Արծվաշեն գյուղը՝ կարոտի երկիր

Արծվաշեն գյուղը՝ կարոտի երկիր

1385

Արծվաշենը գյուղ է, որը գտնվում էր Հայաստանի Հանրապետության Ճամբարակի շրջանում, գյուղ, որը 1992 թվականի օգոստոսի 8-ին գրավվել է Ադրբեջանի կողմից: Մեծամասնությանը հայտնի է որպես Բաշքենդ, շատերն էլ առհասարակ չգիտեն նրա մասին:

Գյուղի գրավումից մի քանի օր առաջ բնակիչները տեղահանվել են։ Նրանց հիմնական մասը բնակություն է հաստատել Գեղարքունիքում, մնացածը՝ այլ մարզերում: Նրանք զրոյից փորձել են կառուցել իրենց տունը, փորձել են նոր կյանք սկսել և իրենց աշխատասիրության միջոցով հաջողել են:

Մորական պապս արծվաշենցի է, 87 տարեկան մի մարդ, որն իր կյանքում շատ բան է տեսել։ Նրա ամեն մի կնճիռը ցույց է տալիս իր դժվար, բայց հաղթահարելի կյանքը: Պապս պատմում է, որ տեղահանվելուց հետո մնալու տեղ չեն ունեցել. մի քանի օր բարեկամի տանն են մնացել, որից հետո տեղափոխվել են Ճամբարակի շրջանի Այգուտ գյուղ՝ ծանոթ մարդու դատարկ տան մեջ  ժամանակավոր ապրելու, հետո Ճամբարակում բնակվող մոլոկաններից խրճիթի նման տուն են գնել վարկով և բնակություն հաստատել այնտեղ: Մայրս այդ ժամանակ 13 տարեկան է եղել, այդ պատճառով շատ բան աղոտ է հիշում:

Պապս շատ է խոսում թուրքական հանցանքներից մազապուրծ և տարբեր երկրներում դեգերող արծվաշենցիների մասին, որոնք քարից հաց են քամել, ջանք ու եռանդ չեն խնայել իրենց կյանքը նորից շարունակելու համար:

Իր գյուղի կարոտով լցված՝ պապս հիշում է Արծվաշենի վանքը, Զամզամելի աղբյուրը, Զնգան քարը, Մեծ յալը, Չամչիի աղբյուրը, Զյոռբաքյանդ թաղամասը, որտեղ ապրել են, և այն լիճը, որտեղից հաճախ ձուկ են բռնել:

Հիշում է հայ գրող Արամայիս Սահակյանին, որն Արծվաշենից էր, և նրա բանաստեղծությունը՝ նվիրված Արծվաշենին:

Հայաստանի քարտեզում, Սևան լճից այն կողմ, տե՛ս,

Սահմանից դուրս կա մի գյուղ՝ ասես կղզի՝ սրտի պես:

Եթե եղել եք այնտեղ, նախանձում եմ ձեզ արդեն:

Դա հին Բաշքենդ գյուղն է մեծ, որ կոչվում է Արծվաշեն:

Այնտեղ սարե՜ր կան սիրուն, պաղ աղբյուրներ ու ջրվեժ:

Շիրիմներ կան դարավոր, որ ապրելու են հավերժ:

Եկեղեցի կա փոքրիկ՝ նոր անտառներ սլացիկ,

Եվ մի լճակ գեղեցիկ, որ սարքել են գյուղացիք:

Կա զոհվածի հուշարձան (տղերքն ինչո՞ւ ուշացան…), 

Անուններ կան գեղեցիկ՝ Չամչի աղբյուր, Զնգան քար:

Ավանդական կարգ ու ծես՝ դեռ հարգի են, ազդեցիկ: –

Որտեղ չկա առուծախ, այնտեղ ազնիվ են մարդիկ:

Գյուղն է կոչվում Արծվաշեն, արծիվ չկա բայց այնտեղ:

Այնտեղ մարդի՛կ են արծիվ, որ սիրում են աշխատել:

Բոլորինն է հյուրն ասես, ձեռքից-ձեռք են խլում միշտ:

Եվ թող մարդիկ լա՛վ ապրեն, ախր շատ են տեսել վիշտ:

Գյուղը չունի անցյալի հայտնի այրեր պատվական,

Գանձեր չունի բաղձալի, հայտնի վայրեր պատմական,

Բայց հողը, որ հերկվում է, հայրենի՜ է դարավոր,

Իսկ հայրենի հողն ի՞նչ է՝ միակ գանձն է զորավոր:

Ես ծնվե՛լ եմ այդ գյուղում: Ես ապրե՛լ եմ այդ գյուղում:

Հիմա որպես մի որդի՝ այս խոսքերն եմ քեզ ուղղում.

Ախ, երանի միշտ ապրեմ այնպես ազնիվ ու մաքուր,

Որ քո փառքին, Արծվաշեն, բերեմ արծվի մի փետուր…

Պապիս հայրը գյուղի մեծերից էր՝ Գրիգոր ամին: Նա հարգված մարդ էր, նրանից խորհուրդ լսելու էին գալիս ինչպես հայերը, այնպես էլ առևտրական ադրբեջանցիները: Բայց պապս հաճախ ասում էր, որ զգուշանա նրանցից, քանի որ իր աչքով է տեսել, թե ինչպես է Գրիգոր ամուց օգնություն ստացած թուրքը  վնասել գյուղի անասուններին: Այդ թուրքն իր պատիժը ստացել է, բայց նրա նման թուրքերի պատճառով է, որ պապս մինչև հիմա կարոտը սրտում է ապրում:

Հիմա  գյուղն Ադրբեջանի տարածքում է գտնվում, և այդտեղ ադրբեջանցիներ են ապրում:

Պապս հաճախ փորձում է չհիշել դա: Շատ է կարոտում իր գյուղը, և դա նրա աչքերում էլ հնարավոր է կարդալ:

Լիլիթ Ապրեսյան

2-րդ կուրս

Կիսվել