«Կնոջ հարցը» գրքի երևանյան փառատոնի շրջանակում

«Կնոջ հարցը» գրքի երևանյան փառատոնի շրջանակում

317

Հոկտեմբերի 1-ին գրքի երևանյան 5-րդ փառատոնի շրջանակներում  Զանգակ գրատանը տեղի ունեցավ հանդիպում «Կնոջ հարցը» խորագրով։ Հանդիպմանը հրավիրված էին ռուս հեղինակներ Վերա Բոգդանովան, Աննա Մատվեևնան և Արինա Օբուխը։ Հանդիպումը վարում էր գրող Ալեքսանդր Սնեգիրյովը։

Հեղինակները պատմում էին իրենց ստեղծագործությունների և հերոսների մասին։ Հանդիպում-քննարկման հիմնական առարկան կնոջ կերպարն էր գրականության մեջ։ 

Հեղինակ Արինա Օբուխի խոսքով՝ շատ գրաքննադատներ, տղամարդ հեղինակների ստեղծագործությունները մեկնաբանելիս, հիացմունքով են նշում, որ հեղինակը գրում է իր ապրած կյանքի մասին։ Բայց նույն գրաքննադատները բացասական մեկնաբանություններ են թողնում, երբ կին հեղինակն է իր կենսափորձը ներկայացնում գրականության միջոցով։

«Ինձ երբևէ չի անհանգստացրել կնոջ հարցը, ինձ, ինչպես բոլորին, անհանգստացնում է համայն մարդկության հարցը, բայց եթե կատարում ենք նման բաժանում, ինձ ավելի շատ հուզում է տղամարդկանց հարցը։ Ես սովորել եմ ապրել կանանց հասրակությունում։ Ես ապրում եմ մի միջավայրում, որտեղ ղեկավարում են կանայք, բայց միևնույն ժամանակ նրանք դժգոհում են, որ իրենց ոտնահարում են տղամարդիկ,-նշում է Արինա Օբուխը,-խնդիրը այն է, որ գրաքննադատները հիմնականում տարիքով մեծ կանայք են՝ «тётки»»։

Հանդիպման մյուս հյուրը՝ Վերա Բոգդանովան, ով 2 վեպի հեղինակ է, որոնցում բարձրաձայնվում է հիմնականում բռնության թեման, խոսեց այն հիմնական խնդիրների մասին, որոնց բախվում են կանայք հասարակությունում։

«Հասարակությունը պահանջում է, որ կանայք ամեն բան հասցնեն և՛ ընտանիքում, և՛ աշխատանքում, պետք է այդ ամենին զուգահեռ միշտ լինեն գեղեցիկ, մարզված․ կանայք միշտ զարգանալու տեղ ունեն։ Ես կարծում եմ, որ կանայք գրականության մեջ քիչ են, քիչ է խոսվում ժամանակակից կանանց խնդիրների մասին՝ կնոջ տեսանկյունից»,-իր խոսքում նշեց Վերա Բոգդանովնան։

Հանդիպմանը ներկա հեղինակներից Աննա Մատվեևնան խոսեց հասարակությունում տղամարդկանց դերի և արժեքի բարձրացման մասին՝ հատկապես պատերազմներից հետո։ Նա համարում է, որ ժամանակակից տղամարդիկ գրեթե ամբողջությամբ դաստիարակվել են կանանց կողմից՝ տանը, մանկապարտեզում, դպրոցում․ կանայք միշտ խնայել են նրանց և պաշտպանել։

Հանդիպման ընթացքում գրողներն ավելի մանրամասն նկարագրեցին իրենց ստեղծագործությունները և դրանց հերոսներին։ Գրքերի մեծ մասը հասանելի է հայ ընթերցողին և կարելի է ձեռք բերել Զանգակ գրախանութից։ Արինա Օբուխը իր գրքերից առանձնացրեց «Муха имени Штиглица» գիրքը, որտեղ պատմում է իր ուսանողական տարիների և կանանց հասարակարգի մասին, Վերա Բոգդանովան խոսեց «Сезон отравленных плодов» գրքի մասին, որը կանանց բռնության մասին է և այն մասին թե ինչպես են կանայք հաշտվում բռնության հետ, իսկ Աննա Մատվեևնան առանձնացրեց իր «Каждые сто лет» գիրքը, որն իր տատիկի օրագրի հիման վրա է գրված։

Հանդիպմումն ավարտին գրողները սիրով պատասխանեցին ընթերցողների հարցերին։

Սյուզաննա Օհանյան

2-րդ կուրս

Կիսվել