Կայք սպասարկման ոլորտի համար, կիթառ, նկարչություն, վեբ դիզայն․ Մարիան

Կայք սպասարկման ոլորտի համար, կիթառ, նկարչություն, վեբ դիզայն․ Մարիան

516

Մեր այսօրվա հերոսուհին Մարիան է, որն ընդամենը 16 տարեկան հասակում փորձեց նպաստել սպասարկման ոլորտի աշխատանքն ավելի հեշտ ու արագ դարձնելուն: Մարիան այժմ սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական քոլեջի 3-րդ կուրսում, վեբ դիզայնի բաժնում: Նա իր կուրսային աշխատանքի շրջանակում ստեղծեց մի կայք, որը կհեշտացնի շատերի կյանքը: Կայքը ստեղծելու ժամանակ Մարիան կատարեց ուսումնասիրություններ և հասկացավ, որ սպասարկման ոլորտում մի խնդիր կա, օրինակ` գրանցումեր կատարելու համար նախապես զանգահարում են,  երկար զրույցներ ունենում, իսկ դա մի փոքր բարդացնում է մարդկանց կյանքը: Եվ այդ խնդիրը լուծելու համար Մարիան որոշեց ստեղծել մի կայք, որը թույլ է տալիս ընտրել, օրինակ, որևէ գեղեցկության սրահ, նախընտրելի ժամ և գրանցվել։ Այս ամենը կարելի է կատարել մի քանի կոճակի օգնությամբ և անիմաստ ժամանակ չվատնել: Մարիան միայն այս կայքով չի սահմանափակվել։ Համագործակցել է շատ ծրագրավորողների հետ և նրանց հետ միասին շատ աշխատանքներ է կատարել:

Ստորև՝ կայքից մի քանի դետալ.

Կայքը դեռևս չի գործում` ֆինանսական խնդիրներով պայմանավորված, սակայն Մարիան նշեց, որ պատրաստ է իր ծրագիրը վաճառել մեկ այլ մարդու, որը կցանկանա կյանքի կոչել այս գաղափարը:

Մարիան հասցրել է փորձ ձեռք բերել այլ ոլորտներում ևս: Նա դեռ փոքրուց հաճախում է երաժշտական քոլեջ․ կիթառահար է: Զրույցի ընթացքում նշեց, որ խմբով շատ են մասնակցել համերգների և նույնիսկ Art Music միջազգային մրցույթում գրավել 1-ին տեղը: Թեև երաժշտական կրթությունը 5 տարի է տևում, բայց ավարտելուց հետո էլ նա չի դադարում սովորել և այժմ հաճախում է սիրողական դասերի:

Երաժշտության հետ մեկտեղ հաճախել է նաև նկարչության դասերի։ Նրա համար դա դարձել էր այնքան սիրելի զբաղմունք, որ մասնագիտության ընտրության հարցում փորձել է համատեղել ցանկությունները սիրելի զբաղմունքների հետ`ընտրելով վեբ դիզայնի բաժինը:

Հարցին, թե ինչպես է կարողանում կազմել իր օրվա գրաֆիկը, արդյոք չեն լինում բախումներ իրարից այդչափ տարբեր ոլորտների միջև, Մարիան պատասխանեց, որ փորձում է հնարավորին չափ հասցնել անելիքները և երբ հոգնում է համակարգչով աշխատելիս, անմիջապես վերցնում է կիթառն ու սկսում նվագել, քանի որ դա իր համար ասես թերապիա լինի:

«Հետագայում ցանկանում եմ շարունակել գործունեությունս գրաֆիկական դիզայնի ոլորտում, բայց կիթառը մշտապես կմնա իմ ուղեկիցը ողջ կյանքի ընթացքում, և գուցե մի օր տեսնեք ինձ էլ ավելի մեծ բեմերում: Իսկ այս հարցազրույցս թող մոտիվացիա հանդիսանա իմ տարեկիցների համար, ու նրանք ևս փորձեն ներգրավվել տարբեր ոլորտներում։ Այդպես մի քանի տարի հետո մեր երկիրը կունենա խելացի և որակյալ սերունդ»,- ասում է Մարիան:

Իրինա Արևշատյան

2-րդ կուրս

Կիսվել