Կարինե Եզեկյան. Դահլիճին հուզելու համար ստեղծագործության մեջ պետք է սիրտդ դնես

Կարինե Եզեկյան. Դահլիճին հուզելու համար ստեղծագործության մեջ պետք է սիրտդ դնես

403

Կարինե Եզեկյանը խմբավար է «Շողակաթ» մանկական երգչախմբում, նաև երգում է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբում՝ 1988 թվականից։ Իրեն երգչուհի չի համարում՝ ասելով, որ չի ավարտել վոկալ բաժինը և չի ուզում դավաճանել խմբավարի մասնագիտությանը։

-Ինչպե՞ս որոշեցիք ընտրել խմբավարի մասնագիտությունը: Խնդրում եմ՝ պատմեք ուսումնական տարիների մասին:

Անկեղծ ասած՝ ես չեմ որոշել: Մի օր ընկերուհուս հետ անցնում էինք ուսումնարանի կողքով, ասաց. «Վախենում եմ մտնել, կգա՞ս ինձ հետ»: Գնացի և սկզբում սովորեցի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում՝ որպես խմբավար, ապա Կոնսերվատորիայում՝ նորից խմբավարության բաժնում: Ինձ բախտը ժպտացել է, և ես ունեցել եմ հիասքանչ ուսուցիչներ: Ռոմանոսում ինձ դասավանդել է Սեդա Մայակովնան, ով շատ խիստ ու շատ յուրահատուկ է իր գործում, իսկ Կոնսերվատորիայում Հովհաննես Չեքիջյանի լսարանում եմ եղել ու կարծում եմ՝ նրա անունն ամեն բան ասում է:

Կոնսերվատորիայում ինձ առաջարկեցին զբաղվել վոկալով, մեկ տարի զբաղվեցի ու չհասկացա՝ ինչիս է պետք, եթե ուզեի կավարտեի, բայց ես անասելի շատ սիրում եմ խմբավարությունը: Այո, ես երգում եմ, բայց ես ինձ թույլ չեմ տա երգչուհի համարել, քանի որ ես խմբավար եմ:

-Ես գիտեմ, որ բացի խմբավար լինելուց, երգում եք Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբում: Երգչախմբի հետ միասին ի՞նչ ուղի եք անցել:

Շատ հետաքրքիր է մեր անցած ուղին. պատկերացրեք՝ 34 տարի է այնտեղ եմ: Աշխարհի կեսը միասին շրջագայել ենք, եղել ենք Իսպանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, ունեցել ենք փայլուն համերգներ, բայց եթե ասեն՝ որտեղ կցանկանաս կրկին ելույթ ունենալ, ապա առանց վարանելու կասեմ՝ Սանկտ Պետերբուրգում, քանի որ հանդիսատեսը չափազանց կիրթ է, ընկալում է ամեն նոտան ու հասկանում, թե ինչ է կատարվում բեմի վրա:

Մի դեպք պատմեմ: Ֆրանսիայում պետք է գնայինք համերգի, խմբավարը Կոստանդին Օրբելյանն էր, վարորդը որոշեց մեզ տանել կարճ ճանապարհով, բայց երբ մտանք փողոց, պարզվեց, որ ավտոբուսները այդ ճանապարհով չեն կարող անցնել. նեղ, ոլոր, սարերի միջի ճանապարհ էր: Մի կերպ անցանք, այնքան վտանգավոր էր, որ բոլորս հիշեցինք անցյալը, հրաժեշտ տվեցինք իրար, մեր հարազատներին, բարեբախտաբար հասանք, բայց համերգից ուշացած: Հասնելուց անմիջապես հետո զգեստափոխվել ենք ու երգել Մոցարտի «Ռեքվիեմ»-ը: Ցնցել ենք հանդիսատեսին փայլուն կատարմամբ:

-Բոլոր մասնագիտություններն էլ ունեն և՛ թերություններ, և՛ առավելություններ: Ձեր մասնագիտության մեջ որո՞նք են դրանք:

-Ես չգիտեմ, թե որը կարող է համարվել առավելություն, բայց երբեք մտքովս չի անցել դավաճանել իմ մասնագիտությունը: Թերությունը, որ շատ մարդկանց հետ ես առնչվում, ավելի շատ՝ երեխաների: Չեմ կարողանում երեխաներին նեղացնել ու չընդունել երգչախմբում, որքան էլ վատ են երգում, մտածում եմ՝ լավ երեխան այնքան կլսի, կաշխատի, որ կսկսի լավ երգել: Բայց իմ մասնագիտական «թերությունը» լավ լսողությունն է, և ամեն մեկի ձայնը կարող եմ տարբերել ու հասկանալ՝ ով ինչպես է երգում: Այս ամենից բացի՝ դժվար է այդքան երկար ոտքի վրա կանգնած մնալը:

-Երգահան Վահան Արծրունու հետ միասին ունեցել եք շատ համերգներ: Ինչպե՞ս ստացվեց ձեր համագործակցությունը:

-Մենք լավ ընկերներ էինք Վահանի հետ դեռ վաղուց: Սկզբում ռոք փառատոններ էինք կազմակերպում: 4 կամ 5 համերգներ ենք ունեցել՝ «Gaudeamus», «Music music for students» և այլն: Դա դեռ 90-ականներին էր, ու ինձ ասում էին՝ բա ամոթ չի՝ դու խմբավար ես ու ռոք համերգներ ես անցկացնում: Բայց ինձ համար ամոթ չէր, քանի որ շատ գեղեցիկ էր այդ ամենը, երիտասարդ ռոք խմբերն էին մասնակցում, ու մեր դահլիճները լեփ-լեցուն էին լինում: Ռոքն ինձ համար փիլիսոփայություն է: Այս երաժշտությամբ զբաղվող մարդկանցից ում հետ առնչվել եմ, բավական խելացի ու խորը մտքերի տեր մարդիկ են եղել:

1998 թվականին, երբ սկսեցի աշխատել «Շողակաթ» երգչախմբում, Վահանը պետք է համերգ ունենար «Նարեկացի» արվեստի միությունում, ես էլ համերգ ունեի մանկական երգչախումբ, միասին հանդես եկանք: «Աքլորականչ»-ի առաջին ուղիղ եթերի ժամանակ Արծրունու հետ միասին երգեցինք «Կոմիտաս. Տասը Հայտնություն»-ը, և աննկարագրելի լավ անցավ, բոլորս գոհ էինք: Դե մինչև այսօր էլ համագործակցում ենք, մյուս տարի փետրվարին էլ պլանավորում ենք նշել սկավառակի 20-ամյակը, որը հարգելի պատճառներով հետաձգվել է:

-Ո՞րն է ձեր ամենասիրելի ստեղծագործությունը:

-Ես չունեմ ամենասիրելի ստեղծագործություն, քանի որ որևէ բան լսելը կախված է տրամադրությունից: Տանը, եթե երաժշտություն եմ լսում, ապա լսում եմ Բախ. գործիքային երաժշտություն պետք է լինի: Այսօր արթնացել էի Լեպս լսելու մեծ ցանկությամբ ու տան գործերն արել եմ՝ նրա երգերը լսելով:

Մենք երգել ենք բոլոր ռեքվիեմները, բոլորն անգիր գիտեմ: Ինչքան բարդ դասական ստեղծագործություն կա, կատարել ենք, բայց իմ ամենասիրելին Ֆորեի «Ռեքվիեմ»-ն է, դա ինձ համար ամենայուրահատուկ ստեղծագործությունն է, այն տևում է մեկ ժամ քառասուն րոպե: Ինչքան էլ, որ բարդ է, բայց հիմա եթե զանգեն, ասեն՝ պետք է երգես, միանշանակ կուրախանամ, քանի որ դա տրամադրություն է:

-Նշեցիք, որ երկար ճանապարհ եք անցել, կպատմե՞ք՝ ո՞րն է եղել ամենաբարդ ստեղծագործությունը և ինչպե՞ս հաղթահարեցիք այն:

-Ինձ համար ամենաբարդն այն է, որ կարող են ինձ զանգել ասել՝ երկու օրից համերգի եք: Ես այդպիսի սթրեսներ չեմ սիրում, առավել նախապատվությունս տալիս եմ հանգիս պատրաստվելուն: Այժմ մենք աշխատում ենք մի ստեղծագործության վրա, որը գրեթե 18 տարի չի երգել իմ երգչախումբը, քառաձայն ստեղծագործություն է: Իսկ հիմա մենք աշխատում ենք, ու ես զգում եմ, որ բավական գեղեցիկ է ստացվում:

Գիտե՞ք՝ դժվար է ասել ամենաբարդը կամ ամենահեշտը որն է, քանի որ դա էլ կախված է երեխաների արձագանքից, եթե սիրեցին ստեղծագործությունը, ապա ամենաբարդն էլ ամենահեշտի պես կերգեն:

-Ի՞նչ է հարկավոր լավ խմբավար լինելու համար:

-Ապագա խմբավարը պետք է հիասքանչ իմանա սոլֆեջո, տեորիա հարմոնիա, կարողանա գրել գոնե եռաձայն թելադրություն, ունենա հիասքանչ լսողություն, տիրապետի մասնագիտական առարկաներին, նոտաները իմանա կարդալ և լսել, որ այդ աղմուկի մեջ հասկանա՝ ով է սխալ կամ ճիշտ երգում:

Վատ չի լինի, որ խմբավարները երգեն երգչախմբերում, որ այդ գույներն ու ձայները ներսից հասկանան: Եթե այդ ամենը չհասկանաս, չզգաս, որքան ուզում ես ձեռքերդ գեղեցիկ շարժիր՝ որևէ բանի չես հասնի: Ձեռքդ պետք է խոսի, իսկ դիմացինդ պետք է դա հասկանա, քանի որ դու կոմպոզիտորի և հանդիսատեսի միջնորդն ես:

Դահլիճին հուզելու համար ստեղծագործության մեջ պետք է դնես սիրտդ ու ճաշակդ: Ինչպես ասում է մաեստրո Չեքիջյանը. «Իմ ստեղնաշարը երգչախումբն է»:

Նկարները՝ Կարինե Եզեկյանի ֆեյսբուքյան էջից

Զվարթ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել