«Սպիտակ մազերս էնտեղ աճեցին». պապին պատերազմի մասին

«Սպիտակ մազերս էնտեղ աճեցին». պապին պատերազմի մասին

482

Զրուցակիցս՝ Անուշավան Պողոսյանը ծնվել է 1957 թվականին Վայոց Ձորի Խաչիկ գյուղում։ Լինելով սահմանամերձ գյուղի բնակիչ՝ իր չորս եղբայրների հետ 1990 թվականին վերցրել է զենքն ու կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը։ Մասնակցել է նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմին և 2020 թվականի քարասունչորսօրյա պատերազմին։

-Ինչպես ասում են՝ պատերազմի դաշտում «մեղր չեն բաժանում»։ Ի՞նչն է Ձեզ դրդել կամավոր մեկնել մարտի դաշտ։

-Միանշանակ՝ հայրենիքը, այն պաշտպանելու ու ապահով տեսնելու ցանկությունը։ Պատերազմը իրական վտանգ է, հատկապես այս վերջինը։ Նման բան չէր եղել ու եղավ․․․

-Կփորձեք զուգահեռներ տանել այս պատերազմի և նախորդների միջև։ Ի՞նչն էր ուրիշ։

-Մենք կռվում էինք մի քանի պետությունների դեմ։ Թուրքերին և ադրբեջանցիներին այս անգամ նաև միացել էին օտարերկրյա վարձկանները։ Մենք մենակ էինք։

-Դուք Երկրապահ կամավորականների միության անդամ եք և պատերազմում որպես կամավորական ջոկատի անդամ էիք հանդես գալիս։ Ձեր շարքերում գերակշռում էին երիտասարդնե՞րը, թ՞ե ավելի փորձառու կամավորները։

-Ավելի շատ երիտասարդներ էին։ Ոգով տղաներ, բայց մեր ներկայությունն իհարկե ավելի շատ էր իրենց ոգևորում։ Մենք էլ մեր փորձով էինք իրենց հետ կիսվում ու հաճախ սովորեցնում՝ որ իրավիճակում ինչ պետք է անել։

-Ձեզ ճանաչողները պատմում են, որ չնայած պատկառելի տարիքին, մինչև պատերազմը բավականին երիտասարդ տեսք ունեիք։ Ի՞նչը Ձեզ ծերացրեց։

-Մեծաքանակ զոհերը։ Մեր երեխանների դիերը։ Սպիտակ մազերս էնտեղ աճեցին։

-Այսօր շատ ընտանիքներ, այդ թվում նաև մեր ընտանիքը, հենց Ձեզ է պարտական, որ իրենց հերոսների անունները հավերժ չգրվեցին անհայտ կորածների ցանկում։ Կպատմեք այդ օրերի մասին։

-Մեր ջոկատի և առհասարակ ԵԿՄ-ի գլխավոր գաղափարն է մարտական ընկերոջը մենակ չթողնելը։ Մենք երբևէ չենք անտեսել վիրավորին և առաջին իսկ հնարավորության դեպքում դուրս ենք բերել մարտի դաշտից։ Եվ պակաս կարևոր չէր նաև զոհվածների մարմինները դուրս բերելը։ Մենք հասկանում էինք, որ մարմինները պետք է հասնեն իրենց «տերերին»։ Մարտերից հետո ամեն կերպ դուրս էինք բերում ընկածների դիերը, փաթաթում էինք ճերմակ սավանների մեջ և ուղարկում էինք Գորիս։ Իմ զինակից ընկերներից շատերի դիերը իմ ձեռքով եմ կտոր-կտոր հավաքել…

-Ձեր ձեռքերում այն մարդկանց անշնչացած մարմիններն էին, ում հետ քիչ առաջ, գուցե, նստած հաց էիք ուտում։ Ինչպե՞ս էիք պահպանում հավասարակշռությունը։

-Սառնասրտորեն էի մոտենում «աշխատանքին»։ Քանի որ մեզ հետ 18-20 տարեկան երեխաներ կային, առաջին հերթին մտածում էի իրենց մասին։ Փորձում էի ամեն ինչ անել, որ նրանցից ոչ ոք դիակ չտեսնի։ Այդ տեսարանը կարող էր նրանց կյանքում անջնջելի հետք թողնել։ Ես շատ բանի միջով էի անցել և շատ բան էի տեսել, այդ պահերին կորցնում էի մարդկային հատկանիշներս, ոչինչ չէի զգում։ Ուղեղումս միայն մի միտք էր՝ «տանենք, չմնան»։ Մեզ վստահված պաշպանական գծում կռվում էր 192 զինվոր, մենք շատ զոհեր ունեցանք, բայց նրանցից ոչ-ոք, անգամ նահանջ հրամանի դեպքում, չմնաց մարտի դաշտում։

-Ձեր կյանքի մասին չէի՞ք մտածում։

-Ինձ էնտեղ բոլորը Պապի էին ասում։ Երբ հրամանատարը գալիս ասում էր՝ Պապի, երկուսը գնացին, չեկան։ Չգալը նշանակում էր, որ մահացել էին։ Առաջին հերթին մտածում էի այդ երեխաների ծնողների մասին, ընտանիքի մասին։ Պետք էր դուրս բերել, որ տանեին, մայրը վրան լացի։ Ես պատերազմ գնացել եմ այն պարզ գիտակցումով, որ եթե կռվում ես, պետք է նաև զոհվել։ Հրամանատարիս էլ ասել էի, եթե մեռնեմ, հանկարծ չասեք հերոսացել եմ, կասեք Աստծո կամքն էր, և դա պետք էր հայրենիքին։

-Պատերազմից 2 տարի է անցել։ Ինչպե՞ս եք Ձեզ զգում հիմա։

-Վատ, շա՜տ վատ։ Ես ամեն օր հայելու առաջ կանգնած կրկնում եմ, որ պատերազմը ես տանուլ չեմ տվել։ Մենք չենք զիջել։ Մեզ դավաճանել են և մեր փոխարեն որոշել պատերազմի ելքը։

-Ինչպե՞ս եք տեսնում հիմա մեր երկրի ապագան։

-Նորից հաղթանակած։ Կրկին գալու է մի օր, որ մենք պետք է հաղթենք, ես վստահ եմ։

-Դեռ քանի՞ սերնդի է որպես ժառանգություն բաժին հասնելու այս պատերազմը։

-Մենք կորցրեցինք մի հրաշալի երեխաների սերունդ, և իհարկե, չենք ուզում կորցնել ևս մեկը։ Բայց պատերազմը չի ավարտվել, մենք պետք է հավաքվենք, միաբանվենք և մի վերջնական հարված հասցնենք մեր թշնամուն։ Միայն միասնականությամբ կարող ենք դա անել և ցույց տալ, որ մենք չենք պարտվել։

-Ո՞րն է Ձեր պատգամը հաջորդ սերնդին։

-Աշխատեք հանուն հայրենիքի զարգացման և ծառայեք հայոց բանակում։

Սյուզաննա Օհանյան

2-րդ կուրս

Կիսվել