Ես մարդ-մտածող ու մարդ-բանական եմ. Տաթևիկ Դեբենց

Ես մարդ-մտածող ու մարդ-բանական եմ. Տաթևիկ Դեբենց

777

16-ամյա Տաթևիկն է, ով սիրում է նայել մարդկանց դեմքերին ու պատմություններ հորինել։ Խնդրեցի նկարագրել իրեն, կարճ պատասխանեց՝ մարդ-մտածող ու մարդ-բանական։

Տաթևիկը «Աչքերիդ մեջ» գրքի հեղինակն է։ Ստեղծագործել սկսել է ինը տարեկանից։

«Թերահավատ հայացքներով մարդիկ նայում են ինձ, երբ ասում եմ, թե ստեղծագործել սկսել եմ ինը տարեկանից։ Ի՞նչ արած. իրականությունը դա է»,- նշում է նա։

«Աչքերիդ մեջ»-ը ժողովածու է, հեղինակի խոսքով այն ամփոփում է դեռահաս աղջկա մտքերը այն ամենի շուրջ, ինչը  երևում է աչքերի մեջ։

Տաթևիկը գրքի մասին խոսում է հուզված, բայց միևնույն ժամանակ՝ հիացմունքով։

«Ինչպես ընթերցողներս են հաճախ նշում՝ կարդալու ընթացքում սկսում են ավելի խորը նայել այն ամենին, ինչ կատարվում է իրենց շուրջ։ Միգուցե այն պատճառով, որ հերոսները և անգամ քնարական գործերը ինչ-որ չափով իրական են և, միևնույն ժամանակ, զուգահեռ իրականություն են ստեղծում, որտեղ բոլորն ուզում են սիրված լինել և հանգիստ տեղավորվել այս փոքրիկ աշխարհի ափի մեջ»:

Պատմեց նաև իր գրական անվան մասին։ Տաթևիկ Իսրայելյանը ընթերցողներին հայնտի է որպես Տաթևիկ Դեբենց։  

«Ինձ ասել են, թե շատ տարիներ առաջ, դեռ 1930-ական թվականներին մի գրող է եղել՝ Ավետիս Դեբենց։ Նաև ասել են, թե նա իմ մեծ տատի եղբայրն է։ Ես էլ հավատացել եմ։ Դեբենցը զոհվեց Մեծ հայրենական պատերազմում ՝ դարձյալ շատ տարիներ առաջ։ Եվ շատ տարիներ հետո, երբ գրում էի, որոշեցի, որ ես եմ Դեբենցը՝ Դեբեդ գետի ձախ ափին ծնված մի երիտասարդի ժառանգը»:

Տաթևիկն ամեն անգամ դժվարության հանդիպելիս ինքն իրեն  խոստացավ հաջորդ անգամ ավելի քիչ նվնվալ, որովհետև իր գրականությունը նվնվոցներ չի սիրում։

Իսկ վերջում հավելեց՝ «Մի վախեցեք մեծ լինելուց, լույս եղեք ինչ-որ մեկի աչքերի մեջ»:

Լիլիթ Դուրյան

2-րդ կուրս

Կիսվել