Հանրապետության 37․ անկախության սկզբնակետը՝ սննդի կետ

Հանրապետության 37․ անկախության սկզբնակետը՝ սննդի կետ

861

«Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն». 31 տարի առաջ Արամ Մանուկյանի  այս խոսքերով 213 կողմ, 0 դեմ ու ձեռնպահով միասնական պատմական որոշում կայացվեց` անկախությունն ընտրել որպես երկրի հետագա զարգացման ուղի:

Որոշումը հնչեց հանրապետության 37 հասցեից։   Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ՝ փողոցն ի սկզբանե կոչվել է Նահանգային (Գուբերնսկայա), քանի որ այստեղ էին գտնվում նահանգապետի նստավայրը և նահանգային գործադիր վարչության շենքը: Առաջին հանրապետության օրոք փողոցն անվանափոխվեց և դարձավ Հանրապետության փողոց: Խորհրդային կարգերի հաստատումից հետո այն վերանվանվեց Լենինի, իսկ 1953-ից սկսեց կրել հեղափոխական Ստեփան Ալավերդյանի անունը:  

Անկախության վերականգնումից հետո փողոցին վերադարձվեց նախկին անվանումը՝ Հանրապետության՝ ի պատիվ ընթերցված հռչակագրի։ Հանրապետության փողոցը մինչխորհրդային Երևանի ամենաերկար և կարևոր փողոցներից էր համարվում. այն ներառում էր նաև ներկայիս Մհեր Մկրտչյանի փողոցը և ձգվում էր մինչև Անգլիական այգի:  Այս շենքում են գործել Առաջին հանրապետության բոլոր կառավարությունները և չորս վարչապետները՝ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Համո Օհանջանյանը և Սիմոն Վրացյանը: 2006-2010 թթ. շենքի և՛ պատմական հատվածը, և՛ կից կառույցը ներսից հիմնովին վերակառուցվում է, և շենքի արտաքին տեսքը ամբողջությամբ պահպանելով՝ ավելացվում են վերնահարկեր:

Այսօր հին Երևանի ամենանշանավոր կառույցներից մեկը ծառայում է որպես բիզնեսկենտրոն, որի մեծ հատվածը զբաղեցնում է «Տաշիր պիցցա» ցանցի պիցցերիաներից մեկը։ «Նշանավոր շենք է։ Այդ մեծ արժեքը՝ որպես հզոր պատմական կառույց, որտեղ հնչեցվել է հայ ժողովրդի անկախության կարևորագույն հռչակագիրը,  այսօր պետք է ավելի արժևորվեր ու ծառայեր այլ նպատակով, քան այժմ է»,- մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց պատմաբան Անահիտ Մնացականյանը։   

Այն հարցին, թե արդյոք արդարացված են համարում իրենց կազմակերպության գործունեությունն այս շենքում, այստեղ գործող բիզնեսկենտրոնի աշխատակից Զարուհի Սիմոնյանը պատասխանեց. «Ընկերությունը, որտեղ ես աշխատում եմ, զբաղվում է խորհրդատվական գործունեությամբ, որը նպաստում է Հայաստանի զարգացմանը: Մենք մասնակից ենք Հայաստանի համար կարևոր ոլորտային ռազմավարությունների մշակմանը, ինչպես նաև մեր խորհրդատվական ծառայություններն օգնում են հայկական բիզնեսին զարգանալ՝ զարգացնելով տնտեսությունը: Այդ տեսանկյունից կարծում եմ, որ շենքում մեր գտնվելն ինչ-որ չափով արդարացված է: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ արագ սննդի ցանցի ներկայությունը շենքում արդարացված չէ և՛ վիզուալ, և՛ գաղափարական տեսանկյունից: Նաև ամեն օր տեսնում եմ, թե ինչքան հետաքրքրված են զբոսաշրջիկները Հանրապետության փողոցի վրա գտնվող պատմական շենքերով: Կարծում եմ՝ քաղաքի այդ հատվածն ունի չօգտագործված մեծ պոտենցիալ»:

Պատմական շենքն այսօր էլ իր արտաքին տեսքով Հին Երևանի գլխավոր վկաներից մեկն է։

Հռիփսիմե Ավագյան

2-րդ կուրս

Կիսվել