Ապօրինի որոշումներ կայացրած դատավորների լիազորությունները կկասեցվե՞ն. 15 տարվա վաղեմության ՄԻԵԴ վճիռները կուսումնասիրվեն

558

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները դատավորի լիազորությունների կասեցման հիմք կհանդիսանան: Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով հնարավոր կլինի ուսումնասիրել 15 տարի վաղեմությամբ ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի դեմ կայացրած վճիռները: Խոսքն այն որոշումների մասին է, որոնցում արձանագրվել է դատավորի կողմից միտումնավոր կամ կոպիտ անփութությամբ խախտում: Իսկ այդ հիմքով կարգապահական վարույթ հնարավոր կլինի հարուցել այն հայտնաբերելուց հետո 1 տարվա ընթացքում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի խոսքով՝ այն դատավորները, որոնց պատճառով տեղի է ունեցել մարդու իրավունքների խախտում, կարողացել են խուսափել կարգապահական վարույթի շրջանակում իրենց վերաբերելի գործերի քննությունից, իսկ ներկայացված նախագիծը հնարավորություն կտա պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների խախտում իրականացրած դատավորներին:

Տարիներ շարունակ ՄԻԵԴ-ի վճիռներով ֆինանսական փոխահատուցում է տրամադրվել քաղաքացիներին։ Նրանց խախտված իրավունքների համար պետությունը բյուջեից մեծ գումարներ է ծախսել։ Առաջարկվող նախագծով, սակայն, ապօրինություն թույլ տված դատավորներից հօգուտ պետության գումար չի բռնագանձվի։ Գրիգոր Մինասյանի խոսքով՝ նման փոփոխություն այս նախագիծը չի ներառում։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հավաստմամբ՝ եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր  որոշման մեջ արձանագրում է, որ օրենսդրական բացով չի պայմանավորված իրավունքի խախտումը, այլ դատավորի կանխակալ կամ գիտակցված գործողության պատճառով, ապա դա հիմք է դատավորի նկատմամբ դատավարական վարույթ կիրառելու համար:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով՝ օրենսդրական այս փոփոխությունը զսպիչ ուժ չի ունենա, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանից Հայաստանի դեմ վճիռներ հետագայում էլ կլինեն:

Նշենք, որ մինչև այժմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ կայացրել է շուրջ 170 վճիռ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/527987.html

© factor.am

Կիսվել