Ուսանողի կյանքի չերևացող կողմը՝ հանրակացարան

Ուսանողի կյանքի չերևացող կողմը՝ հանրակացարան

519

Հանրակացարանում ապրող յուրաքանչյուր ուսանող հանրակացարանում է մեկի կամ մի բանի համար։ Ոմանք գլուխները կորցրած սովորում են, դուրս չեն գալիս սենյակներից, չեն զրուցում, չեն վազվզում, չեն աղմկում, լոկ սովորում են խելացի լինելու և բարեկեցիկ ապագա ունենալու համար։ Իսկ ոմանք մուտքի դռների մոտից զգացնել են տալիս իրենց գալուստը, վերելակի ձայնից նույնիսկ կարելի է ենթադրել՝ ով է եկողը։ Խոհանոցի անդադար հռհռոցը, միջանցքներից լսվող հողաթափերի ձայնը, մինչև լուսաբաց ձգվող զրույցներն ու բանավեճերը, սենյակներից դուրս եկող բազմաժանր մեղեդիներն ապացուցում են, որ նրանք արդեն իսկ խելացի են և բարեկեցիկ ապագայի մասին մտածելու փոխարեն ապահովում են ֆանտաստիկ ներկա։ Հանրակացարանը մեծ է և կարողանում է տեղավորել ուսանողների ինչքան ասես, իսկ սովորական մարդիկ այս տեսակ խտության պայմաններում իրար հետ «յոլա չէին գնա»․ ուսանողներն այդ հարցում համբերատար են։ Այդ խտության պայմաններում հանրակացարանի բնակիչներն ավելի են մոտենում իրար, այնքան, որ նույնիսկ սենյակի պատերը չեն բաժանում նրանց։ Կան բնակիչներ, որոնք իրար հետ հաց են կիսում, միասին են գնում համալսարան, միասին սրճում են, այն էլ պատշգամբում, որոշներն այնքան են մոտեցել, որ իրար հետ քնում են կամ չեն էլ քնում մինչև լուսաբաց։ Կան ուսանողներ, որոնք սովորելու հետ մեկտեղ աշխատում են. նրանք առհասարակ հանրակացարանի թոհուբոհից տեղյակ չեն, սառը դեմքով աշխատանքից վերադառնում են ու հավանաբար քնում։ Իսկ նրանք, ովքեր աշխատում են գիշերը, տիրապետում են հանրակացարանի բոլոր ծածուկ շփումներին, գիտեն՝ ով ինչ գիշերազգեստ է հագնում, ինչպիսին է առանց շպարի, ինչ է ուտում կեսգիշերն անց։

Կան ուսանողներ, որոնց երեկոյան ժամերին միշտ կարելի է տեսնել հանրակացարանի գրադարան-ընթերցասրահում ինչ-որ բան կարդալիս։ Նրանք սովորաբար զույգերով են․ շատ քչերն են այնտեղ գնում դաս սովորելու կամ գիրք կարդալու համար, մեծամասնությունն այնտեղ գնում է ինչ-որ մեկին տեսնելու։ Գրադարան-ընթերցասրահի մուտքն օրվա ցանկացած ժամի ազատ է․ այն շատերի համար մենարան է, ամեն ինչից կտրվելու վայր։

Այլ է խոհանոցում։ Այստեղ ցերեկվա ժամերին ժխոր է, մարդկանց ձայներին խառնվում է կարտոֆիլի տապակի ու սպասքի ձայնը, իսկ երեկոյան երիտասարդները հավաքվում են խաղալու, խոսելու, քննարկելու, բանավիճելու, վերջում կռվելու և հեռանալու համար։ Գիշերները տարբեր հարկերի խոհանոցներում լսելի են խոսակցություններ հայրենիքի, սիրո, դավաճանության, աստվածների, անցյալի, կանանց, արվեստի մասին, բուռն քննարկումներ կրթության և գիտության շուրջ, տեսակետներ գրողների ստեղծագործությունների մասին, զրույցներ կրոնի վերաբերյալ, ուրախ դեմքով դառը մանրամասներ պատերազմին մասնակից տղաների կողմից։ Սրանք այն ուսանողներն են, որոնք մինչև ծոծրակը խրված չեն դասագրքերի մեջ, այլ ջանում են ճանաչել իրենց և մյուսներին։

Հանրակացարանում ապրող ուսանողներն իրարից տարբեր են և միաժամանակ շատ նման։ Նրանք բոլորը եկել են սովորելու, ընտանիքից ու տնից հեռու՝ գրեթե բոլորն էլ նույն սոցիալական կարգավիճակն ունեն։ Տարբեր են նրանց գաղափարները, նպատակները, խնդիրներն ու մոտեցումները։ Մեկի խնդիրը մյուսի համար խաղուպար է, իսկ ոմանք ունեն խնդիրներ, որոնք լուծելի չեն, նույնիսկ երբ շատերն իրենց աջակցությունն են հայտնում։ Ուսանողները տիրապետում եմ միմյանց խնդիրներին, որովհետև բոլորն էլ վաղ թե ուշ բախվում են դրանց։ Իսկ կան ուսանողներ, որոնք կիսում են ընկերոջ խնդիրները. նրանք շուտով դառնում են ավելին, քան ընկեր։ Այդպիսիները հանրակացարանում շատ են․ նրանց կարելի է տեսնել ընթերցասրահում, պատշգամբում, խոհանոցում, աստիճաններին, երբեմն էլ՝ չտեսնել։

Հանրակացարանի դռներից ներս այլ աշխարհ է, որտեղ չկան հստակ գծած սահմաններ, որտեղ տարբեր ազգության մարդիկ ապրում են նույն հարկի տակ, հաց են կիսում, օգնում են միմյանց, սիրահարվում են։ Սա միակ տեղն է, որտեղ քեզ լսում են, և  որտեղ գուցե ավելի շատ բան կարելի է սովորել, քան ցանկացած կրթական հաստատությունում, որովհետև այստեղ մի հարցի շուրջ հնչում են տարբեր ազգության և տարբեր մասնագիտություններ ուսումնասիրող մարդկանց տեսակետներ։ Իսկ համալսարանում մենք լսում ենք կա՛մ հոգեբանների, կա՛մ սոցիոլոգների, կա՛մ բանասերների, կա՛մ ժուռնալիստների տեսակետներ։ Ի վերջո բնակիչների համար հանրակացարանը մարդկային տեսակների հետ փոխհարաբերվելու տեղ է, ինչին հասնել ձգտում է մարդկանց մեծամասնությունը։

Շուշան Ասրյան

2-րդ կուրս

Կիսվել