Փոքրիկ աղջնակի մանկության երազանքը շուտով կդառնա մասնագիտություն

Փոքրիկ աղջնակի մանկության երազանքը շուտով կդառնա մասնագիտություն

421

«Երեխաների հետ աշխատանքն իսկապես ինձ համար է»,- հենց այսպես մեր զրույցի ընթացքում սկսեց իր խոսքը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Քնարիկ Հովհաննիսյանը։

Քնարիկը ՀՊՄՀ 3-րդ կուրսի ուսանողուհի է, իսկ երեխաների հետ աշխատել սիրել է դեռ մանկուց։ Պատմում է, որ դեռ մանկուց փորձել է ինչ-որ բանով օգնել իրենց բակի երեխաներին, նոր հմտություններ սովորեցնել։ Սկզբում դա երազանք էր, նպատակ, իսկ այսօր այն իրականանում է։ Աղջկա քայլերն իրեն ուղղորդել են մանկավարժական համալսարան, և որոշել է դառնալ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։

Քնարիկի մայրիկի՝ տիկին Դիանայի բնորոշմամբ՝ Քնարիկը շատ հանգիստ երեխա էր։ Նա պատմում է, որ երբ նա ցերեկային ժամերին քնում էր, հագուստը հանում էր, շարում աթոռին, իսկ արդեն հագնվելուց հետո փորձում էր փոքր-ինչ կահավորել դարակը, դասավորել նաև մնացած իրերը, շատ սիրում էր տետրեր, ներկեր։ Մայրիկի խոսքով՝ բացառիկ երևույթ էր, որ այդ տարիքից սկսած արդեն հետևում էր կարգուկանոնին, և փորձում իրեն և իր շրջապատին սովորեցնել։ Տիկին Դիանան հակադրեց Քնարիկի՝ այս հանգիստ կերպարը նրա «բակային» կերպարին, որտեղ աղջիկը գերակտիվ էր։

Տիկին Դիանան ասաց. «Շատ սիրում էր միջոցառումներ, հիմնականում հենց ինքն էլ կազմակերպում էր»:

Շարունակելով իր մայրիկին՝ ուսանողուհին շարունակեց խոսել իր՝ այդքան ակտիվ լինելու պատճառների մասին: Նա պատմեց, որ իրեն ոգևորում էր երեխաների արձագանքը․ նրանց ներգրավվածությունը, պատրաստակամությունը։

«Բակի բոլոր երեխաներով ամեն ինչ անում էինք, որ մեր բակը միշտ առաջինը լիներ, տարբերվեր իր ակտիվությամբ։ Կազմակերպում էինք հնարավորինս շատ միջոցառումներ և կողքի բակերից հրավիրում էինք մեր հարևաններին, բարեկամներին, ծանոթներին, որոնք ոգևորում էին մեզ։ Ինձ համար շատ ոգևորիչ էր հատկապես ծնողների արձագանքը, քանի որ նրանք փոքրիկ մի աղջնակից անընդհատ շնորհակալություն էին հայտնում, որ իրենց երեխաները կտրվել են համակարգչից, հեռախոսից և մասնակցում ու նույնիսկ ջանք չեն խնայում մեր բակային միջոցառումներում ամենալավը հանդես գալուց, նույնիսկ բակում անել դպրոցի դասերը, վերադառնալ դպրոցական կյանքին՝ այն էլ ամռանը»,- նշեց Քնարիկը։

Ուսանողուհու մանկության ընկերուհին՝ Լիլիթը, ներկայացրեց նրա մանկությունից մի դրվագ, որն այլ կողմից է բացահայտում աղջկան։

«Մենք շատ բակային միջոցառումներ էինք կազմակերպում։ Հիշում եմ մեր՝ «սենսացիա» առաջացրած միջոցառումը, որն այնքան սիրվեց ու տարածվեց, որ ներկայացրինք նաև բեմում։ Ներկայացումը «Կիկոսի մահը» հեքիաթն էր»,-նշեց Լիլիթը։

Շարունակելով խոսքը ընկերուհին նշեց, որ երբ արդեն պետք է բեմ բարձրանային և «մի երկու» րոպե էր մնում ներկայացումը սկսելուն, պարզվեց՝ Քնարիկը մոռացել է միջոցառման ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ թաշկինակը։ Փնտրել էին բոլոր տեղերում, սակայն չէին գտել։ Չէին նայել ամենահավանական տեղում․ վերջում պարզվել է, որ թաշկինակը Քնարիկի վերարկուի գրպանում է։

«Առանց թաշկինակի չէինք կարող սկսել, և ի վերջո գտանք այն, ներկայացումը կայացավ, ունեցանք բավականին հաջողված միջոցառում»,- հիշեց Քնարիկը։

Չնայած Քնարիկի ընտրությունը հստակ էր՝ դառնալ մանկավարժ, բայց շրջապատի կարծիքները ըստ նրա՝ թողնում էին ազդեցություն նրա որոշման վրա։

Այս առիթով ասաց. «Մանկավարժ դառնալը առաքելություն է, և ինձ բարկացնում էր այն հանգամանքը, որ չորս կողմից անընդհատ լսում էի՝ պետք չէ մանկավարժ դառնալ, աշխատավարձը ցածր է, ներվերդ կփչանա, գործ չունես, քեզ պետք չէ և նմանատիպ բազում արտահայտություններ։ Ինձ համար հուսադրող էր ծնողներիս պատրաստակամությունը ինձ աջակցելու և իմ որոշմանը կողմ լինելու առումով։ Իսկ ինձ միայն դա էր պետք»:

Քնարիկի մայրը հավելեց, որ ինքը դստեր որոշման հետ կապված ևս ստացել է նույն արձագանքը, և ինքն էլ համաձայն է, որ ուսուցչի գործը ծանր և շատ պատասխանատու աշխատանքներից մեկն է, բայց մասնագիտությունը, ըստ տիկին Դիանայի՝ պետք է ընտրել այնպես, որ հետագայում սիրով կատարես։ Նա հավելեց. «Մասնագիտությունը, եթե սիրով է ընտրված, մասնագետն անխոս լավագույնն է լինելու։ Այդ պատճառով մենք ամուսիններով միշտ աջակցել ենք մեր դստեր՝ ուսուցչուհի դառնալու որոշմանը»:

Քնարիկը նաև պատմեց համալսարանական կյանքից։ Ասաց, որ բուհ ընդունվելիս միշտ մտածել է, որ գլխավոր մասնաշենքում է սովորելու, սակայն բանասիրական ֆակուլտետն այլ շենքում էր։ Սկզբից շատ էր նեղվել, իսկ հիմա արդեն հարմարվել է․ «Շատ եմ սիրում իմ համալսարանը, ֆակուլտետս, և նույնիսկ ինձ այդքան խորթ թվացող մասնաշենքը»։

Կուրսընկերուհին՝ Սոֆիան, պատմում է, որ Քնարիկը համալսարանում ևս շատ ակտիվ է, պատասխանատու ու նախաձեռնող, և իրենց կապել է ՈւԽ-ն, որտեղ միջոցառումների անմիջական մասնակիցը ևս Քնարիկն է։

Եղբայրը՝ Դավիթը, դժգոհում է ուսանողուհու զբաղվածությունից։

Նա նշեց. «Շատ ենք վիճում, քանի որ ժամանակ չի լինում ոչ մի բանի։ Ես տեսնում եմ, որ քույրս նեղվում է, որ իրեն մի հարցով դիմում եմ, չի հասցնում օգնել, բայց, միևնույն է, չեմ կարողանում ընդունել իր՝ այդքան զբաղվածությունը»:  

Կուսընկերուհի Սոֆյայի խոսքով՝ Քնարիկի՝ այսքան զբաղվածությունը նրան չի խանգարում դասերին կամ ՈւԽ նիստերից որևէ մեկին պատրաստ ներկայանալ։ Նա միշտ ամենաակտիվն է, երբեք չի ուշանում, բոլորից շուտ գալիս է և սկսում աշխատել։ Հատկապես սիրում է համալսարանական գրատախտակը ու պարզաբանեց. «Գրատախտակի վրա արված ցանկացած սխալ իմ մեջ շատ լավ է տպավորվում, և ես այլևս նույն սխալը չեմ կրկնում»:

Լիլիթ Հովհաննիսյան

3-րդ կուրս

Կիսվել