«Հավալուսն». քրիստոնեական սիմվոլից՝ գիտաֆանտաստիկ վեպ

«Հավալուսն». քրիստոնեական սիմվոլից՝ գիտաֆանտաստիկ վեպ

644

Մասնագիտությամբ տնտեսագետ Սերգեյ Մանուկյանն ընթերցողի դատին է հանձնել իր առաջին՝ գիտաֆանտաստիկ ժանրի վեպը: 

Օրերս՝ «Հավալուսն» գրքի շնորհանդեսի ժամանակ, հեղինակը ներկաներին պատմեց գրքի ստեղծման գաղափարի, պատմության և գրքում առկա մի շարք սիմվոլների մասին։

«Ես ուզում եմ, որ մարդիկ հետևեն իրենց սրտի թելադրանքին և երբեք չվախենան. վախը չի թողնում, որ մենք իրականացնենք մեր երազանքները»,- սա է Սերգեյ Մանուկյանի խորհուրդն իր ընթերցողներին։

Գրքի հերոսը երիտասարդ գիտնական Միքայելն է, ում հաջողվել է դեղամիջոց գտնել P5M2 վիրուսի դեմ, որը չէր խնայում ո՛չ մարդկանց, ո՛չ կենդանիներին:

Հեղինակը նկարագրում է հերոսի կյանքն ու գործունեությունը միաժամանակ երկու մոլորակներում՝ Երկրում և Մենդորիում։ Վեպի գործողությունների միայն տասը տոկոսն է տեղի ունենում Երկիր մոլորակում:

«Այնտեղ մարդիկ չեն ապրում, այլ ուրիշ ռասա` դորիներ: Ի տարբերություն մարդկանց, նրանք անպատկերացնելի սիմբիոզի մեջ են իրենց մոլորակի հետ: Դորիներից բացի այնտեղ ապրում են նաև աստվածներ, որոնք, տեսնելով թե ինչպես են դորիները հոգ տանում իրենց մոլորակի մասին, որպես բնակության վայր ընտրել են այն: Միքայելը ևս հայտնվում է այդ մոլորակում: Նա սկսում է հետագայում համեմատել երկու մոլորակները: Դորիները վստահ են, որ երբեք չի կարելի խախտել տիեզերական հավասարակշռությունը: Այս հասկացությունը կարմիր թելի նման անցնում է վեպի մեջ: Միքայելի հայտնվելը Մենդորի մոլորակում նպատակ ունի. նա պետք է վերականգնի տիեզերական հավասարակշռությունը: Թե ինչ ճանապարհով է երիտասարդ գիտնականը հասնում իր նպատակին, ընթերցողը կհասկանա գրքի վերջում»,- պատմեց հեղինակը։

Գրքում իրադարձությունները կատարվում են 2050 թվականին, որն այդքան էլ հեռու ապագայում չէ: Արդյոք հեղինակը կարծո՞ւմ է, որ այն իրականությունը, որը մենք կտեսնենք և այն իրականությունը, որը գրքում է պատկերված նույնը կլինեն:

«Ես շատ կցավամ, եթե նույնը լինեն։ 2050 թվականը գրքում պատկերել եմ այնպես, ինչպես որ իմ մտքում տեսնում եմ՝ հաշվի առնելով այն բոլոր զարգացումները, որոնք մենք այսօր տեսնում ենք աշխարհում։ Գրքում չկան տեղանուններ և գրքի հերոսը՝ Միքայելը, մարդկության հավաքական կերպար է»,- ասաց հեղինակը։

Սերգեյ Մանուկյանը պատմեց, որ վեպը բաղկացած է մի քանի մասից և գրեթե ամեն ինչի հիմքում ընկած է սիմվոլիզմը՝ հերոսի, պատմության, դեպքերի, զարգացումների։

Հեղինակ՝  Նարինե Ղալամյան
2-րդ կուրս
Լուսանկարները՝  Սերգեյ Մանուկյանի անձնական արխիվից

Կիսվել