Դիանան առավոտյան արթնանում է վաղ, սակայն անկողնուց վեր է կենում բավականին ուշ։ Միակ բանը, որը կարող է նրան ստիպել շուտ արթնանալ, մայրիկի պատրաստած սուրճն է։ Նա հագնվում է, դուրս գալիս տանից, նստում երթուղային և 45 րոպեից մինչև մեկ ժամ ճանապարհ է գնում դեպի Երևան։
Խնդրեցի պատմել իր մասին, մատը դրեց ճակատին և փորձեց ինչ-որ հետաքրքիր բաներ հիշել։
«Ես մարդ եմ, ով միշտ անում է այն, ինչ ցանկանում է, ինչ իր խելքին փչում է»։
Մասնագիտությամբ ֆինանսիստ է, սակայն նշում է, որ դա իր համար չէր։ Նա մարդ է, ով սիրում է ազատություն, այն էլ մտքի ազատություն։ Տեսակով ու մտքով ազատ Դիանան ուզում էր ընդունվել թատերական, սակայն տանեցիները դեմ են եղել։ Սովորելուն զուգահեռ փորձել է նաև աշխատել մասնագիտությամբ, սակայն հասկացել է, որ առավոտյան գործի գնալն ու վեցին վերջացնելը իրենը չեն։ Ի վերջո որոշել է թողնել համալսարանը, զբաղվել սիրած գործով։ Ինքը չի փոշմանել, տանեցիներն էլ դեմ չեն եղել, վստահել են, ասել՝ դու ավելի լավ գիտես, թե ինչ պետք է անես։
Աղջկա մոտ միշտ իրեն գտնելու փուլն է, նույնսիկ, երբ մասնագիությամբ ձևավորվել է։ Ինքը իրենց չի համարում WOW մասնագետ. միշտ էլ աճելու տեղ կա։ Կրեատիվ մտքերը ծնվում են Դիանայի գլխում. այդպես էլ նա սկսեց զբաղվել Just Girls խանութի SMM-ով։ Տնօրենը՝ Լիլիթն էր սկզբում ուղղություն ցույց տվել, հետո, երբ արդեն մտավ հունի մեջ, հասկացավ, որ նախկինում էլ զբաղվել է այդ գործով, ուղղակի չի հասկացել, որ իր կատարած գործը ունի այդ անունը։
Հոգնել և որոշել է սկսել սովորել նոր մասնագիտություն, քանի որ տեսակով միշտ ինչ-որ նոր բաներ փորձող ու սովորող է, ու կապ չունի, որ արդեն 21 է։ Հիմա սովորում է նկարչություն։ Նպատակը մեկ տարվա ընթացքում ակադեմիական մակարդակի հասնելն է։ Նախկինում փորձել է ինքնուրույն սովորել, սակայն նշում է, որ շատ դժվար է.
-Երբ դու կրեատիվ մարդ ես, քո մտքերը չորս կողմից գալիս են, ու դու գիտես՝ ինչ ես ուզում ստանալ, բայց չես կարողանում, որովհետև հիմքը չունես,- պատմում է Դիանան։
Հոգնել է ոչ միայն աշխատանքից, այլև սոցցանցերից։ Հեռախոսի ու սոցիալական ցանցերի օգտագործումը հասցրել է նվազագույնի. չի սիրում կեղծիքներ, քանի որ ինքը անկեղծ է ոչ միայն կյանքում, այլև սոցիալական ցանցերում։
Մեծացել է գյուղում, որտեղ քիչ էին երեխաները։ Ինքն էլ տեսակով շփվող չի եղել, չէր խաղում երեխաների հետ, չի հիշում, օրինակ, դեպք, երբ խաղալիս իր գնդակը կծակեին ու ինքը սկսկեր լացել։ Իրենց գյուղի տունը երկհարկանի էր, երկրորդ հարկն էլ ամբողջությամբ իրենն էր։ Սենյակներից մեկում հանգստանում, մյուսում՝ քնում, մյուսում էլ նկարում էր։ Բոլորը հիշում են, որ փոքր Դիանան ալբոմն ու մատիտները վերցնում, բարձրանում էր վերև ու նկարում էր։ Հիշում է, որ փոքր ժամանակ, երբ գնում էր տատիկի տուն, բոլոր հարևաններն ուզում էին տանել իրենց տուն, խաղալ իր հետ։ Մեկ էլ շատ էր սիրում, երբ պապիկի հետ հեծանիվով շրջում էին գյուղում։
-Եթե անկեղծ՝ ես էմոցիոնալ եմ, շա՜տ, շա՜տ։ Անցա փողոցով, տեսա պապիկի, որը քայլում էր, կամ տեսա վիրավոր կենդանու. Վերջ, ամբողջ օրը խոսում եմ դրա մասին, լացում եմ։
Դիանայի ընկերուհին՝ Սոնան, ժպիտն աչքերին պատմում է, որ իրենք ծանոթացել են խանութում, երբ իրենց երաժշտական ճաշակները համընկան։ Ընկերուհու դրական խոսքը կարող է կոտրել, ծածկել մնացած բացասականը։
-Երբ ինչ-որ բան Դիանին դուր չի գալիս, ինքը էդ էնքան հավեսով կասի, որ կուզես նորից սխալվես, որ ինքը նորից ասի։
Մարիամն ու Դիանան արդեն հինգ տարի է, ինչ ընկերներ են։ Մարիամի խոսքով՝ իրենք ավելի շատ հարազատներ են դարձել, քան ուղղակի ընկերներ. ասում է՝ եթե կա ընկերոջ չափանիշ, ապա ինքը դրանից բարձր է։ Հազարից մեկ են կոնֆլիկտ ունենում, բայց եթե ունենում են՝ միշտ խոսում են, քննարկում։ Մարիամը խոսում էր, իսկ ընկերուհին շարունակ ժպտում. նրա կարմրավուն այտերին փայլում էին ժպիտից առաջացող փոսիկները։
Դիանային աշխատանքի վերջում արդեն սպասում է Մարիամը։ Ամեն օր իրար հետ գնում են մետրո, հասնում Սասունցի Դավիթ կայարան։ Մարիամը ամեն օր սպասում է, մինչև Դիանան կուղևորվի տուն։ Ճանապարհում է ու հետո գնում։ Նորից 45 րոպեից մինչև մեկ ժամ ճանապարհ է սպասվում։ Ու այսպես ամեն օր։
Ռուզաննա Ստեփանյան
2-րդ կուրս