Այսուհետ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները կունենան պրակտիկումի հնարավորություն։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ պրակտիկումը պետք է տևի երեք կիսամյակ և ամփոփվի վերջնական պրակտիկայով՝ արդեն 4-րդ կուրսում։ Նաղաշ Մարտիրոսյանը, դիմելով ուսանողներին, ասաց. «Դուք ունենալու եք ֆակուլտետից ղեկավարներ, գնահատականներ եք ստանալու ձեր հաճախումների, պատրաստած նյութերի համար, որն էլ մեծապես ազդելու է ՄՈԳ-ի ձևավորման վրա»:
Սա մոդուլ դասընթաց է, որի ընթացքում ապագա լրագրողները կլինեն տարբեր լրատվամիջոցներում և կմասնակցեն խմբագրության աշխատանքներին։ Ծրագիրն իրականացվում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և մի շարք լրատվամիջոցների համագործակցությամբ։ Առաջին կիսամյակում ուսանողները կայցելեն ռադիոընկերություններ, առցանց լրատվամիջոցներ ու գործակալություններ, օրինակ՝ «Հանրային ռադիո», «Լրատվական ռադիո», «Ազատություն» ռադիոկայան, Aravot.am` առցանց «Առավոտ» և այլն։
Մինչ այս նախաձեռնության մեկնարկը, ուսանողները դժգոհում էին, թե տեսական գիտելիքները միայն լսարանում կիրառելը բավարար չէ: Ուսանողուհի Անահիտ Նահապետյանը վստահ է, որ սա լավ հնարավորություն է: Նա այս առիթով նշեց. «Միանգամից կմտնենք հունի մեջ. ես գոհ եմ ու շատ մեծ հույսեր ունեմ»։
Էմիլյա Հոսյան
3-րդ կուրս