Երևանի կենդանաբանական այգին. փոփոխություններ այսօր և վաղը

Երևանի կենդանաբանական այգին. փոփոխություններ այսօր և վաղը

907

Երևանի կենդանաբանական այգին, որը հիմնադրվել է 1940թ.,  հիմանադրման օրերից ի վեր մշտապես սիրելի վայր է եղել երեխաների և մեծահասակների համար։ Երևանի կենդանաբանական այգում 2005 թ. տվյալներով պահվել է կենդանիների և թռչունների շուրջ 183 տեսակ, որից 34-ը գրանցված են բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում, իսկ 50-ը՝ Հայաստանի Կարմիր գրքում։

Այգում փոփոխություններ լինում են՝ պայմանավորված էնդեմիկ տեսակների համալրմամբ, բայց քանի որ կենդանիների առքուվաճառքն անթույլատրելի է, համալրում լինում է նվիրատվության կամ փոխանակման միջոցով։

Նվիրատվության դեպքում տվյալ կենդանին առաջին 10 կարանտինային օրերի ընթացքում հատուկ ցուցադրվում է հեռուստատեսությամբ, ապա, երբ ոլորտի աշխատակիցները համոզվում են, որ կենդանին կարող է իր մյուս ցեղակիցների հետ բնակվել, վերջինս համալրում է այգու բնակիչների շարքերը։

Լինելով այնտեղ և տեսնելով կենդանիների վիճակը, խոսելով աշխատակիցների հետ՝ կարող եմ վստահեցնել, որ բոլոր կենդանիները պատշաճ պայմաններում են։ «Կենդանաբանական այգում չկա այնպիսի կենդանի, որը գտվում է վատ վիճակում կամ անկման եզրին է, – ասում է այգու աշխատակիցը, – պարզապես կան կենդանիներ, որոնք արդեն տարիքով մեծ են և պահանջում են մյուսներից շատ ավելի մեծ խնամք և ուշադրություն»։

Աշխատակցի խոսքով՝ բոլոր կենդանիներն ունեն իրենց ձմեռանոցները։ Եվ եթե կենդանու նոր տեսակ է հայտնվում այգում, ապա այգու առաջնահերթություններից մեկը նրանց ձմեռանոցով ապահովելն է լինում։ Թռչունները ևս ունեն իրենց ձմեռանոցները, բայց այն թռչունները, որոնք կարիք չունեն ձմռանը տաք վայր տեղափոխվելու, մնում են իրենց վանդակներում։

Այգում դատարկ վանդակներ գրեթե չկան։ Ազատ է կապիկների մի քանի վանդակ, քանի որ կենդանիները տարիքով շատ մեծ են եղել և իրենց ֆիզիոլոգիական մահով անկել են։ Կենդանիների համալրման մասին որևէ հստակ տեղեկություն դեռ չկա։

Ակնհայտ փոփոխություններ են եղել սողունների բաժնում. ավելացել են տեսակներ, որոնք նախկինում չեն եղել այգում։ Նոր կենդանիներից է նաև բծավոր գենետան, որն իր սովորություններով և արտաքին տեսքով շատ նման է կատվի։ Գենետան համարվում է գիշատիչ կենդանի։ Այն Միջնադարում սիրված ընտանի կենդանի է եղել, բայց հետո իր տեղը զիջել է կատուներին։  

Սողունների բաժնի ժամանակավոր բնակիչ է նաև բու թռչնատեսակը. կենդանին փրկվել է դրսի կյանքից, քանի որ տեղի անասնաբույժը ճիշտ ժամանակին օգնություն է ցուցաբերել։ Չնայած նրան, որ բուն այլևս չի կարող թռչել, այնուամենայնիվ կմիանա իր մյուս ցեղակիցներին, երբ թռչունների բաժնում նրա հատուկ վանդակը պատրաստ կլինի։

Ըստ աշխատակիցների և շրջանառվող տեղեկությունների՝ օձերի բաժինը հետագայում կընդլայնվի և կբարելակարգվի, սակայն դեռ ստույգ և մանրամասն տեղեկություններ չկան։

Էլլեն Աղաջանյան

2-րդ կուրս

Կիսվել