«Բա էսքան բերքն ու՞մ թողնեմ»․․․

«Բա էսքան բերքն ու՞մ թողնեմ»․․․

712

Մինչ աշխարհում հողի ու տարածքի կռիվ է, Հալիձորում մարդիկ արարում են:

Ամեն հոկտեմբեր ամսվա սկզբին պապս խաղողաքաղի պատրաստություն է տեսնում: Խաղողի այգին գտնվում է գյուղից ներքև՝ ձորի մեջ: Այգեգործական մեքենայով ձորն իջնելիս ուժեղ ցնցումների ես ենթարկվում. ճանապարհը քարքարոտ է։

Գյուղում շատերն են խաղող աճեցնում, բայց ոչ բոլորն են զբաղվում գինեգործությամբ։

Մեր այգում պապս 15-20 տարի առաջ է խաղող տնկել, որի հիմնական նպատակը դրանից գինի ստանալն է։ Պապիս ասելով՝ այգին ամեն տարի միջինում 10-12 տարա խաղող է տալիս, որից էլ ստացվում է ամենաքիչը 1 տոննա գինի։ Ամենանպաստավոր տարում այգին տվել է 17 տարա խաղող, որից էլ ստացվել է 1.5 տոննա գինի։

Պապիս խոսքով՝ գինի կարող ես խմել խաղողաքաղից 10-15 օր հետո. մեկ օր խաղող են քաղում, մեկ օր սպասում են՝ խաղողը «թուլանա», հետո տաշտի մեջ ճզմում են, լցնում տարաների մեջ, և մի քանի օրից արդեն քաղցրահամ մաճառը դառնում է գինի։ Ապա կաշեփողի միջոցով գինին տարաներից տեղափոխում են այլ տարայի մեջ, սպասում այնքան, մինչև գինին «հանգստանա», և վերջապես տեղափոխում են տակառների մեջ։ Իսկ թե որն է այդքան գինի պատրաստելու գլխավոր նպատակը, պապս կես կատակ, կես լուրջ պատասխանում է. «Սրան-նրան լավություն անելը»։

Գինին պատրաստելուց հետո մառան մտնողն առանց գինին փորձելու հարբում է. գինու հոտը երկար ժամանակ մնում է տարածքում, և փողոցով անցնողն արդեն պլանավորում է մոտակա օրերը մեզ հյուր գալ։

Մեր այգում պապս երկու տեսակ խաղող է աճեցնում՝ «մուսկատ» և «մոլդովական» («մոլդովանկա»)։ Մարկանց մեծամասնությունը նախընտրում է «մուսկատ» խաղողի գինին։ Պապիս ասելով՝ դա հատուկ տեսակ է, որովհետև ունի բուժիչ հատկություններ։ Սակայն մենք նախընտրում ենք «մոլդովական» խաղողի գինին. այն յուրահատուկ համ ունի։

Պապիս գինու համը զգացել են նաև արտերկրում ապրող ծանոթ ու անծանոթ մարդիկ, և չկա մեկը, որ մեկ անգամ խմելուց հետո երկրորդ անգամ չցանկանա խմել։

Խաղողաքաղը  մեր ընտանիքում կարևոր իրադարձություն է, և ոչինչ չի կարող խանգարել դրա՝ ժամանակին իրականացնելուն։ Նույնիսկ 2020 թվականին, երբ նոր էր սկսվել պատերազմը, մենք, չնայելով ձորից լսվող արկերի ձայներին, իջանք խաղողի այգին։ Այդ ժամանակ ավելի բարձր պատասխանատվությամբ էինք մեր գործն անում, քան նախորդ տարիներին, որովհետև ամեն մեկը չէ, որ սարսափում և փախչում է։ Ոմանք մնում և մաքառում են։ Իր ապրած 76 տարիների ընթացքում պապս մի քանի անգամ պատերազմ է տեսել, բայց երբեք հեռանալու միտք չի ունեցել, ասում է՝ ինչքան մենք գնանք, թուրքն այնքան առաջ կգա։ Նույնիսկ գյուղից հեռանալը նրան անիրական է թվում, իսկ երկրից գնալու մասին իր մոտ խոսելիս ծիծաղում է. «Բա էսքան բերքն ու՞մ թողնեմ»։

Մեկ օրում քաղած խաղողը մի ամբողջ տարի ծառայում է մեր տան մոտով անցնող-գնացողներին, բարեկամներին ու հարազատներին, հյուրերին ու բոլոր նրանց, ովքեր մեր ընտանիքի հետ թեկուզ չնչին առնչություն ունեն։

Շուշան Ասրյան

2-րդ կուրս

Կիսվել