Ապատեղեկատվությունը այսօր դարձել է ռազմական գործողությունների կարևոր գործիքներից մեկը. Սամվել Մարտիրոսյան

Ապատեղեկատվությունը այսօր դարձել է ռազմական գործողությունների կարևոր գործիքներից մեկը. Սամվել Մարտիրոսյան

314

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ խոսել ենք ապատեղեկատվության , դրանից բխող վնասների և տեղեկատվական պատերազմների մասին։

44-օրյա պատերազմի օրերին մարտական գործողություններին զուգահեռ սկսվեց նաև տեղեկատվական պատերազմ։ Ի՞նչ վնասներ կրեցինք, որո՞նք էին մեր թույլ տված սխալները տեղեկատվական պատերազմում։

-Առաջինը՝ ներքին լսարանի համար փաստացի չկարողացավ պետությունը ապահովել պատշաճ տեղեկատվություն, ինչը բերեց լուրջ բարոյալքման։

Երկրորդը՝ արտաքին լսարանը փաստացի պատերազմի երկրորդ կեսին չկարողացավ ապահովել տեղեկատվության հոսք, մեր մասին մոռացել էին, ինչ-որ պահի մեզ չհաջողվեց իրականացել տեղեկատվական գործողություններ ադրբեջանական թիկունքում։ Այսինքն՝ հաջողվեց որոշ բաներ անել, բայց դրանք լուրջ հետեվանքներ չունեցան։

Պատերազմական իրավիճակներում ապատեղեկատվությունը կարող են ծանր վնաս հասցնել հասարակությանը։ Ի՞նչ անել նման դեպքերում։

-Մեծ հաշվով պետությունը պետք է ունենա հատուկ ռազմավարություն և մարմիններ, որոնք ըստ այդ ռազմավարության պետք է գործեն և չիրականացնեն տեղեկատվական, ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական գործողություններ։ Ապատեղեկատվությունը այսօր դարձել է ռազմական գործողությունների կարևոր գործիքներից մեկը, ոչ միայն մեր դեպքում այլ նաև ամբողջ աշխարհում: Այսինքն՝ հիբրիդային պատերազմներում մանիպուլյատիվ, կեղծ տեղեկությունը լուրջ ազդեցություն է ունենում ինչպես թիկունքի վրա, այնպես էլ ընդհանուր աշխարհի ընկալման վրա, նույնիսկ բանակի գործողությունների վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ։

Կա՞ մշակված ռազմավարություն, որը ուղված է ապատեղեկատվության դեմ պայքարին։

-Այսօր շատ պետություններ ստեղծում են բանակներ, որոնք իրականացնում են տեղեկատվական օպերացիաներ։ Ինչպես նաև ստեղծում են մարմիններ, որոնք զբաղվում են պաշտպանողական գործողություններով։ Հայաստանում դա դեռ նոր է մշակվում, հիմա քննարկման փուլում է։ Հայաստանում փաստացի մի քանի մարմին կա, որոնք նման գործառույթներ ունեն։ Մեկը վարչապետի աշխատակազմին կից հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ն է, ինչ-որ գործառույթներ ունի ԱԳՆ-ն ու բնականաբար բանակն ու ԱԱԾ-ն։

Ինչպե՞ս եք գնահատում մեր ուժերը տեղեկատվական պատերազմում։

-Բավականին թույլ է այս պահին պատրաստվածությունը և ընդհանուր պոտենցիալը։

Ո՞ր սոցցանցերն են առավել շատ ենթարկվում հարձակման։

-Ամենաշատը ապատեղեկատվություն տարածվում է ֆեյսբուքում, մի պարզ պատճառով, որ Հայաստանում շատ օգտատերեր ունեցող ակտիվ սոցիալական ցանց է, ու այդտեղ են ամենաշատ քաղաքական գործիչները, լրագրողները։ Այդ պատճառով ապատեղեկատվության տարածումը ավելի արագ է ընթանում։ Մյուս կողմից, քանի որ որպես տեղեկատվության աղբյուր գնալով զարգանում է Յութուբը, այնտեղ մխրճվում են ապատեղեկատվություն տարածողները ու սարքողները, շատ ակտիվ փորձում են օգտագործել նաև այս հարթակը, բայց հաճախ Յութուբից տեղեկատվությունը ուղարկում են Ֆեյսբուք, որպեսզի այնտեղ շարունակեն դա տարածելը։ Եվ կարևոր մի բան է, Տելեգրամը, որը դարձավ գերակտիվ հենց պատերազմի ժամանակ ու շարունակում է աճել։ Տեղեկատվություն տարածողների համար Տելեգրամը նրանով է կարևոր, որ այստեղ գրեթե գոյություն չունի մոդեռացիա, այսինքն, եթե Ֆեյսբուքում կեղծ էջ է բացվում, ինչ-որ մի բան է տարածվում, հետո շատ արագ հնարավոր է բողոքելով դա վերացնել։ Իսկ Տելեգրամը տալիս է հնարավորություն ցանկացած տեղեկություն տարածել, և կեղծարարներին ավելի հեշտ է տեխնիկապես այնտեղ ունենալ այնպիսի նյութեր, որոնք ՖԲ-ն թույլ չի տա տարածել և արագ կջնջի, օրինակ՝ ռազմագերիների դեմ ոտնձգությունները և այլն ՖԲ-ն ուղղակի ոչնչացնում է, իսկ Տելեգրամում դա մնում է։

Ի՞նչ առավելություններ ու բացթողումներ ունենք տեղեկատվական պատերազմում։

-Մեզ մոտ խնդիրը նրանում է, որ գոյություն չունի հստակ ռազմավարություն, որը թույլ կտա մի ընդհանուր գծի մեջ աշխատել։ Մեր կարևոր խնդիրներից մեկը հենց դա է, որ հստակ, միասնական գործողություններ չեն կատարվում, կամ չկա մարմին, որը կորդինացնում և իրականացնում է այդ գործողությունները։ Այդ շրջանակում հիմա գծվում է ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգը, որը դեռ մշակման փուլում է։

Սիրուշ Վարդանյան

4-րդ կուրս

Կիսվել