Լույս է տեսել Մարկուս Զուսակի «Գրքի գողը» վեպի հայերեն տարբերակը

Լույս է տեսել Մարկուս Զուսակի «Գրքի գողը» վեպի հայերեն տարբերակը

479

Հոկտեմբերի 2-ին  «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Մարկուս Զուսակի «Գրքի գողը» վեպի շնորհանդեսը: Առաջին անգամ գրքի հայերեն թարգմանությունը լույս է տեսել թարգմանչուհի, բանաստեղծուհի  Անահիտ Ղազախեցյանի կողմից 2022 թվականին:

Գրքում դեպքերը զարգանում են նացիստական Գերմանիայում: Գլխավոր հերոսուհին փոքրիկ 9-ամյա Լիզել Մեմինգերն է, ով դաժան ճակատագիր է ունեցել:  Չնայած այդ ամենին՝ գիրք ընթերցելը աղջկա համար ավելի մեծ նշանակություն ունի, այն սնում են Լիզելի հոգին, նրան սնունդ են տալիս։

«Սկզբում ընթերցողի համար անհասկանալի է, թե ով է պատմող կերպարը, որովհետև հեղինակն այնպես է Մահն անձնավորել, որ հասկանալը դժվար է: Կերպարն  այնքան լավ է պատմում, որ կարդալիս մարմնովդ սարսուռ է անցնում, երբ իմանում ես, որ պատմողը մարդ չէ, այլ Մահն է»,-իր խոսքում  նշեց բանախոսը:

Շարունակելով բանախոսի խոսքը՝  թարգմանչուհին ավելացրեց. «Վեպում մենք տեսնում ենք  գիրք այրելու տեսարաններ: Հիշատակվում է մարդկանց մասին, ովքեր գիշերները թաքուն մոտենում էին խարույկին, խարույկի միջից, ձեռքերը այրելով, հանում էին  մոխրի տակ մնացած կիսակարգին  կտորներն  ու դնում էին իրենց ծոցագրպաններում, որովհետև ասվում է,  որ այնտեղ, որտեղ  այրում ենք գրքերը, կայրեն նաև մարդկանց, ու այս ամենը կատարյալ ճշմարտություն է»:

Շնորհանդեսի վերջում ներկաներից մեկը մեզ հետ զրույցում նշեց. ««Գրքի գողը» վերնագիրը ինձ հետաքրքիր թվաց, այդ իսկ պատճառով հիմա այստեղ եմ:  Բանախոսի և թարգմանչուհու խոսքերը լսելուց հետո էլ ավելի սկսեցի հետաքրքրվել գրքով: Իսկ վեպում ամենահետաքրքիրն ու գրավիչը այն էր, որ այնտեղ խոսվում էր նաև ֆաշիզմից, ու ֆաշիզմը  ներկայացված էր այն կողմերից, որը մեզ հայտնի չէ»:

Հավելենք, որ գիրքը հայտնվել է Նյու Յորք Թայմսի ամենաշատ վաճառված գրքերի ցանկում ավելի քան 230 շաբաթ, իսկ  համանուն ֆիլմը էկրանավորվել է 2013 թվականին Բրայան Պերսիվալի կողմից։

Անի Ստեփանյան

2-րդ կուրս

Կիսվել