Արդեն ինը տարի է, ինչ փակել եմ դարպասները ու հեռացել: Երևի եթե հարցնեն` ում եմ ամենաշատը կարոտում, կասեմ` Գորիսը: Կարմիր տանիքներով այդ քաղաքը, ում այդպես էլ չեմ հասցրել մարակրկիտ ուսումնասիրել: Իմ մեղքն է, ընդունում եմ:
Երբ ինձ հարցնում են` որտեղից եմ, ընկնում եմ տարակուսանքի մեջ. Գորիսի՞ց, Քարաշենի՞ց, թե՞ Երևանից, որին ավելի լավ եմ ճանաչում, քան ծննդավայրս: Վաղ մանկուց Երևանում եմ ապրել, չկարևորեցի ծննդավայրս, մինչև որ վերջնական չլքեցի այն: Հիմա ես այնտեղ գնում եմ որպես հյուր:

Զանգեզուրի դարպասներից, երբ անցնում ես, արդեն հասկանում ես, որ տանն ես: Միշտ այդպես է եղել, հետևել եմ տանեցիներին, նրանք ավելի ակտիվ են դառնում, խրոխտ, հպարտ և կայուն: Ինչքան էլ հոգնած լինես, միևնույն է, հողի ուժի շնորհիվ հոգնածությունդ վերանում է: Այդ ճանապարհը, որ տանում է դեպի Գորիս, անտանելի երկար է ձգվում, մանավանդ, երբ պետք է Գորիս հասնելուն պես նորց սպասել գյուղ հասնելուն:

Քարաշեն, այսպես է կոչվում այն քարքարոտ վայրը, որտեղ անցել է կյանքիս տասը տարին: Բայց վստահեցնում եմ` թեկուզև քարքարոտ է, բայց այնքան փխրուն է. այն իր փոքրիկ տրամագծով մխրճված է սարերի մեջտեղում` կարծես պաշտպանություն խնդրելով: Հիանալի տեսք ունի գյուղը, երբ հեռվից ես նայում, և մանավանդ, երբ արևի մի փոքրիկ հատված ընկած է հենց գյուղի վրա:

Դժվարանում եմ գյուղի մարդկանց մասին խոսել, գրեթե չեմ ճանաչում: Բայց երբ տեսնում են ինձ, մի քանի վայրկյան տևող ժպիտով ինձ են նայում: Այդ ժպիտը իրենց փոխարեն խոսում է: Խոսում է այն մասին, որ չնայած նրան, որ շատ ուշ-ուշ եմ գնում, բայց օտար երբեք չեմ դառնում:
Լուսինե Սարգսյան
2-րդ կուրս