Հայաստանի տարբեր մարզերի փոքր գյուղերում տարեցտարի դպրոց հաճախող երեխաների քանակը նվազում է, արդյունքում տուժում են գյուղերի և՛ երեխաները, և՛ ուսուցիչները, նրանց հիմնական դժգոհություններից մեկը «կոմպլեկտավորված» դասարաններն են։ Աշակերտների քիչ լինելու պատճառով դասաժամերն անցկացվում են միասին, որն էլ խնդիրներ է առաջացնում հատկապես ուսուցիչների մոտ։
Արագածոտն մարզի Պարտիզակ գյուղի միջնակարգ դպրոցը երկար ժամանակ է կանգնած է այս խնդրի առաջ։ «Համայնքը փոքր է, երեխաները՝ քիչ, դպրոցում դասերն անցկացվում են «կոմպլեկտավորված»՝ երկու դասարաններ միասին։ Սա, իհարկե, ոչ նախընտրելի է, բայց այլ տարբերակ այս պահին չունենք»,- ասում է դպրոցի տնօրենը։
Ուսուցիչները միաբերան նշում են․ «Այս կերպ աշխատելը միանշանակ ազդում է դասապրոցեսի արդյունավետության վրա, 45 րոպեում անհնար է և՛ երեխաներին դաս հարցնել, և՛ նոր դաս բացատրել, ամեն դասի անպայմանորեն մի դասարան տուժում է, կարգապահությունը պահելը ևս մեծ խնդիր է, քանի որ երեխաները շուտ են ձանձրանում և նրանց հետ մշտական աշխատել է պետք»։
Հատկապես բնագիտական առարկաների ուսուցիչները դժգոհում են, որ անհնար է դառնում դասն անցկացնել ըստ տրված ծրագրի, և ստիպված են լինում հնարավորինս արագ անցնել թեմաները, քննական 4-րդ և 9-րդ դասարաններում բարդ է աշակերտներին լավ պատրաստել քննություններին․ արդյունքում տուժում է մյուս դասարանը։
11-րդ դասարանում սովորող Մարիամը, ով սովորում է գերազանց առաջադիմությամբ, պատմում է․ «Փոքր տարիքում ինձ շատ էր խանգարում, երբ դասարանում բացի մեզնից սովորում էին բարձր դասարանների աշակերտները, ես միշտ դժգոհում է մեզ հատկացվող քիչ ժամանակի համար, բայց հիմա արդեն հարմարվել եմ, և դա ինձ այլևս չի խանգարում։ Մտածում եմ, որ եթե աշակերտը ցանկանա, այդպես էլ կկարողանա արդյունք ունենալ, բայց, ամեն դեպքում, կան երեխաներ, որոնց առանձնակի պարտադրություն է հարկավոր»։
Հատկապես տարրական դասարանների աշակերտների ծնողները և դասվարները ևս գոհ չեն բազմահամակազմ կրթությունից․ «Երեխաներին այս փոքր տարիքում հատուկ ուշադրություն է պետք, մեկ րոպե ազատ մնացին՝ կանցնեն խաղով և կմոռանան դասի մասին, գոնե այս տարիքում «կոմպլեկտ» դասարաններ չպիտի լինեն»,- միաբերան պնդում են նրանք։
Բազում այսպիսի բողոքների և պահանջների արդյունքում ԿԳՄՍ նախարարությունը հուլիսին ներկայացրել է նախագիծ՝ ըստ որի բազմահամակազմ կրթությունը կգործի միայն արհեստ, արվեստ և ֆիզիկական կրթության բնագավառների համար, մյուսների համար կգործի առանձնացված կրթություն։ Առաջարկվող կարգավորմամբ այս դասարաններում դասավանդող ուսուցիչների աշխատավարձերը ևս կվերանայվեն։
Սրբուհի Սարգսյան
2-րդ կուրս