Մարգարիտա Բաղդասարյանը միաձուլում է խոհանոցն ու արվեստը

Մարգարիտա Բաղդասարյանը միաձուլում է խոհանոցն ու արվեստը

962

Կապանցի Մարգարիտա Բաղդասարյանը գեղանկարիչ, քանդակագործ և հրուշակագործ է, ով մասնակցում է մի շարք հեղինակավոր մրցույթների՝ ներկայացնելով իր պատրաստած 3D տորթերը։ Մարգարիտան վերջերս է վերադարձել Մոսկվայից՝ Cake artist world մրցույթ-փառատոնից՝ արծաթե մեդալով։

«Մրցույթների միշտ մասնակցել եմ, իսկ այս տարի որոշեցի ուժերս փորձել «քանդակ-կոմպոզիցիա» ուղղության մեջ։ Թեման «հարսանեկան տրադիցիա»-ն էր:Որոշեցի պատրաստել հարսանեկան զամբյուղ՝ հարսի կոշիկներով։ Չցանկացա քանդակել ստանդարտ հարս ու փեսա, մտածեցի տարբերվել ու զարմացնել: Արդյունքում՝ ստացա այն, ինչ ուզում էի»,-պատմում է հրուշակագործը։

Դեռ մանկուց Մարգարիտան սիրել է նկարել, իսկ 10 տարեկանից փորձել է միաձուլել խոհանոցն ու արվեստը։ Արդեն 16 տարեկանից  ընդունել է տորթի պատվերներ։ Սկզբում այդ ամենը եղել է հոբբի, իսկ տարիների ընթացքում դարձել մասնագիտություն և շատ սիրված աշխատանք։

Հրուշակագոծության մեջ ամենակարևորը, ինչպես նա է ասում,  սիրով պատրաստելն է, բայց  իդեալական խմորեղեն պատրաստելու համար միայն բաղադրատոմսն ունենալը բավարար չէ․ պետք է ապահվել ոչ միայն համը, այլև տեսքը:

3D տորթերի պատրաստումը հրուշակագործության նոր ուղղություններից է: Դրանք պատրաստում են առարկաների կամ արարածների տեսքով՝ կենդանի, խաղալիք, ձեռքի պայուսակ, կոշիկ, մեքենա, ինքնաթիռ և այլն:


«Սովորաբար, տորթը պատվիրում են 2-3 օր առաջ։ Պատվիրատուի պահանջները լսելով՝ գծագրում եմ տեսքը, այնուհետև առաջին օրը թխում եմ բիսկվիթները, երկրորդ օրը հավաքում, ձևում և վերջնական տեսքն եմ ստանում: Բայց լինում են տորթեր, որոնք ոչ միայն տեսքով, այլև չափով պահանջում են պատրաստման ավելի երկար ժամանակ»,- ասում է նա։

Մարգարիտան համագործակցում է նաև Ռուսաստանի լավագույն հրուշակագործների հետ։ Ասում է՝ սիրում է անսովոր տորթեր պատրաստել, հատկապես՝ կոշիկի, պիցցայի և այլ իրերի տեսքով: «Իմ կարգախոսն է՝ տաղանդ ունենալը քիչ է, պետք է կարողանալ այն համատեղել աշխատասիրության հետ»,-ասում է նա։

Նարինե Ղալամյան

2-րդ կուրս

Լուսանկարները՝ Մարգարիտա Բաղդասարյանի արխիվից

Կիսվել