Հավերժացնելու միակ տարբերակը սերն է․ լույս է տեսել «Արմեն» կինովիպակը

Հավերժացնելու միակ տարբերակը սերն է․ լույս է տեսել «Արմեն» կինովիպակը

888

Երիտասարդ ռեժիսոր և գրող Նարեկ Մանուչարյանն ընթերցողի դատին է հանձնել «Արմեն» կինովիպակը, որի շնորհանդեսը կայացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

Հեղինակի բնորոշմամբ՝ «Արմեն»-ը Արցախյան հերոսամարտերում գտած ու կորցրած սերերի մասին է, սիրելիի սրտում հավերժ ապրելու և մահվան շեմին անգամ անմնացորդ սիրահարվելու։

Հերոսներն անկախ իրենց բնագծերից ու մարդկային որակներից, ունեն մեկ ընդհանրություն՝ նրանք սիրել կարողացող մարդիկ են, և յուրաքանչյուրն իր հարթության ու հարաբերությունների մեջ սեփական կռիվը սիրով է պսակում։

«Ես չեմ գրել պատերազմի մասին, ես գրել եմ սիրո մասին, որի համար պատերազմում են: «Արմենը» այն սիրո մասին է, որը մեր ներսում ծնվելով՝ մեզանից երկար պիտի ապրի։ Հիմա նոր եմ հասկանում Արցախի սիմվոլ հուշարձանի իմաստը․ չլքող սիրո մասին է այն, այն չլքողների, որոնք պիտի սիրեն Դեդոյի ու Բաբոյի պես հողին կպած, թեկուզ արկերի տակ, վիրավոր, կյանքի համար պայքար մղելով, բայց միասին»,- ասել է Նարեկը։

Լուսանկարը՝ Սյունե Կիրակոսյանի

Գրքի խմբագիրը՝ արձակագիր, սցենարիստ Արմինե Բոյաջյանն ասել է, որ հեղինակի մասնագիտությունը (ռեժիսոր) օգնել է նրան դետալային կերպով` խոշորացույցի տակ, տեսնել դեպքերը, մարդկանց ներաշխարհը, նույնիսկ՝ արտաքին միջավայրը։

«Այստեղ յուրաքանչյուր նկարագրություն ունի հստակ նպատակ և ասելիք։ Սա ինքնատիպ հիշատակի տուրք է բոլոր Արմեններին, որոնք այլևս երկնքից են և երկնքի համար։ Այս գիրքը վաստակել է ձեր պահարանում գտնվելու իրավունքը։ Սա բոլորիս ապրումների համագումարն է՝ գրի լույսի ներքո»,- ասել է Արմինե Բոյաջյանը։

Ասպրամ Համբարձումյան, Սյունե Կիրակոսյան

2-րդ կուրս

Կիսվել