Շահան Արծրունին համերգին և համերգներից հետո

Շահան Արծրունին համերգին և համերգներից հետո

513

Յուրաքանչյուր կատարումից առաջ աշխարհահռչակ դաշնակահար Շահան Արծրունին փոքրիկ տեղեկություն էր տալիս  ստեղծագործության պատմության վերաբերյալ, որպեսզի ունկնդիրն ավելի հետաքրքրությամբ  լսի երաժշտությունը: Օրինակ՝ կին կոմպոզիտորներից մեկը, չիմանալով ինչ նվիրել Սիլվա Կապուտիկյանին նրա 60 ամյակի կապակցությամբ, երաժշտական երկ է գրել և նվիրել:

Հոկտեմբերի 14-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգային սրահում Շահան Արծրունու հերթական համերգն էր, որը կազմակերպել էին Հայ օգնության ֆոնդը և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը: Դաշնակահարն իր «Մտորումներ ստեղնաշարի առջև» խորագրով ունկնդիրներին ներկայացրեց  հայ կին կոմպոզիտերների գործերը. դրանց շարքում էին Գեղունի Չթչյանի, Գայանե Չեբոտարյանի, Ալիսա Թերզյանի, Սիրվարդ Գարամանուկի, Գոհարիկ Ղազարոսյանի, Լյուսի Հազարապետյանի և Մերի Գույումճյանի ստեղծագործությունները:

Համերգային երեկոն շատ բովանդակալից էր, և դա փաստում էին հանդիսատեսի բուռն ծափերը:

Շահան Արծրունին՝ ծնված  1943 թվականին Ստամբուլում, նաև կոմպոզիտոր է, ուսուցիչ, դասախոս, գրող-հեռարձակող, պրոդյուսեր և իմպրեսարիո, նաև բարերար։ Նա բազմաթիվ բարեգործություններ է կատարել և հիմա էլ շարունակում է: Այս հատկանիշը փոխացվել է մորաքրոջից՝ կոմպոզիտոր  Սիրվարդ Գարամանուկից, ով նույնպես բարերար է եղել:
Azg.am-ից իմանում ենք, որ  Վանաձորի տարեցների տունը, որը Հայ օգնության ֆոնդի սոցիալական ծրագրերից է, նվիրյալ բարեգործներ Գևորգ և Սիրվարդ Գարամանուկների անունն է կրում․ վերջիններս եղել են ծրագրի հովանավորը, իսկ այժմ նրանց գործը շարունակում է Շահան Արծրունին:

Հենց այս տարի՝ հոկտեմբերի 8-ին, Տարեցների տանը տեղի է ունեցել Գևորգ և Սիրվարդ Գարամանուկներին նվիրված հուշաքարի բացումը, որին ներկա է եղել նաև Շահան Արծրունին:

Շահան Արծրունու կայքէջից տեղեկանում ենք, որ  նա 2003 թվականին Արամ Խաչատրյանի հարյուրամյակի կապակցությամբ  նշանակվել է Սփյուռքում Հայաստանի մշակույթի նախարարության լիազոր ներկայացուցիչ։ 2017 և 2019 թվականներին  դարձել է սփյուռքի առաջին արտիստը, որը շրջագայել է Հայաստանի մարզերում և Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում՝ դասախոսական և բեմադրական շրջագայությամբ։

Այսօր էլ նա շարունակում է իր գործունեությունը:

Լիլիթ Ապրեսյան

2-րդ կուրս

Կիսվել