մասնագիտություն, որն, ավանդաբար, ավելի «հարիր» է հենց կանանց»։

«Կրթությունն ունի հասարակական արժեքները խթանելու եւ կարծիք ձևավորելու հսկայական ներուժ». նշված է Եվրախորհրդի` գենդերային հավասարությանը միտված ռազմավարության մեջ։ Սակայն, Հայաստանը այդ ներուժը առավել արդյունավետ օգտագործելու հարցում զգալիորեն թերացել է։

Որպես օրինակ կարելի է դիտարկել մեր դպրոցներում «Տեխնոլոգիա» առարկան, որի ժամանակ իրականացվում են կարի և փայտամշակման դասեր։ Ամեն ինչ գուցե հիասքանչ կլիներ, եթե դասարանը չբաժանեին երկու մասի` տղաների և աղջիկների։ Տղան պետք է փայտով գործ անել սովորի, իսկ աղջկա համար ամոթ է կարել չիմանալը։  Իսկ եթե տղան հակված է դերձակ դառնալուն, իսկ աղջիկը ոգեշնչված է փայտագործ Քառլի Սթայների գործերով և ցանկանում է իրեն փորձել այդ ոլորտում, այդ դեպքում, գոնե դպրոցում նրանց իրացվելու հնարավորությունը չի տրվում: 

Ստեղծել կրթություն ստանալու հավասար պայմաններ ու միջոցներ և  տալ աշակերտին ինքնադրսևորվելու հնարավորություն. սա պետք է մտնի յուրաքանչյուր դպրոցի քաղաքականության և գործելակերպի մեջ։

«Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս գենդերային անհավասարությունը գրեթե բոլոր դրսևորումներով կա՝ աշխատաշուկայում խտրականության դեպքերից սկսած, մինչև բռնություն ընտանիքում և ընտանիքից դուրս».- ասում է Լուսինե Սարգսյանը, ապա ավելացնում, որ մեզ մոտ խտրականությունը սկսվում է ավելի վաղ, երբ նախապատվությունը տալիս են տղա երեխաներին, իսկ աղջիկ երեխաների դեպքում աբորտ են անում։

Ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) Առողջապահության տեղեկատվական վերլուծական ազգային կենտրոնի (ԱՏՎԱԿ) պաշտոնական տվյալների` Հանրապետությունում 1990 թվականներից արձանագրվել է հղիության թե՛ արհեստական ընդհատումների (1990թ.՝ 26094, 2000թ.՝ 11769, 2018թ.՝ 10647), թե՛ ինքնաբեր վիժումների նվազում (2000թ.՝ 3687, 2018թ.՝ 1669

ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, 2020թ.

«Սակայն բացարձակ թվերի վիճակագրությունը չի արտացոլում աբորտների հիմնախնդրի իրական պատկերը, առավել ևս միտումները»,- նշված է «Մոր և մանկան առողջության ցուցանիշների միտումները, հիմնախնդիրները, առաջիկա ռազմավարական ուղղությունները» զեկույցում` պատրաստած ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից։

Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների (սելեկտիվ աբորտների) վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը բացակայում է: Ըստ ՀԺԱՀ-2015թ. ընտրանքային հետազոտության տվյալների՝ հղիությունը ընդհատելու պատճառների մեջ կանանց 8 տոկոսը նշել է պտղի սեռը (2010թ. նույն հետազոտությամբ՝ 9%)։ Պաշտոնական տվյալների բացակայությունը տրամաբանված է այն հանգամանքով, որ հղիության այդ ընդհատումները օրենսդրորեն չեն կարող ձևակերպվել, քանի որ դրանք հիմնականում կատարվում են 14-15 շաբաթական ժամկետում (երբ առավել հավաստի է պտղի սեռի որոշելը), հետևաբար այն ձևակերպվում է որպես աբորտ՝ «բժշկական ցուցումներով», կամ որպես մինչև 12 շաբաթական հղիություն, որի դեպքում աբորտը կնոջ կամքով է, և պատճառը կարող է չնշվել, ինչը օրենքով արգելված չէ:

Նորածինների սեռերի բնականոն հարաբերակցությունը, ըստ ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն)՝ պետք է լինի 100 աղջիկ և 104-106 տղա: Մեր երկրում ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2000 թվականին՝ 100 աղջկա դիմաց 120 տղա: Դրականն այն է, որ այդ թիվը հետագայում նվազել է՝ 2010-ին՝ 100 աղջիկ, 114 տղա, 2021-ին՝ 100 աղջիկ, 108.6 տղա:

Գենդերային անհավասարության դրսևորման պատճառը, սակայն, միայն կարծրատիպը և կրթությունը չեն։ Լուսինե Սարգսյանը, ով մասնագիտությամբ նաև իրավաբան է, ասում է, որ օրենքը այս հարցում նույնպես խտրական է.

«Մենք չունենք իրական իրավահավասարություն։ Շատ դեպքերում օրենքներում դրանք ֆիքսված են, բայց իրականում կանայք ավելի շատ բարդությունների առաջ են կանգնում և ավելի մեծ խոչընդոտների են հանդիպում  իրենց ճանապարհին, քան` տղամարդիկ»։

Բայց և այնպես, մեզ մոտ օրենսդրությունը կանաց ավելի երկար ժամկետով ֆիզիկական արձակուրդի հնարավորություն է տալիս, քան տղամարդկանց:

«Կան առաջադեմ եվրոպական շատ երկրներ, որտեղ այդ ժամկետը հավասար է, սակայն  երեխայի խնամքը ծնողի իրավունքն ու պարտականությունն է, հետևաբար նրանց հնարավորությունները նույնը պետք է լինեն»,- ասում է Լուսինե Սարգսյանը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերում փորձում են զարգացնել և քարոզել հայրության ինստիտուտի կարևորությունը։ Պետք է հայրիկներին տալ այն հնարավորությունն ու գիտելիքը, որը թույլ տա նրանց լիարժեք ներգրավված լինել երեխայի խնամքի և դաստիարակության հարցում։

«Խնդիրը պետք է լուծել և՛ իրավական տեսանկյունից` ավելացնելով հայրության արձակուրդի ժամկետը, և՛ կրթական», – ասում է Լուսինեն։

Իսկ կանանց ակտիվությունը քաղաքական, իրավական և հասարակական կյանքում ապահովելու համար կարևոր են արշավները, կրթական ծրագրերը, օրենսդրական երաշխիքները և այլ միջոցառումները , որոնք ուղղված կլինեն փոփոխությունների թե՛ օրենսդրական դաշտում և թե՛ հասարակության կարծրատիպային մտածելակերպի մեջ։

Լուսինե Արտակի Հակոբյան
2-րդ կուրս

Կիսվել