Աղավնո. վերջին հրաժեշտ

Աղավնո. վերջին հրաժեշտ

606

Աղավնո, 15 օգոստոսի, 2022 թ.

-Տան իրերը տեղափոխելուց հետո մի լավ մաքրել եմ տները, ավլել բակն ու փողոցը, որ թուրքերը չմտածեն, թե հայերը մաքուր չեն։ 

Պատին կախված Աստվածամոր նկարը մի քիչ ծռվել էր, տանտիրուհին ուղղեց և սկսեց գրքերը տեղավորել տուփերի մեջ։

-Ժամանակին առել դրել ենք, երբեք չենք մտածել, որ կգա ժամանակ, երբ պետք է ընտրենք, ինչ հանենք տանից, ինչ` ոչ։ Հագուստներից մի որոշ բան կթողնեմ, բայց երեխեքի գրքերը տանում եմ։

-Հարուստ գրադարան ունեք։

-Մենք տեղով հարուստ ենք, և՛ հոգով, և՛ գիտելիքով, և՛ մտքով ու բնությամբ. վատ չենք ապրել, չարչարվել ենք ու ստեղծել ամեն ինչ։ 

-Սարդարապա՞տն է,-գետնից վերցնում եմ։

-Այո՛, երեկ նորից սկսեցի կարդալ։ Ուզում եմ հասկանալ, թե իրենք ի՞նչ արեցին, որ մենք չենք կարողանում անել։ 

-Ժամանակները տարբեր են։

-Ժամանակները` այո, նպատակն է նույնը, ուստի ցանկությունն էլ նույնը պետք է լինի։ 

-Գյուղում շատ լավ մարդիկ կան, կհամախմբվեն։

-Չեն հանախմբվի, արդեն մեզ ծրագրավորել են, տարանջատել արցախցի, հայաստանցի ու սփյուռք։ Արցախը վահանի պես պատնեշ է, միշտ էդպես է եղել։ Հայաստանը իր օրենքով ու հարմար աշխարհագրական դիրքով ապրում է, իսկ սփյուռքից միայն գումար է պետք, գումարի համար են էդքան մեծարում։ Մեզ այդպես են սնել թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ համացանցով, որ մենք երեքս ատում ենք իրար առանց պատճառի։ Էլ համախմբվել չի լինի երբեք, մեզ ներսից ցեցի պես քանդել են։

-Բայց բոլորը չեն էդպես։

-Բոլորի հերթը կգա։ Մի օր, երբ բոլորը ստիպված իրենց տան իրերը հավաքեն, կմտածեն ու կգան նույն եզրահանգմանը, ինչ ես։ 

-Ուզո՞ւմ եք պատի նկարը տամ։

-Չէ, դա հանելու եմ 24 ին, երբ ես դուրս գամ, հետս տանելու եմ։ Սնահավատ չեմ. նկարը առաջին բանն է, որ մտել է այս տուն, վերջինն էլ պետք է դուրս գա,-ասում ու ձեռքի շորով մաքրում է նկարի փոշին, շորի մի ծայրով էլ` աչքերը։ 

Տան շեմին նոր լվացած լաթի կտոր է, դասավորված արկղեր, բակում քամու թևին խաղացող լվացքի պարանին հագուստներ։ 

Ինչքա՜ն գեղեցիկ է փռած լվացքը` փոքրից մեծ, հավասար, որպեսզի մեկը մյուսի արևը չփակի ու չորանան։ Նույնպիսի դասավորություն ունի նաև Արցախ, Հայաստան, Սփյուռքը` փոքրից մեծ, որպեսզի իրար Արև չփակեն և ապրե՜ն։ Բայց քամին ամեն տեղ քամի է, և՛ լվացքն է խառնում իրար, և՛ մարդկանց ու աշխարհներին, և՛ Աղավնոյի փողոցում վազող աղջկա մազերը.

-Անունդ ի՞նչ է։

-Անի,-ասում է ու գնում։

Մերի Գևորգյան

2-րդ կուրս

Կիսվել