Հրաչ Գասպարյան․ Ցանկացած լավ գիտնական, առանց դասախոսելու, կայացած լինել չի կարող

Հրաչ Գասպարյան․ Ցանկացած լավ գիտնական, առանց դասախոսելու, կայացած լինել չի կարող

1089

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Դեղաբանության և պաթոհիստոլոգիայի լաբորատորայի ղեկավար Հրաչ Գասպարյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, կենտրոնում կատարվող աշխատանքների, ինչպես նաև հայ գիտնականների կողմից ստեղծված դեղամիջոցների մասին։

– Դեղագետ-բժիշկ դառնալը ձեր որոշո՞ւմն է եղել, թե՞ տարիների ընթացքում է ձևավորվել մասնագիտական ուղղվածությունը։

– Կարելի է ասել՝ տարիների ընթացքում է ձևավորվել։ Սկզբից ընտրել էի կենսաբան-ֆիզիոլոգի մասնագիտությունը, բայց հետագայում ստացվեց այնպես, որ սկսեցի ուսումնասիրել մորֆոլոգիա, մարդու անատոմիա, հիստոլոգիա (հյուսվածքաբանություն)։ Ավարտելուց հետո մեկնեցի Մոսկվա՝ ուսումս շարունակելու, ասպիրանտուրան ավարտել եմ որպես հիստոլոգ՝ մորֆոլոգի մասնագետ, խորանալով մասնագիտական այս ուղղությամբ՝ դարձել եմ դեղագետ-բժիշկ կամ կենսաբան-բժիշկ։

 – Երկար տարիներ է, ինչ զբաղվում եք այս գործով, ի՞նչ դժվարությունների եք հանդիպել մինչ այժմ, ինչպե՞ս եք պայքարել դրանց դեմ։

– Դժվարություններ միշտ էլ կան, քանի որ գիտությունը արագ թափով զարգանում է, իսկ զարգանալու հետ մեկտեղ՝ հարկավոր են լինում մեծ ֆինանսներ՝ ձեռք բերելու սարքավորումներ, նյութեր, պարագաներ, որոնցով հնարավոր կլինի բարձրորակ գիտական աշխատանքներ կատարել։ Ցավով եմ ասում, բայց ներկայում չունենք այն ռեսուրսը, որով կկարողանանք պատշաճ կերպով աշխատել։ Այնուամենայնիվ, անկախ խանգարող հանգամանքներից, փորձում ենք անել ամենն, ինչ հնարավորություն կտա ունենալու բարձրորակ գիտություն։ Իսկ ինչ վերաբերում է պայքարելու միջոցներին, ապա այո, պայքարի տարբեր ձևեր կան․ դրամաշնորհների ենք մասնակցում, ֆինանսական աջակցություն ստանում որոշ կազմակերպություններից և դրանց միջոցով ձեռք  բերում անհրաժեշտը։

– Այս բնագավառում ինչպիսի՞ն է երիտասարդների ներգրավվածությունը։ Հե՞շտ է աշխատել նոր սերնդի հետ։

-Գիտության մեջ, ամենացավոտ կողմն է՝ ունենալ երիտասարդ կադրեր։ Ի ուրախություն մեզ, իմ ղեկավարած լաբորատորիայի 80%-ը երիտասարդ մասնագետներ են՝ նոր ավարտած, հրաշալի գաղափարներով։

Չէի ասի, թե դժվար է աշխատել երիտասարդության հետ։ Մեզ մոտ ընդունվող նոր մասնագետները մի «ֆիլտրով» են անցնում․ փորձում ենք հասկանալ՝ համապատասխանո՞ւմ է մեր ցուցիչներին, կարո՞ղ է, արդյոք, կատարել մեր պահանջները և այն խնդիրները, որ դրված են իր առջև։ Մեր լաբորատորայի բոլոր աշխատակիցներն էլ անցել են այդ «ֆիլտրով», և ես համոզված եմ, որ հետագայում դառնալու են կայացած մասնագետներ։

 – Նաև դասավանդում եք համալսարանում ինչպե՞ս եք համատեղում գիտնականի եւ դասախոսի աշխատանքը

– Ցանկացած լավ գիտնական, առանց դասախոսելու, չի կարող կայացած գիտնական համարվել։ Գիտաուսումնական համագործակցությունը պարտադիր պայման է գիտահետազոտական ինստիտուտների համար։ Թե ինչպես եմ համատեղում՝  իհարկե, դժվար է։ Ենթադրենք՝ այն ժամին, երբ դասախոսում եմ՝ կենտրոնում՝ բաց եմ թողնում աշխատանքս, իսկ այդ ժամերը պետք է լրացնել, երբեմն՝ հանգստի հաշվին։ Եթե համալսարանում դասախոսում եմ երկու ժամ, լավագույն դեպքում երկու ժամ հավելյալ պետք է տրամադրեմ այս գործին։ Պատճառներից մեկն էլ այն է, որ այս լաբորատորիան ակադեմիայի ծրագրային մեծերից է, ուստի մեկ օր ուշանալը կամ բացակայելը նշանակում է գծված պլանից հետ ընկնել, իսկ դա մեզ պետք ու ցանկալի չէ։

– Որքանո՞վ է կարևոր, որ գործող, հաջողակ գիտնականները նաև աշխատեն ուսանողների հետ և նոր գիտելիք փոխանցեն։

– Գիտնականի դասախոսելը արդեն իսկ նշանակում է գործ ունենալ ուսանողության հետ, շփվել ու հավաքած գիտելիքների պաշարի ցանկալի մասը փոխանցել նոր սերնդին։ Մեր լաբորատորիան տարեկան 5-6 մագիստրոս է ունենում։ Պաշտպանելով մագիստրոսական թեզերը՝ ստանում են որակավորում և ուղարկվում կյանք։ Սա  է ուղղակի շփումն ուսանողի հետ։

– Խնդրում եմ՝ պատմեք գիտատեխնոլոգիական կենտրոնում Ձեր աշխատանքի մասին։

Այստեղ քիմիկոսների կողմից սինթեզվում են նոր քիմիական միացություններ, իսկ բժիշկ-կենսաբանները հետազոտում են ստացված միացությունները, գտնում դրանց թերապերտիկ հատկությունները։ Դրանից հետո արդեն կարող է ստեղծվել նոր դեղամիջոցի նմուշը։

Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո եմ ընդունվել այստեղ, որոշ ժամանակ աշխատելուց ու գիտական փորձ ձեռք բերելուց հետո մեկնել եմ Մոսկվա՝ Պրոգովի երկրորդ բժշկական համալսարանում ուսումս շարունակելու, ասպիրանտուրան ավարտելուց և թեկնածուի աստիճանը ստանալուց հետո՝ վերադարձել Երևան ու շարունակել կենտրոնում իմ աշխատանքները։ Սկզբից զբաղեցրել եմ գիտական աշխատողի պաշտոնը, իսկ այժմ  լաբորատորայի ղեկավարն եմ, որտեղ աշխատում են մոտ 23 մասնագետ։

– Ստեղծել եք այրվածքների դեմ դեղամիջոց որքա՞ն ժամանակ եք աշխատել դրա վրա, ինչպ՞ես, ի՞նչ պայմաններում։

– Նմանօրինակ դեղամիջոց ստեղծելու միտքը մի քանի գիտնականների մոտ առաջ եկավ դեռևս 2009-2010 թվականներին։ Ունեինք սինթեզված նոր քիմիական միացություն, որը կոչվում էր «ֆեցիլին»՝ շատ լավ հակաբորբոքային- հակաբակտերիալ հատկություններով միացություն։ Հասկացանք, որ սա հնարավորություն ունի դառնալու հակաայրվածքային կամ հակավնասվածքային դեղորայք ու միջոց։ Սկսեցինք երկար ու մանրակրկիտ աշխատանքը։ Ստացված դեղաքսուքի փորձարկումերը տևել են մոտավորապես 5 տարի։

Փորձարկումներ իրականացնելու համար ստեղծեցինք հատուկ պայմաններ․ ստացանք այրվածքներ առաջացնող ժամանակակից էլեկտրոնային գործիք։ Տարբեր աստիճանի այրվածքներ անելուց հետո՝ սկսեցինք բուժման գործընթացը, ստացանք գոհացուցիչ տվյալներ։ «Դերմաֆենը»՝ ստացված քսուքը, եվրոպական ստանդարտներին համապատասխան է թե՛ իր բաղադրությամբ, թե՛ օգտավետությամբ։ Այս պահին սպասում ենք ֆինանսավորման՝ կլինիկական հետազոտությունները սկսելու համար։

Քսուքի նախնական տարբերակը

– Դեղամիջոցը սպառողներին հասնելու ճանապարհի ո՞ր փուլում է և կա՞ հետագայում դեղատներում հայտնվելու հավանականություն։

– Մինչև դեղատուն մտնելը, դեղամիջոցը մի քանի փուլեր է անցնում՝ քիմիական միացությունների ստանալը, փորձարկումներ, փորձարկումներից հետո խրոնիկական փորձարկումներ։ Արդեն առկա տվյալների դեպքում՝ սկսում ենք դեղամիջոցի թերապերտիկ հատկություններն ու կողմնակի ազդեցություններն ուսումնասիրելու գործընթացը։ Հաջորդ փուլում ուսումնասիրվում են օրգանիզմին վնասող երևույթները, որոնք կոչվում են նախակլինիկական հետազոտություններ։ Բավական աշխատատար գործընթաց է, և այս փուլը ևս անցել ենք։ Հերթը հասել է վերջին փուլին՝ կլինիկական հետազոտություններին։ Դեղաքսուքը պետք է ուղարկվի որոշ հիվանդանոցներ, այդտեղ փորձարկման անցնի, տան իրենց եզրակացությունը և նոր միայն հնարավոր կլինի ուղարկել «կյանք»։ Այս փուլի համար, ինչպես ասացի, ֆինանսական ներդրումներ են պետք, աշխատում ենք այդ ուղղությամբ։

– Ինչո՞վ է առանձնանում Ձեր ստեղծած դեղամիջոցը մյուսներից։

– Դեղամիջոց ստանալու համար այն ստեղծում են արդեն առկա նմուշների համեմատությամբ։ Մեր դեղաքսուքը համեմատել ենք մի քանի ավանդական դեղաձևերի հետ, որոնցից շատերն արդեն կամաց-կամաց հնանում են և դուրս մնում շուկայից։ Մեր տարբերակը շատ չափանիշներով առանձանում է․ սա այրվածքը շատ ավելի արագ է բուժում ու վերականգնում, քան մեր իմացած մի շարք միջոցներ։ Առաջարկում ենք բժշկական պրակտիկայում որպես նոր ու ժամանակակից քսուք, որը կարողանում է բուժել տարբեր աստիճանի այրվածքներ և վնասվածքներ։ Համոզված եմ՝ պահանջարկը ևս մեծ է լինելու։։

– Իսկ որևէ կողմնակի հետևանք կարո՞ղ է ունենալ, կամ կա՞ մարդկանց խումբ ում հակացուցված է։

-Դեղամիջոցը հակացուցված չէ ոչ մի խմբի մարդկանց։ Բացի դեղաքսուքից, օգտագործել ենք նաև տամպոններ՝ նույն ազդեցությամբ, բայց այս տարբերակը մաշկի վրա թողնում է գրգռողական հատկություն, որը անցանկալի է հենց մասնագետի համար։  Մաշկի գրգռվողականությունն ենք համարում ոչ ցանկալի, կողմանկի երևույթ, իսկ ընդհանրապես՝ օրգանիզմի վրա ոչնչով չի կարող վատ անդրադառնալ։

Կողմնակի ոչ մի հետևանք չի թողնում, եթե օգտագործում ենք դեղաքսուքի ձևով։ Փորձել ենք նաև ներմկանային ճանապարհով փորձարկումները, բայց արդյունքը եղավ այն, որ ներարկման տեղում այտուցներ նկատվեցին, այդ պատճառով դադարեցրինք դեղամիջոցի այս ձևի առաջարկը։

«Դերմաֆենի»՝ այրվածքները բուժելու պատկերը

– Ի՞նչ գործունեություն է ծավալում գիտատեխնոլոգիական կենտրոն այս պահին։

– Գիտատեխնոլոգիական կենտրոնն ունի բազմաթիվ ծրագրեր․ կենտրոնի հիմնական նպատակը նոր դեղամիջոցներ ստեղծելն է։ Այստեղ կան մի քանի քիմիական կորպուսներ, որտեղ աշխատում են բարձրակարգ քիմիկոսներ, սինթեզում են նոր պրեպարատներ՝ տարբեր ուղղություններով ու տարբեր հատկություններով։ Ստացվածը փորձարկում են կենսաբանական բաժնում, որից հետո, եթե սինթեզված պրեպարատներն ունեն որոշակի ակտիվություն, սկսում են  «սուր»  փորձերը, որոնց էլ հետեւում են խրոնիկ, նախակլինիկական և կլինիկական փուլերը։

Այսօր կենտրոնն արտադրում է 3 տիպի դեղամիջոց՝ Գանգլերոն, Կապրոֆիր և Դիձիլին։ Շուտով կառաջարկենք ևս 3 պրեպարատ, որոնք կանցնեն վերջին հետազոտությունները։ Լաբորատորայի այս բաժնում այժմ ընթանում են հետազոտություններ Ալցհայմեր (նյարդաքայքայիչ հիվանդություն) հիվանդությունը բուժելու համար, որոշակի  հաջողություններ ունենք։ Ինչպես նաև ստացել ենք նոր բուսական դեղամիջոց, որը կարող է բուժել կամ պրոֆիլակտիկայի ենթարկել «Լյարդի ցիռոզը»։ Եվ վերջապես, «Դերմաֆենը», որի մասին խոսում էինք։

Տվյալները տպագրում ենք նաև գիտական ամսագրերում․ այս բնագավառում ևս հաջողություններ ունենք, որոնք հայաստանյան պայմաններում մեծ ձեռքբերում են։ Եվ իհարկե, կարևոր քայլերից մեկն էլ ինստիտուտի պահպանումն է։

Սյունե Կիրակոսյան

2-րդ կուրս

Լուսանկարները՝ հեղինակի

Կիսվել