Պարտադիր և կամավոր ատեստավորում. ինչպե՞ս է անդրադառնում աշխատավարձի վրա

Պարտադիր և կամավոր ատեստավորում. ինչպե՞ս է անդրադառնում աշխատավարձի վրա

614

Այս տարի կամավոր ատեստավորման համար դիմել է 1370 ուսուցիչ։ Ըստ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ անցյալ տարի ավելի քիչ են դիմել, և առարկաների քանակն է նույնպես քիչ եղել։ Նախարարի տեղակալի խոսքով` այս տարի կամավոր ատեստավորման համար  դիմելու հնարավորություն կունենան 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները: Հետագա տարիներին ծրագրում կընդգրկվեն նաև մյուս առարկաները, ինչպես նաև մնացած դասարաններում դասավանդող ուսուցիչները:

Կամավոր ատեստավորման արդյունքում 90 տոկոս և ավելի միավոր ստացած ուսուցիչները կստանան 50 տոկոս հավելավճար, 80-89 տոկոս միավոր հավաքելու դեպքում  ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար: 60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած` աշխատավարձի պահպանմամբ, այսինքն` նրանք հավելավճար չեն ստանա: Մինչև 59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցչի նախկին աշխատավարձը կպահպանվի, նրան կառաջարկվի  պարտադիր վերաատեստավորում՝ մեկ տարի անց:

-Պատահական չէ, որ կամավոր ատեստացիան հաղթահարած ուսուցիչների մեջ դժվար է գտնել այնպիսի ուսուցիչների, որոնք կրկնուսույց չեն։ Այսինքն, այս համակարգից հիմնականում օգտվելու են այն ուսուցիչները, որոնք կրկնուսույց աշխատելու միջոցով պահպանել են իրենց գիտելիքների բարձր մակարդակը,-նշել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Նախարարության ակնկալիքն այն է,  որ այս որոշման արդյունքում, առարկային լավ տիրապետող մասնագետները, բուհերի շրջանավարտները կուզենան աշխատել դպրոցում։ Այս քայլով նախարարությունը փորձում է դպրոց բերել առարկային լավ տիրապետող մասնագետների՝ մեղմելով ուսուցիչների պակասի խնդիրը։

Երկրորդ ակնկալիքն այն է, որ  ներկայումս դպրոցում աշխատող ուսուցիչները կզբաղվեն ինքնակրթությամբ և կմասնակցեն կամավոր ատեստացիային, ինչից կշահեն աշակերտները։ Դրանով նախարարությունը փորձում է գործող ուսուցիչներին մղել ինքնակրթության։

Անահիտ Համբարձումյանը մաթեմատիկայի ուսուցչուհի է։ Անցյալ տարի մասնակցել է կամավոր ատեստավորման ծրագրին և ստացել առավելագույն միավորը։

-Շատ ուրախ եմ, որ նման ծրագիր է իրականացվում, վերջապես ուսուցիչները իրենց տված գիտելիքին համապատասխան աշխատավարձ ստանալու հնարավորություն կունենան,-ավելացրեց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե որոնք են կամավոր և հերթական պարտադիր ատեստավորման տարբերությունները, նախարարի տեղակալը նշում է, որ կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին զուգահեռ՝ շարունակվելու է ուսուցիչների պարտադիր ատեստավորումը, որը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջ է: Ըստ այդմ` զբաղեցրած պաշտոնին ուսուցչի համապատասխանությունը որոշելու նպատակով 5 տարին մեկ անգամ յուրաքանչյուր ուսուցչի համար իրականացվում է հերթական ատեստավորում, որը պարտադիր է հանրակրթական դպրոցներում աշխատող բոլոր ուսուցիչների համար: Պարտադիր ատեստավորումը մասնագիտական գիտելիքների ստուգման որևէ ձևաչափ չի ենթադրում: Պարտադիր ատեստավորման արդյունքում որոշվում է ուսուցչի համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին, աշխատավարձի բարձրացում, հավելավճարների տրամադրում չեն նախատեսվում:

Կամավոր ատեստավորման ժամանակ ուսուցիչները սեփական նախաձեռնությամբ անցնում են թեստավորում` մասնագիտական առարկայական գիտելիքներ ստուգելու նպատակով, և ըստ իրենց գրանցած արդյունքի` ստանում 30-50 տոկոս հավելավճար:

Կամավոր ատեստավորման ծրագրի փորձարկման արդյունքների վերլուծությունից հետո, ըստ Ժ. Անդրեասյանի, հնարավոր է, որ մասնագիտական գիտելիքների թեստավորման եղանակը՝ որպես ատեստավորման ձև, դառնա պարտադիր և կիրառվի ողջ համակարգի համար` միասնական ձևաչափով, որպես հիմք ուսուցչի մասնագիտական ստանդարտի որոշման համար:

Լենա Վարդանյան

2-րդ կուրս

Կիսվել