Համացանցի ազդեցությունը կինոթատրոնների պահանջվածության վրա

Համացանցի ազդեցությունը կինոթատրոնների պահանջվածության վրա

515

Երկար տասնամյակներ կինոթատրոնները եղել են մեր քաղաքի թերևս ամենամարդաշատ մշակութային ժամանցային վայրերը։ Այժմ ևս Երևանում գործում են խոշոր կինոթատրոններ, սակայն դրանք չունեն այն ակտիվ գործունեությունը, որը երկու-երեք տասնամյակ առաջ։ Պատճառները բազմազան են. մեզ հետ զրույցի ժամանակ Կինոթատրոնների այսօրվա պահանջարկի մասին խոսեց «Մոսկվա» կինոթատրոնի մարքեթինգի գծով փոխտնօրեն Անահիտ Խաչատրյանը. «Տասը տարի առաջվա համեմատ տոմսերի սպառելիությունը քչացել է, և դրա պատճառները մի քանիսն են. առաջինը, որ համացանցի միջոցով առաջ ավելի քիչ էին ֆիլմը դիտելու հնարավորությունները, իսկ հիմա մինչև կինոթատրոնային ցուցադրումների ավարտը շատ ֆիլմեր հայտնվում են համացանցում՝ լավ որակով, և բնականաբար մարդկանց համար ավելի մատչելի է այդպես դիտելը։ Սակայն այս ամենին զուգահեռ պետք է նաև նշեմ, որ, ի տարբերություն տասը տարի առաջվա, վերջին տարիներին շատացել են տեղական արտադրության ֆիլմերը, որոնց շնորհիվ հանդիսատեսի քանակը ռեկորդային է դարձել: Սեզոնն էլ մեծ նշանակություն ունի, որ այցելությունների սանդղակը բարձրացել է, այսինքն՝ միանշանակ չէ, թե տասը տարի առաջ հանդիսատեսն ավելի մեծաթիվ էր, իսկ հիմա քիչ է։ Ինչպես նաև պետք է հաշվի առնել քովիդի հետևանքները, և մեր երկրի պատերազմակամ իրավիճակում գտնվելը»։

Մեզ հետաքրքրող հարցերից մյուսն այն էր՝ քաղաքացիները տեղակա՞ն, թե՞ արտասահմանյան արտադրության ֆիլմերի դիտումն են նախընտրում.   «Տեղական արտադրության ֆիլմեր դիտող հանդիսատեսը քանակով գերազանցում է արտասահմանյան դիտողներին, սակայն ունենում ենք արտասահմանյան ֆիլմերի կարճաժամկետ ծրագրեր, որոնք, օրինակ, երկու ամիս տևելով՝ ռեկորդային դիտումներ են գրանցում։ Այսինքն, եթե հաշվի չառնենք ֆորս-մաժորային իրավիճակները` պատերազմը, համաճարակը, ապա կարող ենք ասել, որ այցելության մակարդակի տատանումը 70%-ով կախված է նրանից, թե ինչ պրոյեկտ է հայտնվում կինոթատրոնում, ինչ է մատուցվում հանդիսատեսին»,- ասում է Անահիտ Խաչատրյանը։

Իսկ այն հարցին, թե ավելի շատ ո՞ր տարիքային խմբի մարդիկ են այցելում կինոթատրոն, մասնագետն ասաց, որ դա կախված է կինոթատրոնի ծրագրից։ Օրինակ՝ մուլտֆիլմերի դեպքում 0+ ից է սկսվում, սակայն կան դրամաներ, որոնք ունեն սահմանափակումներ՝ 16+, 18+ և այլն։ Մոսկվա կինոթատրոնի դեպքում թիրախային խումբը շարունակում է մնալ 14-ից 35 տարեկանը, բայց, օրինակ, սարդ-մարդ ֆիլմի ժամանակ ունենում ենք 12-ից 60 տարեկան հանդիսատեսներ, պատերազմական դրամների ժամանակ 16 և ավելի տարիքի հանդիսատեսներ, իսկ մուլտֆիլմերի դեպքում ծնողներ և երեխաներ համադրությունը ավելի շատ է, հետեւաբար` տարիքային խումբը ավելի լայն է։ Բայց ակտիվ կինո դիտող հանդիսատեսը 14-ից 35 տարեկան քաղաքացիներն են։

Մենք զրուցեցինք նաև այն հարցի շուրջ, թե արդյոք մրցակցային են այն մյուս կառույցները, որոնք, ըստ էության, կինոթատրոններ չեն, բայց ունեն ֆիլմեր ցուցադրելու համար նախատեսված դահլիճներ և գտնվում են ակտիվ ժամանցային վայրերում, օրինակ` խոշոր առեւտրի կենտրոններում, «Մոսկվա» կինոթատրոնի մարքեթինգի գծով փոխտնօրենը նշեց, որ թեև կան ակտիվ մրցակիցներ, որոնք ունեն մուլտիպլեքս սրահներ, ավելի շատ կինոդահլիճներ, ի տարբերություն «Մոսկվա» կինոթատրոնի, որն ունի երկու մեծ, երկու փոքր դահլիճ, միևնույն է, շատ այլ գործոններ կան, օրինակ՝ սովորության ուժը, քաղաքի կենտրոնում գտնվելու հանգամանքը, թարմացվող ու ճկուն ֆիլմացանկ ունենալը, որոնց շնորհիվ կարողանում են պահպանել սիրված կինոթատրոնի դերը շուկայում՝ որպես մշակութային կառույց, և դրանով իրենք տարբերվում են իրենց գործընկերներից՝ ապահովելով հանդիսատեսի պահանջվող քանակը. «Մենք անցկացրինք սոց հարցում, որտեղ 50 %-ը 40 տարեկան և ավելի տարիքային խմբում էր, իսկ մյուս 50%-ը՝ 13-ից 40 տարեկան, պարզ դարձավ, որ հարցվածների 70% -ը որոշ ժամանակը մեկ այցելում է կինոթատրոն, միայն 26 % -ը տեղ է տալիս օնլայն հարթակներում ֆիլմադիտմանը (նշենք Netflix, Megogo, ivi, Apple TV և այլ հավելվածների անունները, դրանք ավելի հարմար են ժամանակի և ծախսատարության առումով), և միայն 4%-ը ասաց, որ ֆիլմեր չի դիտում։ Իսկ հարցին, թե որքա՞ն ժամանակը մեկ են այցելում կինոթատրոն, մոտ 70%-ը նշեց՝ 2 ամիսը մեկ։ Պետք է նաև ասել, որ քիչ չէին նաև այն այցելուներ, որոնք նշեցին, որ իրենք այցելում են դասարաններով, կուրսերով, աշխատանքայի կոլեկտիվով, ինչը անհամեմատ ավելի շատ թվով հանդիսատեսներ է ապահովում»։

Մուշեղ Տոնոյան

2-րդ կուրս

Կիսվել