Մարդու և բնության ճակատամարտն ու Վահե Ազատիի ուղերձը

Մարդու և բնության ճակատամարտն ու Վահե Ազատիի ուղերձը

400

«Մարդ և բնություն. հարատև այս գոյամարտում հաղթելու է ժամանակը»։

Այս մեկնաբանությունն է տալիս երիտասարդ լուսանկարիչ Վահե Ազատին իր ստեղծագործություններին, որոնք ներկայացրել է ցուցահանդեսում:

Վահե Ազատին, այս ցուցահանդեսով, առաջ է քաշել մի շարք հարցադրումներ, որոնք ներկայում կարող են շատերի մտահոգության առիթը լինել։

«Երկխոսություն» խորագրով ցուցադրության գլխավոր դերակատարներն են մարդը և բնությունը։ Տասնյակից ավելի պատկերներ ներկայացնելով՝ լուսանկարիչը փորձել է ցույց տալ մարդու և բնության կապը, նրանց մեջ առաջացած հիմնախնդիրները:

«Երկխոսության գաղափարն այն է, որ մենք ու բնությունը սկսում ենք քննարկել մեր և նրա փոխհարաբերությունները։ 21-րդ դարում մենք հասել ենք այն կետին, որ տեխնոկրատ հասարակությունում հարցադրում է ստեղծվել. արդյոք, մենք գոյություն կունենա՞նք, թե՞ ոչ։ Եվ հենց Ժամանակի մեջ մենք կզգանք և կտեսնենք, թե ով է հաղթելու՝ մե՞նք, թե՞ բնությունը»,- ասում է Վահեն՝ նշելով, որ իր համար ավելի ուժեղ և հզոր է բնությունը։ Իսկ մարդկությունը, ինչպես նա է ասում, անցնելով բազում փորձությունների միջով՝ նախամարդու կերպարով կրկին կներկայանա ծառին։

Վահե Ազատին
Լուսանկարը՝ անձնական արխիվ

Խոսելով վերնագրի, ինչպես նաև լուսանկարների մասին՝ Վահեն ասում է, որ

վերերկրային և հոգևոր մակարդակում մենք և բնությունը նույն մարմինն ենք։

«և մենք կգտնենք մեր երջանկությունն ու ներդաշնակությունն այն ժամանակ,  երբ հասկանանք, որ ամենայնը մի մարմին է»,- ավելացնում է լուսանկարիչը:։

Վահեի  լուսանկարներից ոչ մեկը վերնագրված չէ, քանի որ, ըստ հեղինակի, բոլոր պատկերները տարբեր են, չկան կրկնվողներ։

«Բոլոր ծառերն ունեն իրենց դեմքը, բայց իրենց դեմքն ունենալով հանդերձ՝ մենք նրանց բնութագրում ենք մեկ բառով՝ ծառ։ Նրանք ունեն տարբեր հայացքներ, տարբեր անհատականություն, իսկ մենք ընդհանրացնում ենք նրանց:

Ամեն ինչ շատ բազմազան է, և մեր հայացքից է կախված՝ կտեսնե՞նք մենք այդ բազմազանությունը, թե՞ ոչ»։

Ցուցահանդեսի գլխավոր հաղորդագրությունը աշխարհն ավելի լավը դարձնելն է.

«Ցանկանում եմ, որ մարդիկ նոր հայացք սևեռեն դեպի բնությունը, դեպի ծառերը։ Ավելի շատ մտածեն բնության մասին, գնահատեն, արժևորեն և փորձեն աշխարհը դարձնել ավելի լավը»:

Մերի Ղազարյան

2-րդ կուրս
Լուսանկարները՝ հեղինակի

Կիսվել