Գայանե Թերզյան. Յուրաքանչյուր ձեռագիր հսկայական պատմություն է փոխանցում

Գայանե Թերզյան. Յուրաքանչյուր ձեռագիր հսկայական պատմություն է փոխանցում

712

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի կարևորագույն առաքելություններից մեկը ձեռագրերի գիտական նկարագրությունն է՝ «Մայր» ցուցակի պատրաստումը և հրապարակումը։ Հետազոտական այդ աշխատանքը կատարում է «Ձեռագրագիտության բաժինը», որտեղ աշխատում է նաև Գայանե Թերզյանը, ում հետ զրուցել ենք նրա մասնագիտության ու աշխատանքի նրբությունների մասին։

-Կպատմե՞ք՝ ինչպես եք «Մայր» ցուցակը պատրաստում և հրապարակում, ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում։

-«Մայր» ցուցակի պատրաստման աշխատանքները բավական դժվար են։ Նախ՝ տալիս ենք ձեռագրերի արտաքին նկարագրություն. նշում ենք  գրչության վայրը, թվականը, գրչին, ստացողին, ծաղկողին, կազմողին և այլն: Այնուհետև տալիս ենք բովանդակության մանրամասն նկարագրություն, որպեսզի ուսումնասիրողները հեշտությամբ կարողանան գտնել իրենց հետաքրքրող նյութը։ Իսկ վերջում, բնականաբար, հրատարակում ենք «Մայր» ցուցակի հերթական հատորներում։

Ձեռագրագետների խմբի մի մասը, ովքեր աշխատում են հայերեն ձեռագրերի «Մայր» ցուցակի հատորների վրա, 28 հուլիս, 2017թ․

-Խոսենք մասնագիտության մասին. ինչպե՞ս ընտրեցիք այն և ինչու՞։

-Ես մասնագիտությամբ աստվածաբան եմ, սակայն, ինչպես տեսնում եք, այժմ զբաղվում եմ ձեռագրագիտությամբ: Ուսանողական տարիներին ինձ միշտ հետաքրքրում էր, թե Մատենադարանում ինչ հետաքրքիր ձեռագրեր կան, որ մեզ հայտնի չեն: Երազում էի գոնե մեկ անգամ ձեռագրերն ուսումնասիրելու հնարավորություն ունենալ։ Երևի, այդ ձգտումն էլ հետագայում ինձ ուղղորդեց այս աշխատանքիս:

Ձեռագրագիտությամբ ամեն մեկը չէ, որ կարող է զբաղվել։ Եթե իսկապես լավ ես տիրապետում պատմությանը, հետաքրքրված ես մշակույթով, ապա կարող ես դրանով զբաղվել, եթե ոչ` փոքր-ինչ դժվար է:

-Ձեռագրագիտությունն ինչո՞վ է առանձնանում և ինչու՞ արժե խորանալ այդ ուղղությամբ։

-Ձեռագրագիտությունը հետաքրքիր մասնագիտություն է, բայց, միևնույն ժամանակ, այն շատ բարդ է։ Երբ սկսում ես աշխատել ձեռագրերի հետ, կտրվում ես իրականությունից։ Տեղափոխվում ես մի քանի դար առաջ ու սկսում ապրել և շփվել գրչի հետ։ Նրա հետ տանում ես բոլոր դժվարություններն ու փորձությունները։ Նույնիսկ, գրչի հետ հաղորդակցության մեջ ես մտնում։ Թե՛ ընդօրինակման ժամանակ առաջացած խնդիրները, թե՛ երկրի պատերազմական վիճակը, սովը, աղետները դու սկսում ես զգալ ու տեսնել:

-Ի՞նչ դժվարություններ են առաջանում ձեռագրերի հետ աշխատելիս։

-Ձեռագրերից յուրաքանչյուրի հետ աշխատանքն ունի իր յուրահատկություններն ու դժվարությունները։ Երբ այն վերցնում ես ձեռքդ, չգիտես՝ քեզ ինչպիսի «փորձություններ» են սպասվում։ Պատահում է, որ ձեռագրերի թերթերը թափված են լինում, դրանք պետք է գտնես և հասկանաս՝ ինչ հատվածներ են և որ բնագրից են։

-Արդեն մոտավորապես 14 տարի է, ինչ այստեղ եմ՝ Մատենադարանում։ Բայց անկեղծ եմ ասում՝ այս տարիների ընթացքում երբեք ու ոչ մի անգամ չեմ հիասթափվել իմ աշխատանքից կամ չեմ ցանկացել փոխել այն։ Գործս անում եմ սիրով, գուցե հենց դա է պատճառը, որ այն երբեք չի կորցնում իր հետաքրքրությունն ու յուրակերպությունը։ Իմ աշխատանքն ինձ համար կյանքի մի մաս է դարձել, առանց որի դժվար եմ պատկերացնում ինքս ինձ։

-Ո՞ր ձեռագրերի հետ եք աշխատել և ո՞րն է ձեր ամենասիրելին։

-Աշխատել եմ բազմաթիվ ձեռագրերի հետ, անգամ հաշիվն եմ կորցրել։ Բոլորն էլ յուրահատուկ են ու սիրելի, բայց որպես այդպիսին՝ կառանձնացնեմ ժողովածուները, որոնք, ըստ իս, ավելի հետաքրքիր են և բազմաժանր նյութեր պարունակող։

Շուրիշկանի Ավետարանը
Լուսանկարը՝ Մեդիամաքսի

-Աշխատանքի ընթացքում Ձեզ համար նոր բացահայտումներ անու՞մ եք։

-Յուրաքանչյուր ձեռագիր ինքն իրենով արդեն իսկ բացահայտում է։ Վերջերս պարզեցի, որ Գրիգոր Մարաշեցի անունով հեղինակ ենք ունեցել, ով Ներսես Շնորհալու ժամանակակիցն է եղել և աղոթքներ է գրել։ Իսկապես այն շատ անսպասելի և հետաքրքրական էր ինձ համար այնքան, որ հետո բնագիրը թարգմանությամբ հրատարակեցինք։ Յուրաքանչյուր ձեռագիր մեզ փոխանցում է հսկայական պատմություն, որը միշտ նոր բացահայտումների հնարավորություն է ընձեռում։

Ասպրամ Համբարձումյան

2-րդ կուրս

Կիսվել