
Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում ներկայացվել է ժողովրդական նկարիչ Մկրտիչ Սեդրակյանի 100 ամյակին նվիրված ցուցահանդեսը, որի խորագիրն էր «Մկրտիչ Սեդրակյանն ու իր որդիները»:
Ցուցասրահ մտնելիս այցելուի առաջ բացվում էին Մկրտիչ Սեդրակյանի և նրա որդիների նկարած դիմանկարները՝ «Կլարան», «Գայանեն», «Նինան», «Դավիթը»: Ներկայացված էին նաև բնանկարներ, պատերազմի ու պատմական թեմաներով նկարներ:


Ցուցահանդեսը բաժանված էր երեք մասի։ Այցելուն նախ տեսնում էր դիմացի պատին և դրա կողքի փոքր պատերին փակցված կտավները, որոնք պատկանում են Մկրտիչ Սեդրակյանի վրձնին։ Մյուս պատերին նկարչի որդիների ստեղծագործություններն էին. աջին՝ Վարդան Սեդրակյանի, իսկ ձախին՝ Դավիթ Սեդրակյանի նկարները:


Ցուցասրահի կենտրոնում՝ փայտյա, ուղղանկյուն սեղանի վրա, դրված էին նկարչի շքանշաններն ու պատվոգրերը, որոնցից մի քանիսը տարիների ընթացքում մաշվել են, և ստիպված են եղել կպչուն ժապավենով ամրացնել:

Մկրտիչ Սեդրակյանի շքանշանները
Ցուցահանդեսի այցելուները ոչ միայն տեղացի, այլեւ օտարերկրացի արվեստասերներ էին։

«Մի կտոր հաց»
Մկրտիչ Սեդրակյան
«Սրանք գեղանկարչական լուրջ դպրոց անցած վարպետի գործեր են։ Հատկապես կարող եմ ասել, որ հիացած եմ պորտրետներով: Մեծ վարպետ է և պատմական թեմաներով շատ հզոր գործեր ունի: Սա այն գեղանկարչությունն է, որ այսօր պակասում է»,- նկարչի կտավները «մարսելուց» հետո Journalist.am-ին ասել է նկարիչ-դիզայներ Արթուր Մանուկյանը:

«Մինչև երբ»
Մկրտիչ Սեդրակյան
Ցուցահանդեսը ներկայացնում էր 100-ից ավելի ստեղծագործություն, որոնցից 15-ը` Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, 3-ը` Վանաձոր քաղաքի պատկերասրահից, ինչպես նաև կտավներ` ընտանեկան և մասնավոր հավաքածուներից:
Երջանիկ Հարությունյան
2-րդ կուրս