«ԵԹԵ ԼԱՎ ՏԻՐԱՊԵՏԵՍ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԴ, ՀԱԶԱՐԻ ՄԻՋԻՑ ՔԵԶ ԿՆԿԱՏԵՆ»․ ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ

«ԵԹԵ ԼԱՎ ՏԻՐԱՊԵՏԵՍ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԴ, ՀԱԶԱՐԻ ՄԻՋԻՑ ՔԵԶ ԿՆԿԱՏԵՆ»․ ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ

2528

«Լուսավոր արվեստանոց, լռություն, թուղթ և գույներ․ սրանք են այն կարևոր նախապայմանները, որոնք  օգնում են գաղափարներդ հանձնել թղթին և դրանց իրականության թևեր տալ»,- հավաստիացնում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դիզայնի բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի Սուսաննա Սահակյանը։

Ապագա դիզայներն իր հիսունից ավելի կոմպոզիցիաները ստեղծել է հենց այդ պայմաններում։ Նրա համոզմամբ՝ իր գործում կարևոր մոտիավացիա են նաև գովասանքը, որը ծնունդ է տալիս մի նոր ստեղծագործության։ Սուսաննան միաժամանակ չի բացառում նաև այն դեպքերը, երբ առանց տրամադրվածության ստեղծված գործերն ավելի հաջող են եղել և դասախոսների կողմից գովասանքի արժանացել․ «Պատահում է, որ  մի նոր բան ստեղծելու միտքը տալիս են ընկերներս, չնայած ամեն բան ստեղծելիս անպայման անհրաժեշտ է հիմնավոր ուսումնասիրել ոլորտն ու հստակ տիրապետել աշխատանքիդ բոլոր հմտություններին»,- ասում է Սուսաննան։

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական պետական քոլեջում սովորելու տարիներին նրան արդեն հաջողվում է ինքնուրույն զբաղվել իր լուքով և մինչև անգամ դառնալ ինքն իր քննադատը․«Ինձ համար արդեն գրեթե անհնարին է զբոսնել և քննադատական հայացքով չնայել անցորդներն` ինչպե՞ս են հագնված․դա անկախ ինձնից է ստացվում։ Ես պարզապես ինքս իմ մեջ փորձում եմ վերլուծել մարդկանց հագուկապը և հասկանալ՝ արդյո՞ք գույները ճիշտ են համադրել, թե՞՝ ոչ,»

Սուսաննան չի բացառում նաև այն հավանական ճգնաժամերը, որոնք, ըստ նրա, իր ստեղծագործական շրջանի անբաժան մասն են կազմում․«Ստեղծագործական ճգնաժամերն ինձ մոտ սովորաբար մեկ ամիս են տևում, բայց կարևորը ճիշտ ժամանակին սթափվելն ու առավել մեծ եռանդով ստեղծագործելն է»,- նշում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դիզայնի բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի Սուսաննա Սահակյանը։

Դեռ քոլեջ ընդունվելիս նա ինքն իրեն խոստացել է իր ուժերի առավելագույն չափով սովորել և մինչ օրս չի կասկածել իր մասնագիտական ընտրության շուրջ։ Իր խոսքերով՝ դեռ մանկուց է սիրել հագուստի մոդելավորմամբ զբաղվել և առաջին փորձերն արել է քույրիկներին հագուստի և դրանց գույների ընտրությունների հարցում խոհուրդներ տալով․ «Ակնառու է, որ այսօր մեր հասարակությունը փորձում է յուրացնել եվրոպական ոճը։ Եվ այդ առումով միակ խնդիրը գույների ճիշտ համադրությանը հասնելն է, ինչպես, օրինակ, կարելի է կանաչը համադրել դեղինի հետ, կապույտը՝ սևի և մոխրագույնի, շագանակագույնը՝ փիրուզագույնի»,- նշում է Սուսաննան։

Նրա համար ստեղծագործական ժամը սկսվում է կեսգիշերին, երբ ստեղծվում են ամենահետաքրքիր գաղափարները։ Եվ նրա համոզմամբ` դա նույնն է գրեթե բոլոր արվեստագետների մոտ։ «Եթե լավ տիրապետես մասնագիտությանդ, հազարի միջից քեզ կնկատեն ու լավ աշխատանք կառաջարկեն»,- հավաստիացնում է Սուսաննա Սահակյանը՝ հույս ունենալով, որ քոլեջն ավարտելուց հետո իրեն կհաջողվի աշխատել իր մասնագիտությամբ ու դառնալ այդ հազարից մեկը։

Շողիկ Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել