Թեքահարթակները՝ ոչ թե խնդրի լուծում, այլ հենց խնդիր

Թեքահարթակները՝ ոչ թե խնդրի լուծում, այլ հենց խնդիր

931

2005 թվականին Հայաստանում պաշտոնապես ընդունվեց ներառական կրթության համակարգը, և սա հնարավորություն ընձեռնեց առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց ինտեգրել հասարակությանը և հնարավորություն տալ նրանց ինքնադրսևորվել: Այս ամենի հետ մեկտեղ կան լրջագույն խնդիրներ, որոնք իրենց շուտափույթ լուծումներն են պահանջում: Հաշմանդամություն ունեցող անձանց համար շատ կարևոր է ֆիզիկական միջավայրի մատչելիությունը, ինչը, սակայն, բացակայում է շատ վայրերում: Տեղաշարժման խնդիր ունեցող մարդիկ օգտվում են թեքահարթակներից, սակայն որքանո՞վ են դրանք համապատասխան իրենց ստանդարտներին: Ստորև կներկայացնեմ ստանդարտները.

«Շենքերում պետք է լինի հարմարեցված առնվազն մեկ մուտք։ Արտաքին սանդուղքներն ու թեքահարթակները պետք է ունենան բռնաձողեր՝ գործող նորմատիվային փաստաթղթերին համապատասխան։ Շենքի հիմնական մոտեցումներում սանդուղների 2,5 մ-ից ավելի լայնության դեպքում հարկավոր է նախատեսել բաժանիչ բռնաձողեր։ Մատչելի մուտքերը պետք է ունենան շվաքարան և ջրահեռացում՝ կախված տեղական կլիմայական պայմաններից։ Ստորգետնյա և վերգետնյա անցումների առկայության դեպքում, դրանք անհրաժեշտ է սարքավորել թեքահարթակներով կամ վերամբարձ սարքվածքներով։ Թեքահարթակների համար որպես ծածկույթ չի թույլատրվում լցովի կամ խոշորկառուցվածքային նյութերի օգտագործումը, ինչը կխոչըդոտի թիկնաթոռ-սայլակներով տեղաշարժվելուն։ Բետոնե սալերից ծածկույթները պետք է լինեն հարթ, իսկ նրանց միջև կարանների լայնությունը ՝ 0,015մ-ից ոչ ավելի։ Սանդուղքներրը պետք է կրկնակվեն թեքահարթակներով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բարձրանալու այլ միջոցներով։ Երթևեկության ուղիներում դռների բացվածքներից ու թեքահարթակներից առաջ պետք է ունենան նախազգուշացնող ակոսավոր և/կամ հակադրական գույներով ներկված մակերևույթ։ Թույլատրվում է լուսային փարոսիկների կիրառումը։ Թեքահարթակի առավելագույն բարձրությունը չպետք է գերազանցի 0,8 մետրը 8% անկյան դեպքում»:

Ստանդարտներին համապատասխան թեքահարթակի օրինակը կարող եք տեսնել նկարում

Օրենքով սահմանված այս ստանդարտներին ուղղակիորեն չեն համապատասխանում թեքահարթակների մեծ մասը: Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բարձրահարկերից մեկում կառուցված թեքահարթակը մանկական սղարան էր հիշեցնում, որն ապամոնտաժվեց բնակիչների հորդորով:

Բնակիչներից մեկի խոսքով` ծնողները նույնիսկ մանկական սայլակները չեն կարողանում իջեցնել և բարձրացնել, ինչ մնաց անվասայլակով մարդը կարողանա օգտվել: Սա միայն մեկ օրինակն է, բայց այսպիսիք շատ են: «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը նշում է, որ նման թեքություն ունեցող թեքահարթակները կիրառելի չեն, սա շինարակական սխալի արդյունք է:  Թեքահարթակներ կառուցելու նախագիծը իրականացնում են թաղապետարանն ու Հայկական կարմիր խաչը: Այսքան կազմակերպություններ աշխատում են այդ ուղղությամբ, բայց միևնույն է՝ թերացումներ շատ կան, որոնք այդպես էլ երկար տարիների ընթացքում լուծում չեն ստանում:

Բազմաբնույթ բողոքներ են հնչում նաև, որ գետնանցումներում առկա թեքահարթակները չափազանց անհարմար են, տեղաշարժվելու խնդիր ունեցող մարդը առանց օգնականի չի կարող իջնել, նույնիսկ օգնականներն են դժվարանում: Գետնանցումներում ու վերնանցումներում գտնվող թեքահարթակներն ավելի մեծ խնդիրներ են առաջացնում, որովհետև չափանիշներին չեն համապատասխանում։

Անգամ շատ դպրոցներում չկան այս հարմարությունները, որպեսզի երեխան կարողանա դպրոց հաճախել: Հաշմանդամություն ունեցող երեխաներից մեկի մայրիկը՝ Լ. Պողոսյանը, մեզ հետ զրույցում ասաց.

«Թեքահարթակ դպրոցում կա միայն մուտքի մոտ, բայց դա բավարար չէ.  երեխաս չի կարող ինքնուրույն լվացարան գնալ, իջնել կամ բարձրանալ ուրիշ հարկ, նա իրեն ճնշված է զգում, ամաչում է հաճախ դիմել օգնության, դե ես էլ չեմ կարող անդադար նրա հետ դասերին հաճախել, աշխատում եմ, որ մեր կացության հարցը լուծեմ: Անհարմարություններից դրդված երեխայիս դպրոց հազվադեպ եմ տանում, միայն այն ժամանակ, երբ կարող եմ իր հետ մնալ դպրոցում, օգնել, որ տեղաշարժվի: Նույնիսկ ինձ համար է բարդ նման պայմաններում, չեմ ուզում պատկերացնել, թե երեխայիս համար որքան դժվար է»:

ՀՀ-ում թեքահարթակների խնդիրը միշտ էլ արդիական է եղել. խնդրի լուծման տարբերակներ գտնելու համար մենք հարցում ուղարկեցինք սոցիալական հարցերով նախարարություն, սակայն նախարարությունը այդպես էլ չպատասխանեց մեր հետևյալ հարցերին՝

1. Պատերազմից հետո հաշմանդամություն ունեցողների թիվն աճել է, արդյո՞ք իրականացվել են որոշակի ծրագրեր թեքահարթակների թիվը շատացնելու համար։

2. Ե՞րբ և ո՞ր հասարակական կառույցներում եք պլանավորում կառուցել թեքահարթակներ։

3. Շատ են հնչում դժգոհություններ, որ թեքահարթակներն անհարմար են (հատկապես գետնանցումներում), ինչպիսի՞ լուծումներ եք առաջարկում այս հարցի շուրջ, վերանորոգման կամ վերափոխման ծրագրեր կա՞ն։

Լուծումներ փորձում է առարաջկել «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյան, ով բացատրում է, որ բոլոր դեպքերում լուծումը երկարությունն է, ինչքան երկար է թեքահարթակն, այդքան նրա թեքությունը քիչ է,  դա, իհարկե, ավելի ապահով է և ավելի հեշտ:

Նա նաև նշում է, որ վերջին տարիներին քաղաքային իշխանություններն ավելի շատ են աշխատում այս ուղղությամբ և շահագրգռված են խնդիրների կարգավորմամբ. անցումներ, գետնանցումներ են հարմարեցվում, մեծ հաշվով, սակայն, տեսանելի փոփոխություններ չկան։

Հենց այս ամենի արդյունքում էլ տուժում են մարդիկ, որոնք ամենաշատը ունեն բոլորիս օգնության և աջակցության կարիքը:

Մարիամ Վարդանյան

4-րդ կուրս

Կիսվել