Հայոց արժեհամակարգի պահապանները Արևահովիտում

Հայոց արժեհամակարգի պահապանները Արևահովիտում

607

«Հայկականի և հայ արժեքների պահպանումը ու տարածումը ներկայումս ամենակարևորն է յուրաքանչյուր արժանապատիվ հայի համար»,- նշում է Արևահովիտի համահիմնադիր  Վանո Դադոյանը։

Արևահովիտը հայոց արժեհամակարգային միասնականության հարթակ է, որը գործում է շուրջ երկու տարի։

Հարթակի ստեղծման և գործունեության ծավալման հիմնական  նպատակը հայ արժեհամակարգի պահմանումն է, Հայաստանի ու արտերկրի հայության խնդիրների գնահատման և մի շարք այլ ոլորտների ուսումնասիրության և  քայլերի ձեռնարկման միջոցով։

Համահիմնադիրներից են նաև Կենաց տուն մշակութային ՀԿ-ի հիմնադիր Լալա Մնեյանը, գրականագետ Վահագն Ղուշչյանը և ուրիշներ։

Լալա Մնեյանի խոսքով՝ սա հարթակ է, որը տրամադրվում է Հայաստանի ապագայի մասին մտահոգ, կարող և աջակցության պատրաստ անհատների, կազմակերպությունների պարզապես ազատ խոսելու, քննարկելու, իրավիճակի վերաբերյալ գնահատականներ տալու և լուծումներ առաջարկելու համար։

«Հայաստանի ներկայիս անկայուն և պատերազմական վիճակը, ներքաղաքական լարված միջավայրը պահանջում են հայության մտավոր ողջ ներուժի, ռեսուրսների, հնարավորությունների շտապ միավորում և գործողությունների համակարգում»,-նշում է Լալա Մնեյանը։

Արևահովիտն ունի բազմազան ձևաչափ և բազում գործառույթներ։ Հարթակում կազմակերպվում են թեմատիկ կոնֆերանսներ, աշխատանքային խմբերի քննարկումներ, սեմինարներ, հանդիպումներ բոլոր այն ուժերի ներկայացուցիչների  հետ, որոնց հուզում է երկրի ու հայության ապագան։

Վանո Դադոյանն ընդգծում է, որ իրենց համար առաջնահերթություն է հայի ինքնության  և իրական կերպարի լուսաբանման շնորհիվ հայության բարոյահոգեբանական մթնոլորտի բարձրացումը և միասնականության գաղափարի կարևորության գիտակցումը։

«Արևահովիտը փոքրիկ ընտանիք է, որը միշտ իր դռներն է բացում  երկրի և ժողովրդի ճակատագրի համար մտահոգ յուրաքանչյուր հայի համար՝ այս օրինակով ցույց տալով միանության և հայրենասիրության դրսևորման իր ուղին»,- փաստում են հիմնադիրները։

Սրբուհի Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել