«Nook». Արմավիր քաղաքի երիտասարդների անկյունը

«Nook». Արմավիր քաղաքի երիտասարդների անկյունը

346

Հակասրճարանը կամ միջազգային անվանումով «անտիկաֆեն» ժամանցի ձևաչափ է, որը թույլ է տալիս անցկացնել ժամանակը սուրճ կամ թեյ խմելով, սեղանի, ինտելեկտուալ խաղերով, պարզապես հանգստանալով կամ աշխատելով։ Հակասրճարանի գաղափարն առաջինն իրագործվել է Մոսկվա քաղաքում 2010 թվականին։ Հետագայում այն արդեն լայն տարածում գտավ ամբողջ Եվրոպայում։ Հայտնի են Մանչեսթեր քաղաքի «Ցիֆերբլատ Էյջ-Սթրիթը», Բուխարեստի «Սենեկան», իսկ Երևանում` «Լոֆթը», «Էօնը»։ Երևանում հակասրճարանների տարածումը և այցելությունների վիճակագրությունը ստիպեցին արդեն ուշադրությունը սևեռել մարզերի վրա։ 2019 թվականին Արմավիրում հիմք դրվեց «Nook»-ին` քաղաքի միակ «անտիկաֆեին»։ «Nook» անգլերինց թարգմանաբար նշանակում է «անկյուն», այսինքն սա երիտասարդների անկյունն է Արմավիրում։ Հակասրճարանի և սրճարանի տարբերությունից, Արմավիրյան «անկունի» առանձնահատկություններից խոսել է «Nook»-ի տնօրեն Սուսաննա Մատինյանը.

«Երիտասարդները միշտ մտահոգվել են, որ Արմավիրում չկա ժամանցի կենտրոն, որտեղ կկարողանան ընկերներով հավաքվել, տարբեր խաղեր խաղալ կամ, ուղղակի, ինքնաիրացվել։ Լինելով երիտասարդների շրջանում` փորձեցի ստեղծել այնպիսի մի տարածք, որտեղ կհամադրվի հետաքրքիր ժամանցը ինքնազարգանալու հետ»։

Սրճարանի և հակասրճարանի տարբերությունը Սուսաննան նկարագրեց այսպես.

«Ի տարբերություն սրճարանի` այստեղ այցելուները վճարում են անցկացրած ժամանակի համար և ոչ թե մատուցված ուտեստների կամ խմիչքի։ Նաև հակասրճարանն աչքի է ընկնում իր միջոցառումներով` հանդիպումներ, քննարկումներ, վարպետաց դասեր։ «Nook»-ում արմավիրցի երիտասարդների հետ արդեն հասցրել են հանդիպել հայտնիներից Հրանտ Թոխատյանը, Բաբկեն Չոբանյանը, Լալա Մնացականյանը և այլք։

Վահե Սերոբյան

2-րդ կուրս

Կիսվել