Աղավնատան ամենատարեց պապիկը

Աղավնատան ամենատարեց պապիկը

1192

«Ամեն բան սրտին մոտ չեն ընդունի, բալի՛կ ջան»,- հաճախ է այսպես դիմում Լիպարիտ պապը իր թոռներին։ 91-ամյա Լիպարիտ Գևորգյանը ծնվել է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրում։ Գյուղի ամենատարեց տղամարդն է։  Գյուղում գրեթե բոլորն են ճանաչում նրան։ Շատերին է հետաքրքրում նրա երկարակեցության, եռանդի և առույգության գաղտնիքը։ Իսկ նա ունի իր բանաձևը. «Պիտի ոչ մեկին չնախանձես, ոչնչից չչարանաս, շուտ արթնանաս և, իհարկե,  աշխատես շատ և սիրով»։ Իսկ որդին հոր երկարակեցության գաղտնիքներից մեկն էլ համարում է նրա մեծահոգությունն ու ներողամտությունը։ Գյուղում, և հատկապես իր փողոցում նրան ճանաչում են որպես բարի պապիկի։ 

Լիպարիտ պապի օրը սկսվում է վաղ առավոտից՝ ամռանը՝ 5-ից, աշնանը, ինչպես ինքն է ասում, ավելի ուշ՝ ժամը 6-ից։

Լիպարիտ պապը այս տարիքում էլ զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Գյուղում  ելակի մշակությամբ առաջիններից է եղել։ Խաղողագործությունը նրա կյանքի անբաժան մասն է արդեն երկար տարիներ։ Ամեն տարի՝ աշնանը,  նրա հարազատները հատուկ գալիս են գյուղ՝ ճաշակելու Լիպարիտ պապի մշակած խաղողը և վայելելու այդ խաղողից ստացված գինին։ Վերջին տարիներին ընտանիքի անդամների հետ զբաղվում է նաև ջերմոցային տնտեսությամբ՝ աշխատանքը սկսելով առավոտյան ժամը 5-ից։ Գյուղատնտեսական ամենատարբեր աշխատանքները նա կատարում է մեծ սիրով ու եռանդով՝ զարմացնելով իր արագությամբ. «Երբեք չեմ հոգնում աշխատելուց, անընդհատ պիտի ինչ-որ բանով զբաղվեմ։ Հարևաններին հաճախ խորհուրդներ եմ տալիս բույսերի ճիշտ մշակման վերաբերյալ, բոլորին էլ սիրով օգնում եմ»։ Լիպարիտ պապը կարևորում է նաև ճիշտ և առողջ սնվելը։ Նաև առանձնանում է նրանով, որ ողջ կյանքում ծխախոտ չի օգտագործել, և չի սիրում, երբ իր ներկայությամբ ծխում են։ 

«Գիտունիկ» մականունով պապիկը ընդամենը 3 տարի է սովորել դպրոցում, բայց զարմացնում է իր իմացությամբ, կյանքի նկատմամբ չմարող հետաքրքրասիրությամբ, և մինչև հիմա էլ անգիր հիշում է ժամանակին իր սովորած դասերը ու պարծենում, որ լավագույն սովորողներից է եղել։ Դպրոցը կիսատ է թողել ծնողներին օգնելու համար։ Ընտանիքի անդամները կես կատակ, կես լուրջ ասում են, որ Լիպարիտ պապը, ավելի լավ պայմաններում ապրելու դեպքում, կարող էր գիտնական դառնալ։ Թեև չի ունեցել լիարժեք կրթություն ստանալու հնարավորություն, բայց միշտ կարևորել է այն և նույն ոգով էլ  դաստիարակել է  երեխաներին. «Ճիշտ է, ես չեմ սովորել, բայց կրթությունը շատ կարևոր եմ համարում, ու թեկուզ ինձ մի քիչ էլ նեղություն  տալով՝ երեխաներիս ուսման եմ տվել, որ հասարկության համար պիտանի մարդ դառնան»։

Թոռներին էլ խորհուրդ է տալիս ոչ մի բանից չհուսահատվել, միշտ առաջ նայել, սրտնեղելու փոխարեն աշխատել և գործել։

Աստղիկ Գևորգյան

4-րդ կուրս

Կիսվել