Դասախոսի աթոռին նստած նկարիչը

Դասախոսի աթոռին նստած նկարիչը

604

Ֆիզիկական դաստիարակության դասախոս Հրաչիկ Հակոբյանը խիստ է ուսանողների բացակայությունների հարցում, բայց, միևնույն ժամանակ, հանդուրժող է ամբողջ էներգիան ու ժամանակը պահանջող քմահաճ արվեստի նկատմամբ: ԵՊՀ դասախոսը գրում է առողջության պահպանման վերաբերյալ գրքեր, սիրում է գրքեր կարդալ ու նաև ոգեշնչվում է դրանց կերպարներից և քանդակում որոշներին: Նկարիչ, քանդակագործ, գրող, ում փորձել է բացահայտել Journalist.am-ը:

– Ե՞րբ Ձեր մեջ բացահայտեցիք նկարչին ու հասկացաք, որ ուզում եք և կարող եք նկարել, որ նկարչությունը Ձեր մի մասն է. Դո՞ւք բացահայտեցիք նկարչությունը Ձեր մեջ, թե՞ այն գտավ Ձեզ:

– Սա մի շատ հետաքրքիր պատմություն է: Կինս բանասեր է, զարգացած է և խելացի մարդ:  Երբ ծանոթացանք, ես դասախոս էի, իսկ ինքը՝ ուսանողուհի: Մենք ամուսնացանք, որովհետև նա կիսում էր իմ հայացքները և հասկանում էր արվեստից: Մի գիշեր երազում տեսա Աստծուն, ձեռքը դրեց իմ գլխին և ասաց՝ պետք է դառնաս նկարիչ: Ես ընդհանրապես չէի նկարում և ոչ էլ նկարչական դասընթացների էի գնացել: Սկսեցի նկարել, ու վատ չէր ստացվում: Աստված այդ լույսը դրեց իմ հոգու մեջ: Դրանից հետո սկսեցի ավելի շատ խորացնել իմ աշխատանքները: Սովորեցի  Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, որից հետո վերջացրի Մանկավարժական համալսարանի գեղանկարչության բաժինը՝ ոսկե մեդալով: Ուսանող ժամանակ արդեն նկարիչների միության անդամ էի, իսկ դրան հասնելը բավական դժվար էր: Նկարիչների միությունում ցուցահանդեսների քանակով առաջին տեղում էի, ինչի համար ինձ արվեստանոց էին տրամադրել: Ես չեմ գնել իմ արվեստանոցը, ինձ շնորհել են:

-Ասացիք, որ ցուցահանդեսների թվով առաջին տեղում էիք, իսկ որտե՞ղ եք սիրում ցուցադրել Ձեր նկարները:

– Ցուցադրություններ անում են հիմնականում արտասահմանում, որովհետև այստեղ շատ քիչ թվով մարդիկ են նկարներս գնում: Իսկ նկարչին, պատկերացրեք, հարկավոր են վրձին, ներկեր, կտավ, շրջանակ. դրանք ձեռք բերելու համար գումար է անհրաժեշտ: Դրա համար ես սկսեցի որոշ գործերս տրամադրել վաճառքի: Արտասահմանում շատ են գնահատում արվեստը: Իհարկե, նկարիչը չպետք է ընկնի գումարի ետևից, բայց գումարն անհրաժեշտ է նյութական կարիքները բավարարելու համար:

– Ինչպե՞ս էիք ԽՍՀՄ տարիներին և՛ նյութական կարիքները բավարարում, և՛ նկարչական պարագաներ գնում:

– Նախ ասեմ, որ ես շատ գրաֆիկական աշխատանքներ էի կատարում՝ աստվածային և բնության թեմաներով: Գնում էինք էտյուդների քաղաքից դուրս, հայկական եկեղեցիներ, բնաշխարհ էինք նկարում ու մասնակցում էինք ցուցահանդեսների: Նկարիչն ունի իր ձևը, իր ոճը, որին հետևում է, բայց մենք, ոնց ասում են, «չեկի» տարիներին շատ փոխվեցինք, որովհետև շատ ծանր էր: Գումար չկար. դասախոսին տալիս էին տասը, թե քսան դրամ ողջ ամսվա համար: Դե պատկերացրեք՝ ինչպիսին էր մեր վիճակը: Ես չէի կոտրվում, մյուսներն էլ չէին կոտրվում. նկարիչը ստեղծագործում էր: Ի՞նչ անենք, որ քաղցած էինք:

-Ինչպե՞ս եք որոշում, թե ինչ պետք է նկարեք. որտեղի՞ց, ո՞ր աշխարհից են Ձեր ստեղծագործությունների հերոսները:

-Ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվում: Գնում եմ քաղաքից դուրս ու սկսում նկարել բնություն: Քաղաքից դուրս այնքան բաներ կան նկարելու. ուզում ես ծով նկարել, դիմացդ Սևանա ծովն է, ուզում ես եկեղեցի նկարել, ապա բավականին լավ եկեղեցիներ ունենք. մեր երկիրը հարուստ է եկեղեցիներով, օրինակ՝ Հաղարծինը՝ շրջապատված բնությամբ, բացի այդ՝ Սաղմոսավանքը նույնպես շատ գեղեցիկ է. նայում ու հիանում ես, թե ոնց է մարդը կերտել այն սարերի վրա:

Ամենաշատը սիրում եմ բնություն նկարել. նկարիչը չի կարող կտրվել բնությունից: Սիրում եմ աշխատել բնության մեջ, բայց դրա հետ մեկտեղ սիրում եմ նաև իմ արվեստանոցը, որովհետև այն հնարավորություն է տալիս մինչև ուշ գիշեր նկարելու, և անգամ լինում են դեպքեր, երբ ողջ գիշեր նկարում եմ, բայց հաջորդ օրը գալիս եմ դասի, որովհետև պետք է նաև աշխատել:

-Դժվար չէ՞ համատեղել դասախոսի աշխատանքը նկարչական գործունեության հետ:

– Իսկ ի՞նչ կարող եմ անել. ընտանիք ունեմ, որը պետք է պահել: Հո չեմ ծեծելու հարևանիս դուռը և ասեմ՝ ինձ գումար տուր: Ավելի լավ է, որ ինքդ ստեղծես այդ գումարը:

-Ունե՞ք այնպիսի նկար, որին սիրահարված եք և չէիք ցանկանա դրանից բաժանվել: Եվ ընդհանրապես դժվա՞ր է Ձեզ համար նկարներից բաժանվելը:

– Սրա հետ կապված մի անգամ ես խոսք տվեցի, բայց խոստումս չկարողացա պահել: Երբ գնորդը գալիս է և ուզում է նկար գնել, նա հասկանում է նկարից և ընտրում է ամենալավը: Իննսունական թվականներին էր՝ նկարներիցս մեկը վաճառեցի ու մինչև հիմա փոշմանել եմ: Երկու ծովապատկեր էին: Գնորդը եկավ ու կանգնեց հենց այդ երկու նկարների վրա: Ասաց՝ կվճարեմ որքան ուզում եք, միայն թե վաճառեք: Կյանքը ստիպեց, որ ես դրանք վաճառեի:

Ծնողների մահանալուց հետո ընտանիքի ողջ հոգսը Ձեր ուսերին էր: Ինչպե՞ս  հաղթահարեցիք այդ դժվարությունները:

– Ինձ օգնեց սպորտը: Նաև ենթարկվել էի ավտովթարի: Մինչև ավտովթարը ես եղել եմ լավ սպորտսմեն և, անգամ, սպորտի վարպետի կոչում ունեմ: Ինձ նաև օգնեց այն, որ ես կոտրվող չեմ, պայքարում եմ լավագույնին հասնելու համար և ձգտում եմ նաև, որ այդ ճանապարհին ոչ միայն ինձ, այլև դիմացինիս համար լավ լինի: Եվ դրա համար չեմ ստում ու նաև չեմ սիրում մարդկանց, ովքեր ստում են: Որովհետև սուտը ամեն ինչ քանդում է՝ սկսած ընտանիքներից մինչև երկրներ: Դրա համար էլ հաջողությանս ճանապարհին աշխատում եմ մաքուր մնալ:

– Եթե մի օր հայտնվեք այնպիսի իրավիճակում, որ ստիպված լինեք ընտրել կա՛մ սպորտը, կա՛մ արվեստը, որը՞ կընտրեք:

-Իհարկե արվեստը: Արվեստը ինձ ձգում է: Նաև գրականությունն է ձգում. շատ եմ ընթերցում: Ընթերցանությունը իմ երկրորդ կյանքն է:

-Գրողների ստեղծագործությունները ազդեցություն ունենու՞մ են Ձեզ վրա:

– Իհարկե, շա՜տ: Պարույր Սևակը. պարզապես չեմ կարողանում առանց Պարույր Սևակի: Հատկապես, երբ ընթերցում եմ նրա «Անլռելի զանգակատունը» փշաքաղվում եմ: Նաև Թումանյանին եմ սիրում. հզո՜ր է: Ես Սևակի եւ Թումանյանի մահը շատ ծանր տարա, որովհետև նրանք դեռ շատ բաներ կարող էին թողնել ժողովրդին: Նույնն էլ Մինասն էր: Այդպիսի մարդիկ տիտաններ են և ծնվում են հազար տարին մեկ: Եվ այդ տիտաններին փորձում ենք հավասարվել, բայց, ավա՜ղ, արեգակին պետք է հեռվից նայել:

– Պատահե՞լ է, որ գիրքն ընթերցելիս այնքան ոգեշնչվեք, որ այդ գրքի հերոսին սկսեք նկարել:

– Այո՛, նկարել եմ: Օրինակ՝ «Բոռը», որը կարդալուց հետո այնքան էի հիացել, որ սկսեցի նկարել հերոսին: Նա սպիավոր էր, սիրում էր Ջեմմային, և նրանց սերը շատ մաքուր էր: Հետո սկսում է զբաղվել հեղափոխությամբ: Մի շնչով եմ կարդացել: Իմ ամենասիրելի գրքերից է: Ես իմ ուսանողներին էլ եմ խորհուրդ տալիս այն ընթերցել և, ընդհանրապես, շատ ընթերցել, որովհետև դա զարգացնում է մարդուն: Արվեստն ու գրականությունն ընդհանուր «լեզու» են, որով մարդիկ կարող են հաղորդակցվել՝ անկախ մասնագիտություններից:

– Դուք զբաղվում եք նաև քանդակագործությամբ։ Ինչպե՞ս դա ստացվեց:

– Սկզբում փորագրություններ էի շատ անում: Քանդակագործությամբ հետո սկսեցի զբաղվել ու շատ աշխատանքներ նվիրում էի: Հետո հասկացա, որ շատ ժամանակ և էներգիա եմ ծախսում դրանց վրա, ու ճիշտ չէ նվիրելը:Հիմա նաեւ տիկնիկներ եմ պատրաստում կավից՝ երեխաներին նվիրելու համար: Երբ նվիրում եմ, ուրախանում են: Մարդուն շատ բան պետք չէ ուրախանալու համար. կարելի է և՛ նվիրել, և՛ սովորեցնել մաքուր սրտով, կարևոր է հատկապես սովորեցնելը, որովհետև երբ չես սովորեցնում, իմացածդ քանի՞ կոպեկ արժի:

– Եղե՞լ են չստացված նկարներ:

– Հաջորդ օրը ստացվում են: Աշխատում եմ, աշխատում, մեկ էլ չի ստացվում, ու բարկանում եմ: Բայց չեմ պատռում: Մեծ նկարիչները պատռում էին, դեն էին նետում: Բայց ես այդպես չեմ անում, որովհետև հաջորդ օրն արդեն ուրիշ տրամադրություն եմ ունենում: Ստացվում է հաջորդ օրը:

– Նկարիչ դառնու՞մ են, թե՞ ծնվում:

– Իհարկե, նկարիչ չեն դառնում, այլ ծնվում են: Նկարել կարող ես, բայց նկարիչ դառնալը դժվար է: Ով ասես՝ կարող է նկարել, բայց դա դեռ չի նշանակում, որ նկարիչ է: Օրինակ՝ նկար է, նայում ես, գեղեցիկ է, բայց դրա մեջ խորություն չկա, միտք չկա, պայծառություն չկա: Նկարողներ շատ կան, բայց նկարիչներ՝ քիչ: Դրանք տարբեր բաներ են: Ով էլ ասես կնկարի, բայց նկարիչ չի դառնա. դա էլ Աստծու տվածն է արդեն: Նկարիչը ծնվում է նկարիչ:

Երջանիկ Հարությունյան

2-րդ կուրս


Լուսանկարները՝ հեղինակի

Կիսվել