Էմոցիաների մեծ փունջ պարգևող կավե տիկնիկներ

Էմոցիաների մեծ փունջ պարգևող կավե տիկնիկներ

801

Անժելան տնտեսագետ է, սովորել է Երևանի պետական համալսարանի Կառավարում բաժնում: Ուսանողական տարիներին, բացի իր մասնագիտությամբ աշխատելուց, ցանկանում էր նաև իր սեփական բիզնեսն ունենալ: Նա կավագործ է և 23 տարեկանում ունի կավե տիկնիկներով բաժակների  իր  բիզնեսը, որով էլ, ինչպես նա է նշում, երջանկացնում է մարդկանց :

«Դասերի ու հիմնական աշխատանքի հետ մեկտեղ ինչ-որ բաց տեղ կար, ինչ-որ բան պակաս էր: Տևական ժամանակ մտածում էի  յուրահատուկ որևէ պրոդուկտ ստեղծելու մասին, իսկ բուհում ստացած գիտելիքները օգնեցին ամեն բան ճիշտ հաշվարկել: Սկսեցի ուսումնասիրել շուկան, մարդկանց նախասիրությունները ու հասկացա, որ իմ պրոդուկտը պետք է լինի նմանը չունեցող, մարդկանց երջանկություն ու  էմոցիաների մի մե՜ծ փունջ պարգևող: Հենց այդտեղ էլ որոշեցի կավով ստեղծագործել»:

Անժելան սիրում է միշտ շարժման մեջ լինել: 24 ժամը նրան ոչ մի կերպ  չի հերիքում: Եկավ մի ընթացք, երբ հասկացավ, որ բանկում 8 ժամյա աշխատանքը իրենից  խլում է ամբողջ ցերեկը, ու անցավ գիշերային հերթափոխով աշխատանքի, որ ցերեկները կարողանա կավով զբաղվել: Այնուհետև սկսեց աշխատել միջազգային կազմակերպությունում, իսկ այդ ամենին զուգահեռ նաև սկսեց զբաղվել ՍՄՄ-ով :

Իր  կավե տիկնիկների պահանջարկը մեծ է, ու տարածք էր հարկավոր, որտեղ մարդիկ կկարողանային տեսնել  աշխատանքները: Այս խնդրի լուծման համար էլ նա բացեց իր խանութը, որտեղ ցուցադրված էին կավե տիկնիկներով  բաժակները:

«Շատերը երբեմն չեն պատկերացնում, թե ինչպիսին է կավե կերպարն իրականում, նկարներով անհնար է իրենց ողջ գեղեցկությունը ցուցադրել: Այս պահին խանութի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է: Խանութը փակելու որոշումը կայացրի հղիությանս մասին իմանալուց հետո, քանի որ այդ կարգավիճակում այլևս անհնար էր բավարարել նման մեծ պահանջարկը: Մեծ պլաններ կան խանութի հետ կապված, անպայման վերաբացվելու ենք, բայց արդեն լրիվ այլ ձևով է լինելու ամենը»:

Անժելան իր կավե տիկնիկերի կերպարները ստանում է հաճախորդների հետ քննարկելուց հետո: Նրանք միասին ընտրում են տիկնիկների հագուստը, մազերի գույնն ու ձևը: Իհարկե, լինում են  դեպքեր, երբ պատրաստում է նաև իր երևակայությամբ,  ու հիմնականում դրանք էլ դառնում  են   հետևորդների ֆավորիտները, քանի որ նա ազատ է լինում ստեղծագործելու մեջ ու ստանում է այն կերպարը, որը պատկերացնում է պատրաստելու ընթացքում:

«Անհնար է ունենալ մեծ թվով հաճախորդներ ու բավարարել բոլորին, բայց առավելագույնս փորձում եմ գոհացնել մարդկանց: Երբեք չեմ մոռանա, երբ նոր էի զբաղվում կավով, առաջին անգամ էր, որ մեկ հաճախորդը երեք հատ բաժակ էր պատվիրել, պետք է յուրաքանչյուր բաժակին տարբեր գույներով մեկական վարդ պատրաստեի: Պատրաստեցի երեքն էլ, ու  վարդերից մեկը ակնհայտորեն ավելի գեղեցիկ էր ստացվել մյուսներից, ու դա նկատել էինք և՛ ես, և՛ հաճախորդը: Հաճախորդն ասաց, որ կա՛մ երեքն էլ միանման կլինեն ու կվերցնի, կա՛մ չի վերցնի ոչ մեկը: Եվս երկու գիշեր լուսացրեցի վարդերը պատրաստելով, ու վերջապես ստացվեց այն, ինչ ուզում էինք»:

Ըստ նրա՝  իր մեծ թվով հաճախորդներ ունենալու գրավականն այն է, որ  նա առաջինն է նկատում  իր արած աշխատանքի թերությունները ու  պատրասստ է անվերջ փորձել, ծախսել շատ ժամանակ ու նյութեր, որ ստանա կոկիկ ու գեղեցիկ կերպար, որը դուր կգա և՛ իրեն,  և՛ պատվիրատուին:

Անժելան նաև փոքրիկ Ստեֆանիայի մայրիկն է, ու այն հարցին, թե ինչպես է կարողանում փոքրիկի խնամքը համատեղել աշխատանքի հետ, նա պատասխանեց, որ այդ հարցում իր ամուսնու աջակցությունը շատ մեծ է:

«Աղջկաս ծնունդը մեծ փոփոխություն էր իմ կյանքում: Ոչ միայն երեխայի խնամքի հարցում, այլ նաև «ԼեմոնԱնժ»-ի մեջ ահռելի ներդրում ունի ամուսինս, ամեն հարցում աջակցում է, անընդհատ մոտիվացնում: Երեկոյան մեր տունը վերածվում է փոքրիկ արհեստանոցի, որտեղ ամուսնուս  հետ տուփերն ու կերպարներն ենք պատրաստում»:

Դեկտեմբերի 23-ից  27-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Անժելայի կավե տիկնիկների ցուցահանդեսը: Այն Հայաստանում ամենամեծն է, որտեղ ցուցադրված են լինելու մոտ 300-ից ավելի բաժակներ՝ տարբեր հագուստներով և տարբեր կերպարներով: Ինչպես  նա է նշում, հուսով է, որ շատերին կհասցնեն երջանկացնել իր կավե «սիրունիկները»:

Լուսանկարները՝ «ԼեմոնԱնժ»-ի ֆեյսբուքյան էջից

Անի Ստեփանյան

2-րդ կուրս

Կիսվել