«Այս գիրքը տիեզերական մի մարդու մասին է»․ Աննա Սարսգյան

«Այս գիրքը տիեզերական մի մարդու մասին է»․ Աննա Սարսգյան

513

«Որ չկորչի պատերազմում» գիրքը պատմում է 44 օրյա պատերազմում անմահացած Արտակ  Սարգսյանի մասին։ Հեղինակը հերոսի քույրն է, ով գրքի միջոցով պատմել է եղբոր անցած ճանապարհի մասին։

-Կպատմե՞ք գրքի նախապատմությունը, ինչպե՞ս եկաք այդ մտքին։

-Իրականում գիրք գրելու որոշումը կայացրել եմ վայրկյանների ընթացքում։ Այն կոչվում է՝ «Որ չկորչի պատերազմում»։

2020թ. նոյեմբերի 1-ին, երբ մենք ստացանք եղբորս՝ Արտակի զոհվելու լուրը, այդ օրվա հետ կապված մեկ բան եմ հստակ հիշում․ նստած էի մորս կողքին ու նրան խոստացա, որ Արտակի մասին գիրք ու Արտակ եմ նվիրելու։ Առաջինն արդել արել եմ։ Սա ինձ համար երբեք երազանք չի եղել, այլ՝ նպատակ։ Իհարկե, գիրքը հենց այդ տարի չգրվեց, որովհետև ինձ ժամանակ էր պետք, ցանկությունս մեծ էր գրելու, բայց չէր ստացվում։ Երկու անգամ շատ երկար գրել եմ, առաջինը իմ անունից, երկրորդը՝ եղբորս, բայց հետո հասկացա, որ պետք է մեր մասին պատմեմ երրորդ դեմքով։

Գիրքը սկսեցի գրել այս տարվա հունիս ամսից ու 2-3 ամսվա ընթացքում ավարտին հասցրի։

-Մենք շատ հաճախ պատերազմին մասնակցած հերոս տղաների մասին խոսելիս դժվարանում ենք բառեր ընտրել, բայց Դուք մի ամբողջ գիրք եք գրել Ձեր եղբոր մասին։ Հետաքրքիր է՝  ի՞նչ ապրումներ ունեցաք գրելիս։

-Ճիշտ եք, իմ շրջապատում էլ կան մարդիկ, որոնք դժվարանում են խոսել այնպիսի թեմաների մասին, որոնք առերեսվում են սեփական հույզերի հետ։ Ինքս էլ զարմանում եմ ՝ ինչպես եմ կարողանում խոսել այդ թեմաների մասին, կարողանում ինձ զսպել ու բարձրաձայնել մտքերս մինչև վերջ։

Գիրքը գրելիս ունեցել եմ ամենատարբեր ապրումները։ Երբ նստում էի համակարգչիս դիմաց, միացնում էի երաժշտություն ու սկսում էի գրել, այնքան սահուն էր ամեն ինչ շարադրվում։ Չանջատվելով բուն պատերազմական թեմայից՝ ես տեղավորեցի Արտակի հետ կապված բոլոր պատմությունները։   Ամենադժվար ապրումներն ունեցա գրքի վերջում, որովհետև արդեն պետք  է գրեի եղբորս զոհվելու մասին։

Ամեն դեպքում ստացվեց զգացածս փոխանցել այնպես, որ մարդիկ ապրումակցեն։

-Սա Ձեր առաջին գիրքն է։ Կշարունակվի՞ Ձեր ստեղծագործական ուղին։

-Ես միշտ սիրել եմ ստեղծագործել։ 7 տարեկանից սկսած գրել եմ բանաստեղծություններ, բայց պետք է խոստովանեմ, որ շատ երկար ժամանակ չէի կարողանում մտքերս բառերի վերածել, ինչը շատ լավ ստացվում էր եղբորս մոտ։  Գիրք գրելու ցանակություն միշտ շատ եմ ունեցել, բայց եբեք չէի պատկերացնի, որ գիրքս Արտակի մասին կպատմեր։ Բացի գրքից այսօր էլ շարունակում եմ ստեղծագործել։ Հավաքում եմ գրածներս, միգուցե դրանք մի օր ինչ-որ գրքի մաս դառնան։

Կարծում եմ ՝  շուտով նոր գրքի մասին կլսենք։

-Եթե գրքից առանձնացնեք մեկ նախադասությունը, ո՞րը կլինի դա։

-Բավականին բարդ է ընտրել մեկը, բայց սա կառանձնացնեմ ՝

«Պատերազմին հաղթելը դրան պարտվելու պես բարդ էր լինելու, և նույնիսկ եթե հաղթեին, երբեք չէին վայելելու դա, որովհետև հաղթանակն արցունքներ չի սրբում և այն էլ պատերազմում, ուր հաղթանակ չկա»։

-Ի՞նչ կտա գիրքը ընթերցողին։

-Գրքի կազմի վրա գրված է՝ Այս գիրքը տիեզերական մի մարդու մասին է, իսկ դու չես էլ նկատել՝ տիեզերքն է ափերիդ մեջ։

Սա պարզապես գիրք չէ, սա ստեղծագործություն է տիեզերքի մասին, այս գիրքը տիեզերք է։ Շատերը կփաստեն՝ տիեզերքից միշտ կարելի է սովորել, գիրքն էլ այդպիսինն է, որովհետև Արտակն իսկական մարդու օրիանկ է։ Ընթերցողը կսովորի մարդկային բարձր արժեքները կրելու արվեստը, ինչպես հաղթահարել դժվարությունները, ինչպես լինել արդար ու շատ սիրել հայրենիքը, ինչպես ապրել ու ինչպես լինել տիեզերք։

Արտակն ինձ համար կյանքի օրինակ է։

Լիանա Քարամյան

2-րդ կուրս

Կիսվել