ՄԱՐԴ-ԲՆՈՒԹՅՈՒՆ․ ՈՒՐԱԽ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԴ-ԲՆՈՒԹՅՈՒՆ․ ՈՒՐԱԽ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2518

Սիրահարների այգին վերածվել էր քայլող բնության․ «Բնասիրական դիմակահանդեսն» էր։

Միջոցառման մասնակից երեխաները ընտրել էին տարբեր կենդանիների, բնությանը վերաբերող հանդերձանքներ։

-Բնություն քարոզելու լավագույն նպատակը ուրախ, զվարթ միջոցառում մտածելն էր, որը կգրավեր  և՛ երեխաներին, և՛ մեծերին,- ասաց միջոցառման կազմակերպիչներից Կարինե Փանոսյանը։

Երեխաները պատրաստել էին տարբեր բեմականացումներ, պարեր, երգեր, տեղում հնարավորություն ունեին նաև նկարելու։

Կազմակերպիչներն էին Պատանեկության ստեղծագործական կենտրոնը և «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական ընկերությունը։

«Առիթ չկար, պարզապես պետք էր միջոցառում, որն իր մեջ կներառեր այն ամենը, ինչը և՛ քարոզ է, և՛ կրթություն, և՛ ժամանց։  Մեր երկրում տոները պակասել են՝ ի հաշիվ մոռացված ու մոռացվող ազգային-ավանդական միջոցառումների, ուստի մի բան էր պետք, որ լցվի  մեր երեխաների օրը և երկարատև տպավորություններ ապահովի նրանց համար, նաև հնարավորություն տա ամեն տարի սպասելու և պատրաստվելու»,- նշեց Կարինե Փանոսյանը։

Այս ծրագիրը իրագործվում է արդեն երեք տարի։ Նախորդ տարի դիմակահանդեսի թեման կարմիրգրքային կենդանիներն էին, այս տարի՝ Ծիածանը, որը խորհրդանշում էր լինել բարի և հոգատար բնության ու կենդանիների նկատմամբ։

Ինչպես նշեց բնասեր, բնապահպան Կարինե Փանոսյանը, միջոցառման մասնակիցները տարեցտարի ավելանում են։

Նախագիծը իրագործվում է տարբեր  հաստատությունների համագործակցությամբ։ Այս տարի միացել էին «Տաթև» դպրոցը և Ողջաբերդի դպրոցը։

«Մենք միշտ համագործակցում ենք այն բոլոր կազմակերպությունների հետ, որոնք կապ ունեն միջոցառման թեմայի և երեխաների կրթության հետ։ Համագործակից հաստատությունները՝  լինեն մշակույթի կենտրոններ, հանրակրթական դպրոցներ, ընտրում ենք ոչ պատահականորեն»,- նշեցին կազմակերպիչները։

Այդ նպատակով անցկացվում են բնասիրական ինտերակտիվ դասընթացներ։

Այս տարվա համագործակից «Տաթև» դպրոցի սաները ընտրել էին հետևյալ խորհրդանիշը՝ «Բարությունը տնկել իբրև բնության ծաղիկ»։

«Նախանձախնդիր ենք բնապահպանական խնդիրներին և պարբերաբար մասնակցում ենք նման ձեռնարկների։ Տեսական գիտելիքները զուգակցում ենք գործնական հմտությունների ձևավորմամբ»,- ասաց դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը։

Նրանք հանդես եկան  վերամշակված թափոններից պատրաստված  թեմատիկ հանդերձներով և էկոլոգիապես մաքուր  պարկերով։

«Աշխատում ենք թափոնները նպատակային օգտագործել։Պատրաստաված տոպրակները  պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարի շրջանակներում ենք իրագործել։Կարծում ենք, որ երեխաները մեծ  սիրով ու ոգևորությամբ կօգտագործեն այդ պայուսակները, որոնք շատ ավելի գեղեցիկ են ու հարմար»,- նշեց տկին Պետրոսյանը։

Պոլիէթիլենային տոպրակներից պատրաստված գունագեղ կիսաշրջազգեստների հեղինակը դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչուհի Արմինե Թախմասյանն է, որի գաղափարները կյանքի են կոչվել տաթևցիների օգնությամբ։

«Բնասիրական դիմակահանդեսին» ներկա էր նաև կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո» կազմակերպությունը, որը արդեն հասցրել էր արդեն մի քանի շան տալ որդեգրման։

Միջացառման վերջում անցկացվեց բնապահպանական թեմայով վիկտորինա, որին մասնակցեցին դպորցականները՝ ցույց տալով իրենց գիտելիքները բնության և կենդանիների մասին։

«Մյուս տարվա թեման դեռ կմտածենք»,- նշեց Կարինե Փանոսյանը։

 

Լուսանկարները՝ econews.am-ից

 

Գայանե Պողոսյան

3-րդ կուրս                                                                                 

Կիսվել