«Հրամանատարը չպետք է ասի առաջ, պետք է ասի՝ իմ ետևից»․ Վահագն Ասատրյան

«Հրամանատարը չպետք է ասի առաջ, պետք է ասի՝ իմ ետևից»․ Վահագն Ասատրյան

1247

Հայրենասիրությունը երբեք խոսքով չի լինում, այն անվերջանալի աշխատանք և պայքար էՎահագն Ասատրյանը այս խոսքերի վառ օրինակն է մասնակցել է Արցախի ազատագրմանը, քառօրյա և 44-օրյա պատերազմներին և սեպտեմբերի 13-ից եղել է հայ-ադրբեջանական սահմանի ռազմական գործողությունների կիզակետում, որտեղից  օրեր առաջ է վերադարձել։

-Ո՞ր տարածքների ազատագրմանն եք մասնակցել Արցախյան առաջին պատերազմում, ի՞նչ կպատմեք այդ տարիներից։

-1989 թվականից մասնակցել եմ ռազմական գործողություններին: Իմ ջոկատի հետ մասնակցել եմ  Լաչին՝ Լիսագորի, Կուբաթլուի, Աղդամի՝ Սումա-Գյուլջայի, 1993-94-ին Քարվաճառի ազատագրմանը։ Ամենաշատը զոհված ընկերներիս եմ հիշում, նրանք այսքան տարի անց միշտ իմ հիշողություններում են։ Սամա-Գյուլջայի ազատագրումից առաջ գյուղում շրջափակման մեջ ընկանք, միակ անգամը, երբ ստիպված եղա զոհված ընկերոջս թողնել նահանջի ժամանակ, բայց ճանապարհի կեսից ամենաթեժ պահին ակամա ետ վերադարձա ու բերեցի մարմինը հետս։

-Պատերազմի ավարտից հետո ծառայության անցաք Արցախումքանի՞ տարի եք ծառայել։

-1996 թվականից սկսած 17 տարի ծառայել եմ Քարվաճառի լեռներում՝ Օմարում, Մռավում։ Այնտեղ ամառ չկար․մշտական ձմեռ էր, արդեն սովոր էինք եղանակին, ոտքով լեռներ բարձրանալուն, ձյան առատ լինելու պատճառով՝ օրերով սոված մնալուն, բայց տղերքիս հետ երբեք չենք տրտնջացել այդ պայմաններից: Սիրում էինք էդ կյանքը, անվերջանալի փորձությունները։

-Ձեր ընտանիքը ամիսներով հազարավոր կիլոմետրեր հեռու էր Ձեզնից, 5 երեխաների, սիրելի կնոջ կարոտը չէին ստիպու՞մ Ձեզ հետ կանգնել ծառայությունից. ի՞նչն էր այդքան ամուր ձեզ կապել Արցախի լեռներին։

-Առավելապես հենց մենք՝ սասունցիներս գիտենք՝ հայրենի տունը կորցնելն ինչ դաժան բան  է, ամենաթանկը այն հողն է, որի համար հազար անգամ կյանքդ թելից է կախված եղել, այն հողը, որի վրա ընկերներդ են զոհվել․ես ամուր կապով կապված եմ հայրենի հողին, ու դա ողջ կյանքի համար է։

-Պայմանագրային ծառայությունից հետո արդեն 6 տարի է դասավանդում եք դպրոցում, ո՞րն է այն խորհուրդը, որ ամենաշատն եք տալիս ձեր աշակերներին։

-Երեխեքը ինձ նոր ուժ ու եռանդ են տալիս, նրանց իսկական զինվոր լինել եմ սովորեցնում առաջինը, կարգ ու կանոն պահելուց մինչև դիպուկ կրակել։ Գլխովս անցածը միշտ պատմել եմ երեխեքին, իմ ու զինվորներիս օրինակով պատմում ու սովորեցնում եմ անվախ մարտիկ լինել, իսկ դրա համար պիտի քո առջև դրված խնդիրը ճիշտ կատարել իմանաս։ Ապագա զինվորներին միշտ ասում եմ «խելոք չար» կլինեք, տղե՛րք։

-Քառօրյա ու 44-օրյա պատերազմների սկսելուն պես դարձյալ առաջնագծում էիք, այդքան տարի անց նորից պատերազմի մեջ, այս անգամ, ցավոք, նահանջողի դիրքերում՝ Հադրութումկպատմե՞ք այդ օրերի մասին։

-Հադրութից շատ հիշողություններ եմ բերել ողջ կյանքի համար․ կռվի ամենաթեժ պահին պատահական հանդիպում եմ Քարվաճառի զինվորներիցս մեկին, մենակ էր մնացել, թաքնվել խրամատում, երբեք չեմ մոռանա նրա ուրախությունը, երբ տեսավ ինձ։

-Ձեր զինակից ընկերների խոսքով՝ ողջ խումբը, առանց զոհ և վիրավոր տալու, դուրս եք  բերել հարձակման ժամանակ։

-Դա Հադրութում մեր վերջին օրն էր, կանգնել էի այն հատվածում, որտեղից պիտի հետ գնային, և ամեն մեկին առանձին անցկացնում էի: Վերջում, երբ 15 րոպե  տարածքը վերջնական  ստուգելուց հետո ես էլ հասա տղերքին, բոլորը մտածում էին՝ արդեն զոհված եմ, ժպտալով ասեցի՝ «ՉԷ՜, դղե՜ք, ընձի թուրքի գյուլա չգբնի»:

-Ի՞նչն էր այդ օրերին ամենադժվարը Ձեզ համար։

-Ժամկետային զինվորների մարմինները տեսնելը, երբ պարզապես անզոր էինք գոնե դուրս հանել կրակի գոտուց։ Հայրենի հողը կորցնելը, ամեն քայլ հետ գնալը աննկարագրելի ցավ էր պատճառում, բայց իմ ողջ ծառայողական կյանքում ամենակարևորը ինձ համար զինվորի կյանքն է եղել։ Մենք մեր և մեր զինակից ընկերների  կյանքը գնահատել պիտի իմանանք ու ամեն անգամ էլ ավելի արժևորենք այն, իսկ անզորության զգացումը ներսից ամեն պահ քայքայում էր մեզ։

Երբ ողջ մնալու հավանակաությունը շատ քիչ է եղել, կա՞ր միտք, որ ամենաշատն էր Ձեր գլխում պտտվում։

-Գիտեք, այդ պահին ժամանակ չի լինում վախենալու, երկար մտածելու, ու պետք էլ չի, միակ բանը, որ պիտի անես, արագ, ճիշտ կողմնորոշվելն է։ Մտքում անընդհատ կրկնում էի՝ «Մենակ հասցնենք տղեքին հանենք, հանկարծ իրենց բան չլինի»:

-Հադրութից վիրավորված վերադարձաք, 2 օր հետո, սակայն, ջոկատ կազմելով, նորից գնացիք. չէի՞ք հաշտվել նահանջի հետ։

-Պատերազմը շարունակվում էր, մեր կարիքը կար, ուրեմն էնտեղ պիտի լինեինք։ Ցավոք, այդ անգամ չհասցրի հասնել սահման, տեղափոխվեցի հիվանդանոց, ջոկատս առանց ինձ գնաց, փառք Աստծո՝ ողջ-առողջ վերադարձան։ Միշտ ասել եմ՝ «Հրամանատարը չպիտի ասի առաջ, պիտի ասի՝ իմ ետևից», չէի ների ինձ, եթե տղերքին բան պատահեր։

-Պատերազմը այսօր էլ շարունակվում է։ Սեպտեմբերի 13-ի ագրեսիայի ժամանակ Երկրապահ կամավորական միության կազմում 2 ամիս դարձյալ առաջնագծում էիք: Պատերազմից հետո ինչպիսի՞ն է սահմանապահ զինվորների ռազմական ոգին, ի՞նչ խորհուրդներ էիք տալիս ժամկետայիններին։

-Պատերազմը միշտ շարունակվել է, այն ինձ համար երբեք չի դադարել, ես ողջ կյանքում եմ եղել այդ կռվում, ու եթե կարիք լինի, էլի կլինեմ։ Քառօրյային էլ, 20 թվին էլ, այս վերջին ամիսներին էլ հիացել եմ 18 տարեկան տղեքի ամրության ու ուժի վրա: Փորձն է պակասում երբեմն, ես էլ այնտեղ եմ, որ ամեն պահի, երբ հասկանամ, որ իմ մեկ խորհուրդ, որևէ իմացություն, կամ ներկայությունս կօգնի երեխեքին, իրենց կողքին, իրենց թիկունքին լինեմ։ Հավատացեք, այս տարիքում իրենց հետ նույն խրամատում գիշեր-ցերեկ կանգնելիս հենց ես եմ շատ բաներ սովորել իրենցից։ Զինվորը չի վախենում, երբ գիտի իր անելիքը ամեն պահի։ Ամեն իրավիճակի դեպքում սովորեցրել էի՝ ինչպես վարվեն․դա է ամենակարևորը։

-Ձեզ հետ սահմանին եղածները  փաստում են՝ Չեք քնում գիշեր-ցերեկ։

-Ինչքան էլ հոգնած լինեմ, ինչքան էլ վստահ լինեմ տղերքի վրա, մեկ է, հենց պառկում եմ, մտքովս անցնում է՝ «Բա որ հիմա տղեքից մեկի քունը տանի, որ հանկարծ կրակեն, հարձակում լինի, մեկը ուշադիր չլինի, ոնց ես քնած լինեմ»։ Չէ՜, սահմանին քնելն ինձ համար չէ։

Սրբուհի Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել