«Ես կռիվ եմ տվել հողի ու տղեքի համար, եթե պետք լինի, ամբողջ...

«Ես կռիվ եմ տվել հողի ու տղեքի համար, եթե պետք լինի, ամբողջ կյանքս կկռվեմ». Սուրեն Ղազարյան

381

Սուրենը 44-օրյա պատերազմի մասնակից է, բայց երբեք չի սիրում խոսել կռվից.

«Չեմ սիրում խոսել կռվից, թե ինչ եմ արել, երբ եմ կռվել ու ինչպես եմ կռվել, որովհետև տեսակով ավելի լուռ եմ, և սիրում եմ տեսածս ու լսածս իմ մեջ պահել, շատ են եղել, որ հրավիրել են հարցարույզի, բայց մերժել եմ. դե ես էլ հիմա էս տեսակն եմ, ի՞նչ անենք»։

Սուրենը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, սովորում է Երևանի Պետական համալսարանի միջազգային  հարաբերությունների ֆակուլտետում, ընդունվելուց 3 ամիս հետո մեկնել է ծառայության, ծառայել է ԼՂՀ-ի Իվանյանի զորամասում։

«Կռվի առաջին օրից դաշտում չեմ եղել, մի փոքր ուշ եմ մեկնել ռազմաճակատ, կռվել եմ Մարտունիում և Շուշիի տարածքում, կռվել ենք մինչև վերջ»,-պատմում է Սուրենը։

Մի պահ  լռում է և տևական լռությունից հետո խոսում.

«Պահ է եկել տղեքը թևաթափ են եղել, ուղղակի չեն ուզել շարունակել, կամ իսկապես հոգնել են պայքարելուց, որովհետև էներգիա անգամ չի եղել, բայց թիկունքին ենք նայել, ստացել ենք նամակներ ու առաջ գնացել»,- պատմում է Սուրենը։

Գրպանից հանում է դրամապականը, հանում 2 թուղթ, մեկը իր  արձակման թերթիկն էր, մյուսը կռվի ժամանակ ստացած նամակը։

«Լսի, 6 սիրուն աղջիկներով ստեղ նստած ձեր համար կոնֆետներ ենք դասավորում։  Դուք էլ կարաք ձեր նկարներից ուղարկեք մեզ»,- գրված էր նամակում։

Սուրենը չի կարողանում թղթերը նետել, ասում է՝ միշտ նայում եմ, միշտ իրենք ինձ հետ են։

«Հրաման եկավ որ պետք է հետ գնանք, բայց ես չէի ուզում, քանի որ տարածք ունեի, որ ազատ էր, և կարող էի առաջ տանել մարտը, եղել եմ տանկի հրամանատար, այդ իսկ պատճառով նահանջի փոխարեն առաջ եմ գնացել՝ հասկանալով, որ կարող եմ հանգիստ շրջափակման մեջ ընկնել»,- Պատմում է Սուրենը:

Ու կրկին լռում ենք, գրպանից հանում է կրակայրիչը, սկսում է անհանգիստ շարժել, ընկեր է կորցրել, ով կարևոր մարդ էր իր կյանքում:

Ընկերոջ մայրը  շատ է զանգում Սուրենին,  հրավիրում իրենց տուն, բայց Սուրենը չի կարողանում գնալ և նայել ընկերոջ մոր աչքերի մեջ. մտածում է՝ ի՞նչ պետք է ասի։

«Կյանքում չեմ կարողացել ստել, բայց այդ օրերին մորս կարողանում էի խաբել, և, ի զարմանս ինձ, շատ լավ ստացվում էր: Ասում էի, որ ապահով տարածքում եմ, ոչ մի վտանգ չկա, բայց հեռախոսը անջատելուց հետո նստում էի տանկս և գնում Շուշիի մատույցների մոտ՝ Շուշիի համար պայքարելու»,-հիշում էր։

Կռվի ժամանակ մի քանի անգամ մահից է փրկվել, բայց մինչև հիմա չի հասկանում, թե ինչպես ստացվեց , որ իրավիճակներից կարողացավ ողջ ու առողջ դուրս գալ։

«Եղել է՝ կրակել են հենց իմ տանկի ուղղությամբ, անգամ վնասվել են շարժման ընթացքում։ 3 տանկ եմ կորցրել, դեպքեր են եղել՝ թշնամին ոտքով փորձել է բարձրանալ տանկի վրա, զգացել եմ  ամեն կրակոց: Հրամանատարը հրաման էր տվել, որ նստենք տանկ, բայց ես տղաներին ասացի՝ սպասեք կրակը դադարի, նոր կնստենք, ու լսեցի ԱԹՍ-ի ձայնը, որը  տարածքում էր: Ցրվեցինք, ու մինչև խոսքս ավարտելը պայթուն լսվեց, տեսանք, որ էն տանկը, որը պետք է նստեինք ու մարտ վարեինք, արդեն չկար։

Սուրենի հայրիկը այդ ժամանակ ոտքը կոտրել էր և չէր կարողացել գնալ և կանգնել տղայի կողքին, մարտնչել հայրենիքի համար, բայց Սուրենը ժպտալով ասում է․

«Պապային տեսնեի, կարող է մեքենա գտնեի ու հետ Հայաստան ուղղարկեի։ Հայրս Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մասնակցել է, և լավ պատկերացնում էր, թե ինչ է կատարվում, բայց երևի բարին դա էր, թե չէ կողքս կանգնած էր լինելու»։

Սուրենը շարունակում է լռել, ես նույնպես, քանի որ չգիտեմ, թե էլ ինչ կարող եմ հարցնել որ չցավեցնեմ…

Սուրենը ստացել է Արիության մեդալ, բայց էլի համեստորեն է խոսում.

«Մեդալ է էլի։ Բոլորս էլ արի ենք, բոլորս էլ կռվել ենք։ Բոլորս էլ, հայ ծնվելով, արդեն իսկ արի ենք։

Երջանիկ էր նոյեմբերի 9-ին, որովհետև  վերջապես ավարտվեց կռիվը, ու էլ ընկեր ու հարազատ չէր կորցնի: Ում էլ կորցրել էր, միշտ հիշում է և խոնարհվում նրանց առաջ։ Արդեն 2 տարին լրացել է, բայց մեկ անգամ է գնացել Եռաբլուր։

«Չեմ կարողանում գնալ, կոկորդս խեղդում է, բաց տարածքում օդ անգամ չի մնում, ինձ թվում է՝ անկանոն շարժում անեմ, կամ բարձր հոգոց հանեմ, կարթնանան տղեքը»։

Սուրենը  լռում է և այլևս չի կարողանում շարունակել, աղոթում է, որ հավերաժական լինի խաղաղությունը, իսկ եթե Աստված մի արասցե նորից զենքերը սկսեն խոսել, առանց երկար բարակ մտածելու կգնա և կկռվի։

«Ես կռիվ եմ տվել հողի ու տղեքի համար, եթե պետք լինի, ամբողջ կյանքս կկռվեմ»:

Նինա Առուստամյան

4-րդ կուրս:

Կիսվել