Տիկնիկագործ մայրս

Տիկնիկագործ մայրս

637

Դեռ մանկուց ուշադրություն չեմ դարձրել  խաղալիքների խանութների ցուցափեղկերին շարված տիկնիկներին։ Ինձ համար նրանք բոլորը միատեսակ էին ու միևնույն դեմքերն ունեին։ 

Այսօրվա նման հիշում եմ իմ առաջին տիկնիկը, որ մայրիկս պատրաստեց ինձ համար։ Անունը Արփի դրեցի, նա էլ գանգրահեր ու թմբլիկ էր` ճիշտ ինձ նման, բայց աչքերը կապույտ էին` ես էի այդպես ցանկացել (փոքր ժամանակ երազում էի կապույտ աչքեր ունենալ)։ Միայն իմ կերպարով տիկնիկ չէ  որ ունեի, ընտանիքիս բոլոր անդամներին, ինչպես նկարագրել էի, մայրիկն այդպես պատրաստել էր։ Մայրս միակ մարդն էր, ով իրականություն էր դարձնում իմ  բոլոր խենթ պատկերացումները։

Տասը տարի անց ծնունդիս անակնկալ ստացա մայրիկիս կողմից` կրկին իմ կերպարով տիկնիկ էր, այս անգամ ավելի նման էր ինձ, բայց արդեն մեծ տարիքում։ Ուրախությանս չափ չկար, կարծես դեռ այն փոքրիկը լինեի, ով ունեցավ իր նկարագրած տիկնիկը։

Տարիներն անցան, մեծանալու հետ տիկնիկների հանդեպ սերս ավելացավ։ Նրանց յուրաքանչյուր դետալին առանձնահատուկ ուշադրություն սկսեցի դարձնել, հատկապես այն բանից հետո, երբ Նոյեմբերյանի գեղարվեստի դպրոցում մայրիկս` Ալբինան սկսեց տիկնիկաշինության դասեր տալ։ Նա մասնագիտությամբ մոդելյոր-դիզայներ է և արդեն 30 տարի է աշխատում է գեղարվեստի դպրոցում, որպես նկարչության ուսուցչուհի։

«Երեք տարի առաջ էր, երբ առաջարկ ստացա, որքան էլ զարմանալի է` առանց վերապատրաստման տիկնիկաշինության դասեր տալ։ Ինքնուս էի, ոչ ոք չէր սովորեցրել, ոչ մի տեղից չէի օգտվել, ես էի ստեղծագործում և պատրաստում։ Աշակերտներիս պետք է սովորեցնեի հայկական տարազով տիկնիկներ պատրաստել։ Նորաբաց խմբակն այնքան էր սիրվել համայնքի երեխաների կողմից, որ շատ կարճ ժամանակահատվածում դպրոցի ամենամեծ խմբերից մեկը դարձավ։

Աշակերտներիս հետ օրերով մշակում էինք  կավը և տիկնիկների գլուխներն էինք ստանում, պղնձի լարերից` ձեռքերն ու ոտքերը, թելերից վարսեր էինք հյուսում, դեմքերը ժամերով նկարում էինք, սա էլ  պատրաստման ամենադժվար ու հետաքրքրիր փուլն էր, եթե շատ էլ ցանկանայինք միևնույն դեմքից երկուսը նկարել չէր ստացվում, յուրաքանչյուրը հետաքրիր էր յուրովի։ Հագուստները հայկական տարբեր գավառների տարազներն էին։

Աշակերտներս հայկական անուններով էին կոչել տիկնիկներին և կարծես իսկապես անձնավորում էին նրանց, որովհետև նրանց հետ աշխատում էին զրուցելով այնպես` ասես, լսում ու պատասխանում են իրենց։ Անի, Սոսե, Նվարդ, Լուսե … չեմ կարող թվել այդ 130-ի անունները, բայց գրեթե բոլորը անուններ ունեին։ Երեխաներիս պատրաստած տիկնիկները մեր մարզում մի շարք մրցույթ-ցուցահանդեսների մասնակցեցին և արժանացան բազում մրցանակների։

Այժմ տիկնիկները մեկ ընդհանրական` «ԲինԱլ» անունն ունեն, որով ներկայացնում են ձեռագործ հայկական տիկնիկների ապրանքանիշը։ Երբեք չէի պատկերացնի, որ այդքան հաճելի զբաղմունքս աշխատանքի մի մաս կդառնա, իսկ հետագայում էլ` նաև փոքրիկ բիզնես»։

Արփինե Բեջանյան

4-րդ կուրս

Կիսվել