Սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո վերադարձած ջերմուկցիները աշխատանքի խնդիր ունեն

Սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո վերադարձած ջերմուկցիները աշխատանքի խնդիր ունեն

418

«Երբևիցե չենք պատկերացրել, որ Ջերմուկում հնարավոր ա էսպիսի բան լինի: Բոլորս էլ շոկի մեջ ենք, մինչև հիմա ուշքի չենք գալիս: Չենք էլ պատկերացնում, թե սրանից հետո ոնց ենք ապրելու»,- ասում է Նարինե Մկրտչյանը: Նա սեպտեմբերի 14-ին ադրբեջանական հարձակումից հետո երկու անչափահաս տղաների՝ 17-ամյա Արամի և 12-ամյա Համլետի հետ լքել է Ջերմուկը: Մասնագիտությամբ ավտոմեխանիկ ամուսինը՝ Արագածը, մնացել է Ջերմուկում և ըստ անհրաժեշտության վերանորոգել ռազմական մեքենաները:

Սեպտեմբերի 12-ի գիշերը լույս 13-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին Հայաստանի վրա երեք ուղղությամբ՝ Գեղարքունիք, Սյունիք և Վայոց ձոր:

«Հրահանգ չի եղել, որ դուրս գանք: Երեխաները շատ են վախեցել, մենք էլ երեխաների համար վախենալով ենք դուրս եկել: Սեպտեմբերի 13-ի գիշերը կրակոցի ուժեղ ձայներ ենք լսել, դուրս ենք եկել տնից, պատսպարվել նկուղում: Առավոտյան գնացել ենք Արենի համայնքի Աղավնաձոր գյուղ: Առաջին շաբաթը երեխաները գնացել են Աղավնաձորի դպրոց, հետո դասերն օնլայն են կազմակերպվել: Ուսուցիչները հետևողական են, հետաքրքրվել են՝ երեխաները հնարավորություն ունե՞ն միանալ օնլայն դասերին, թե ինտերնետ կապի խնդիր ունեն»,- պատմում է Նարինեն:

Նարինեի խոսքով՝ պետական աջակցություն ստացել են երկու անգամ. «Գրանցվել ենք Արենիի համայնքապետարանում, Կարմիր խաչի միջնորդությամբ մեկ անգամ օգնություն ստացել, մեկ անգամ էլ օգնություն է տրամադրել մի ՀԿ, որի անունը չեմ հիշում՝ սնունդ, տնտեսական ապրանքներ ու հիգիենայի պարագաներ»:

Նարինեն և իր երկու տղաներն Աղավնաձորում են, քանի դեռ չի բացվել Ձախափի «Ջերմուկի կրթահամալիրը»: «Էս պահին չենք կարող մտածել դուրս գալու, ուրիշ տեղ ապրելու մասին: Մի քանի օրից կվերադառնանք Ջերմուկ»,- ասում է նա:

«Գիշերն ամբողջ երկնքում կրակ էր, ես էլ էրեխեքի հետ վազում էի, իրենց համար էդ սարսափ էր, իրենց դրա համար եմ հանել Ջերմուկից, թե չէ կմնայինք որևէ նկուղում»,- սեպտեմբերի 13-ի գիշերը հիշում է 32-ամյա Անի Բունիաթյանը:

Սեպտեմբերի 14-ին Անին իր երկու տղաների՝ 11-ամյա Սամվելի և 6-ամյա Արմենի հետ Ջերմուկից տեղափոխվել է Ռինդ, իսկ ամուսինը՝ Արթուրը, մնացել է քաղաքում։ «Երեխաներս քնած էին, արթնացրի, միանգամից դուրս եկանք տնից, ամեն կրակոցի ձայն լսելիս թաքնվում էինք ավտոտնակների կամ կիսաքանդ շենքերի պատերի տակ, մինչև մի պահ դադարեց, գնացինք նախկին Կենտկոմի շենքի ապաստարան, լուսացրել ենք էնտեղ: Առավոտյան ժամը 8-ն էր, ամուսինս մեզ տարավ Ռինդ, հետո հետ գնաց Ջերմուկի զորամաս՝ օգնում էր զենքերը տեղափոխեին, արդեն հարվածում էին զորամասին: Ամուսինս մասնակցել է նաև քառօրյա և 44-օրյա պատերազմներին՝ որպես կամավոր»,- պատմում է Անին:

Ըստ նրա՝ տարհանման հրահանգ չի եղել, էդ օրերին ոչ մեկն իր տեղում չէր, ով ուզել՝ դուրս է եկել քաղաքից: Առաջին օրը Ջերմուկի գլխավոր ճանապարհը փակ էր, բնակիչների մեծ մասն ուզում էր դուրս գալ, կամ ուրիշ քաղաքներից ու գյուղերից էին գալիս՝ իրենց հարազատներին հանելու քաղաքից, դրանով էր պայմանավորված խցանումը:
«Ապաստարան ունես՝ մնա, մինչև տեսնենք ինչ կլինի, բոլորը սա էին ասում, որովհետև բոլորս էլ հույս ունեինք, որ գոնե կարճ կտևի»,- հիշում է Անին:

Անիի ընտանիքը օգնություն է ստացել Կարմիր խաչից՝ գրանցվելով Արենիի համայնքապետարանում: Երեխաների դպրոցի հեռավար ուսուցումն էր դժվար, քանի որ Ռինդում, որտեղ 22 օր են ապրել, ինտերնետ կապի խնդիր կար:

Մի քանի օր առաջ Անին երեխաների հետ վերադարձել է Ջերմուկ. «Փա՛ռք Աստծո, մեր տունը չի վնասվել, բայց վնասվել են ճոպանուղին ու որոշ հյուրանոցներ»:

Անիի  4-հոգանոց ընտանիքում այժմ հոգսերը շատացել են. «Աշխատանքի խնդիր ունենք, ես խանութում էի աշխատում, հիմա փակվել ա։ Տերերն իրենց ապրանքը վերցրել ու հեռացել են, իսկ ամուսինս բեռնատարի վարորդ էր, թշնամին էնքան ա մոտեցել, որ անգամ թալանել ա աշխատավայրը: Չգիտեմ՝ Ջերմուկից հեռացած գործարարներն ու գործատուները կվերադառնա՞ն…»,-ասում է նա:

Նարե Օհանյան

4-րդ կուրս

Կիսվել