Հրաչ Կոզիբեյոքյան. Գորգագործությունը լեզու է` խոսուն զարդանախշերով

Հրաչ Կոզիբեյոքյան. Գորգագործությունը լեզու է` խոսուն զարդանախշերով

626

Գորգագործությունը զարգացած է եղել վաղ ժամանակներից, իսկ ամենից հին նմուշը հայտնաբերվել է Ալթայի Պազիրիկ գյուղի դամբարաններից մեկում։

Ամերիկահայ գորգագետ, Հայկական գորգերի ընկերակցության նախագահ Հրաչ Կոզիբեյոքյանը Երևանում ներկայացրել է այդ նմուշը՝ օրերս կայացած «Հայկական գորգագործության ամփոփ պատմությունը» թեմայով հանդիպման ընթացքում։

Նա պատմել է, որ ժամանակին ավազակներն անընդհատ փորում էին գերեզմանները` հարստություն գտնելու ակնկալիքով: Ավարառություններից մեկի ժամանակ էլ այս գորգը, չհամարելով արժեքավոր իր, չեն վերցրել: Դամբարանի մի մասը բաց է մնացել և ամբողջությամբ լցվել ջրով։ Գորգը, հարյուրավոր տարիներ սառած վիճակում մնալով, փրկվել է, իսկ սառույցից դուրս մնացած փոքրիկ հատվածը՝ փտել։

«Բարեբախտաբար, գորգի նմուշն այսօր հնարավորություն է տալիս նշանագրերի միջոցով հասկանալ, թե այն որտեղ է պատրաստվել և որ ժամանակաշրջանի է։ Զարդանախշերն իրականում նշանագրեր են, որոնք գորգերի միջոցով թույլ են տալիս կարդալ մեր նախնիների կողմից սերունդներին հղված օրենքներն ու պատգամները»,- հանդիպմանն ասել է Հրաչ Կոզիբեյոքյանը:

Գորգագետը նաեւ ասել է, որ աշխարհի շատ հնագույն իրեր հայտնաբերվել են Հայկական լեռնաշխարհում, և հենց այս տարածաշրջանն է հանդիսացել քաղաքակրթության շարժման սկիզբը՝ հետագայում ընդգրկելով նաև այլ շրջաններ:

Հայկական գորգն էլ, բնականաբար, բացառություն չի եղել: Որպես արհեստ՝ գորգագործությունը Հայաստանում զարգացած է եղել դեռևս վաղնջական ժամանակներից:

Լուսանկարը՝ համացանցից

«Գորգագործությունը լեզու է, ինչպես երաժշտությունը: Մենք լսում ենք երաժշտությունն ու շատ անգամ սկսում արտասվել, ուրախանալ կամ ժպտալ: Բայց դրանում չկա ոչ մի բառ։ Հայերենի հաղորդակցությունը չի սահմանափակվում միայն խոսքով: Մենք ունենք և ունեցել ենք երաժշտական լեզու, ճարտարապետական լեզու։ Գորգագործությունն էլ մի լեզու է` խոսուն զարդանախշերով»,- ասել է Հրաչ Կոզիբեյոքյանը։

Լուսանկարը՝ հեղինակի

«Մենք եկող սերունդների առջև մեծ պատասխանատվություն ունենք. այն, ինչ մեզ տրված է, մենք, ավելի գեղեցկացնելով, պիտի տանք նրանց: Մի՛ վերցրեք գորգերը, վերցրե՛ք Կոմիտասյան երաժշտությունը և տեսե՛ք, թե ինչպիսի պատմություն ունենք մենք: Հայ ժողովրդի ողջ պատմության վկայությունն այս գորգերն ու երաժշտությունն են: Դրանց մեջ փնտրեք ձեր էությունը»․- եզրափակելով ասել է բանախոսը։

Ասպրամ Համբարձումյան

2-րդ կուրս

Կիսվել