«Եթե շարունակես սպասել հարմար պահի, ողջ կյանքդ սպասման մեջ կանցնի». Սվետլանա Դավթյան

«Եթե շարունակես սպասել հարմար պահի, ողջ կյանքդ սպասման մեջ կանցնի». Սվետլանա Դավթյան

734

Սվետլանա Դավթյանը սովորում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում։ Մեզ հետ զրույցում պատմեց համալսարանական տարիների և իր մասնագիտական առաջին քայլերի մասին։ 

-Սվետլանա, լրագրող դառնալը մանկության երազա՞նք էր, թե՞․․․ Ե՞րբ հստակ որոշում դարձավ։

-Չեմ կարող ասել, որ մանկուց երազել եմ լրագրող դառնալ։ Այդ տարիքում այլ նախասիրություն ունեի, ցանկանում էի դառնալ արևելագետ։ Սակայն ընթացքն ինձ լրիվ այլ տեղ տարավ։ 9-րդ դասարանում էի սովորում, երբ հայտնվեցի Manana center-ում։ Այն Հայաստանի պատանի թղթակիցների ցանց է, որտեղ էլ սկսեցի տպագրել իմ առաջին ստեղծագործությունները, ֆոտոպատմությունները։ Իմ ամենասիրելի անկյունն է, մինչ օրս էլ տպագրվում եմ, քանի որ ամեն ինչ սկսվեց 17.am-ից, որը Manana center-ի կայքն է։ Այնուհետև անցա աշխատանքի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում։ Սովորում էի 12-րդ դասարանում, և դա ինձ համար շատ կարևոր ձեռքբերում էր։ Քաղաքացիական լրագրող էի, լուսաբանում էի համայնքային կյանքը։ Ժամանակի ընթացքում սկսեցի սիրել այս մասնագիտությունն ու հստակ որոշեցի, որ մասնագիտության բոլոր գաղտնիքներն իմանալու, գիտելիքներս ամբողջացնելու համար պետք է բարձրագույն կրթությունս ստանամ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։

-Սովորել ես Ժուռֆակի բակալավրիատում։ Ինչու՞ մագիստրատուրայի ընտրությունը  ևս կանգ առավ նույն տեղում։

-Այո՛, չորս տարի սովորել եմ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատում։ Ստանալով ակադեմիական կրթություն՝ աշխատել եմ հիասքանանչ և իրենց գործի գիտակ դասախոսների հետ, որոնք դասընթացների, փորձաշրջանների, ֆորմալ և ոչ ֆորմալ ճանապարհով փոխանցել են գիտելիքներ։ Սկզբնական շրջանում դեռ որոշում չէի կայացրել, բայց ավարտական կուրսում հասկացա, որ ուզում եմ շարունակել ուսումս մագիստրատուրայում։ Թե՛ համալսարանը, թե՛ դասախոսական կազմը շատ են օգնում ցանկացած հարցում, ուղղորդում են, խորհուրդներ տալիս, համալսարանն առհասարակ լայն հնարավորություններ և ծանոթների շրջանակ է տալիս, որոնք ցանկացած պահի քեզ օգնության են հասնում և՛ աշխատանքի, և՛ սովորելու ընթացքում։ Այստեղ իմ համակուրսեցիների հետ ենք շարունակում սովորել, գործընկերներ ենք, իմ սիրելի դասախոսների հետ եմ շարունակում աշխատել մայր բուհում։ Այլ համալսարան տեղափոխվելու մասին անգամ չեմ էլ մտածել։

-Դժվա՞ր է արդյոք ամենուր լրագրող լինելը, ամեն ինչին լրագրողի աչքերով նայելը։

-Երբ տարիներ շարունակ այդ միջավայրում ես, մասնագիտությունդ էլ դառնում է քո առօրյայի մի մասը։ Դժվար չէ, պարզապես սովորում ես այդ ռիթմին, և ինքնաբերաբար այն դառնում է կենսակերպ։ Ուշադիր ես լինում ամենուր, զտում ես ու ֆիլտրում լսածդ ինֆորմացիան, փորձում ես հնարավորինս խուսափել չճշտված տեղեկատվություն փոխանցելուց և առհասարակ շուրջ բոլորդ կատարվող դեպքերին սկսում ես այլ դիտակետից նայել, ամեն ինչի նկատմամբ  հետաքրքրություն է առաջանում։ Կարծում եմ՝ թվարկածս հատկանիշները անհրաժեշտ են և չեն խանգարի ունենալ անգամ այն դեպքում, երբ լրագրող չես։

-Եթե չլիներ լրագրող դառնալու ցանկությունը, ապա Սվետլանան ո՞ր ոլորտում իր ուրույն տեղը կգտներ։

-Ինչպես նշեցի, ի սկզբանե որոշել էի դառնալ արևելագետ, իրանագիտության ճյուղը պետք է ընտրեի։ Դպրոցում որպես երրորդ օտար լեզու՝ սովորել եմ պարսկերեն, առհասարակ այդ լեզուն շատ եմ սիրում։ Բացի դպրոցից, լեզվի նկատմամբ հետաքրքրություն առաջացրել է մայրս, քանի որ նա ևս տիրապետում է։ Եթե ոչ լրագրող, ապա հաստատ իրանագետ, որը կպատրաստեր լրագրողական հոդվածներ Իրանի և նրա մշակությի, քաղաքականության և այլնի մասին։

-Գիտեմ, որ նաև զբաղվում ես լուսանկարչությամբ։ Դա հոբբի՞ է, թե՞ 2-րդ մասնագիտություն։

 -Լուսանկարչության հանդեպ հետաքրքրությունը ևս առաջ է եկել Manana center-ում։ Այդտեղ սկսեցի հասկանալ, թե ինչպես է պետք աշխատել տեսախցիկի հետ, նկատել գեղեցիկ ու գողտրիկ պատկերներ։ Բակալավրիատում սովորելու տարիներին ունեինք կամընտրական առարկա՝ լուսնկարչություն։ Դասերի ժամանակ ևս հղկվեցին գիտելիքներս։ Այն ինձ համար արտահայտվելու միջոց է․ ինչ չեմ կարողանում բառերով բացատրել, փորձում եմ ցույց տալ լուսանկարներով։ Ընկերներս միշտ ոգևորում են, ասում են, որ սուր աչք ունեմ ու բացի կադրից, գույները ևս կարողանում եմ  ճիշտ ընտրել։ Դասախոսս նույնպես ասում էր, որ դա ինձ մոտ ստացվում է։ Իմ մասնագիտության մեջ լուսանկարչությունը շատ է օգնում։

-Որպես մի քանի տարի համալսարանում սովորող ուսանողուհի՝ ի՞նչ կարող ես ասել դիմորդներին, որ կարող է մոտիվացնել նրանց։

 -Միայն կարող եմ ասել, որ առաջնորդվեն սեփական ցանկությամբ, հստակ հասկանան, թե ինչ են ուզում անել ու որտեղ են իրենց պատկերացնում տարիներ անց։ Եթե կա ցանկություն լրագրող դառնալու, պետք է իմանան, որ կրթական գործընթացը մի փոքր տարբերվելու է իրենց պատկերացնումներից։ Եվ ամենակարևորը, պետք է ունենալ վստահություն, համառություն, կարգապահություն, արդյունավետ հաղորդակցվելու հմտություններ ու պատշաճ ուշադրություն դարձնել էթիկային։

-Ունե՞ս կյանքի կարգախոս, որը նաև ծառայել է մասնագիտությանդ։

-Իհարկե. «Եթե շարունակես սպասել հարմար պահի, ողջ կյանքդ սպասման մեջ կանցնի։ Հարմար պահ չկա, դու պիտի այն քեզ հարմարեցնես»։

Էլլեն Աղաջանյան

2-րդ կուրս

Կիսվել