Հալիձորի դպրոցի ընկեր Անետան

Հալիձորի դպրոցի ընկեր Անետան

734

Աշակերտներիս ընկեր Անետան եմ, ընկեր Ասծատրյանը, իսկ ամենից առաջ փորձում եմ նրանց ընկերը լինել։ Արդեն մեկ տարի է՝ աշխատում եմ իմ հարազատ Հալիձորի միջնակարգ դպրոցում։ Երբեմնի դպրոցի աշակերտ լինելով՝ այժմ իմ գիտելիքներն եմ կիսում հարազատ աշակերտներիս հետ։ Պատմության ուսուցիչս է եղել մոտիվացնողն ու ուսուցչի լավ օրինակն ինձ համար։ Դասաժամերին  մենք  չէինք սահմանափակվում միայն Հայոց Պատմություն ուսումնասիրելով։ Մենք սովորում էինք մարդ լինել՝ պարզ ու անկեղծ։

Սկզբնական շրջանում մտավախություններ ունեի, կարծում էի՝ դժվար կլինի բոլորի հետ ընկերանալը, բոլորի հոգեբանությունը հասկանալը և աշխատել այնպես, որ չթերանամ, կամ ինչ-որ կերպ ինչ-որ մեկին չվնասեմ։ Երբ առաջին օրը դպրոց մտա որպես ուսուցիչ, այն էներգիան, որը ինձ երեխաներն էին փոխանցում, օգնեց, որ մոռանամ բոլոր մտավախություններիս գոյության մասին․ ավելի ամուր կանգնեցի հողին, հետո զգացի, որ այն աչքերը, որոնք ինձ են նայում աշակերտական սեղաններից, մեծ սպասումներ ունեն, որոնք ես պարտավոր եմ արդարացնել։ Եվ այդ օրը ես հասկացա, որ պետք է անեմ հնարավորինը, որ այդ աչքերը չկորցնեն իրենց փայլը։ Սկզբնական շրջանում շատ բարդ էր, որովհետև աշակերտներիս հետ որպես համայքի երիտասարդներ տարբեր ծրագրերի էինք մասնակցել. շատ անմիջական էինք։ Բավականին բարդ էր միանգամից այդ միջավայրից  տեղափոխվել  մեկ այլ՝ ուսուցիչ-աշակերտ միջավայր։

11-17 տարեկան երեխաների հետ եմ աշխատում, իսկ դա շատ կարևոր շրջան է անհատի ձևավորման ուղում։ Այդ տարիքում ամեն ինչ այլ է, զգացմունքներն ավելի խիտ են, սպասումները՝ շատ ու մեծ։ Ես նրանցից մեծ ակնկալիքներ ունեմ, վստահ եմ՝ մեծ մարդ են դառնալու, հիմա էլ մեծ մարդիկ են՝ խոհեմ ու նպատակասլաց, սյունեցուն բնորոշ անկոտրուն կամքով։ Ուսուցչի դերը չեմ ուզում, որ սահմանափակվի մի քանի էջ դաս պատմելով ու անգիրներ հանձնարարելով, վստահեցնում եմ՝ այն ավելին է։ Ուսուցիչը մարդ է դաստիարակում, մարդ ով վաղը համայնքն է ղեկավարելու, երկիրը, մարդ, ով վաղը միջազգային որևէ շրջանում ներկայացնելու է մեր երկիրը, մարդ, ով վաղը սահմանին է լինելու, և խաղաղություն է նվիրելու մեզ։ Ես կարևորում եմ մարդկային հատկանիշներն ու արժեքները, որոնք իմ աշակերտներն ունեն և միայն զարգացնելու են դրանք։ Ճիշտ է, սովորելը կարևոր նշանակություն ունի մարդու կայացման գործում, բայց ավելի կարևոր է մարդ մնալը՝ անկախ քո ոտքերի տակ գտնվող բարձրությունից: Եվ երբ նրանցից մեկը համայնքը կղեկավարի, մյուսը՝ երկիրը, մյուսը կլինի հրաշալի նկարիչ, ես կհպարտանամ նրանց մարդկային արժեքներով։ Իսկ նրանք վստահ եմ՝ այդպիսի առիթներ ինձ շատ են տալու։ Երբ տեսնում եմ նրանց հոգնած կամ ընկճված, փորձում եմ իմ խորհուրդներով օգնել։ Եվ երբեք չհանձնվելու կարգախոսը դարձնել իրենցը։

Մեր շփումը պարզ ու  ընկերական է։ Ցանկացած հարցով ինձ հանգիստ դիմում են,  միշտ փորձում եմ նրանց կողքին կանգնել։ Երեխաների հետ և’  արշավների ենք գնում, և’ տարբեր միջոցառումներ կազմակերպում։ Դրանք մեզ ավելի են մոտեցնում։ Մի քիչ այլ է, երբ նրանց դպրոցից դուրս ես տեսնում, և երբ դպրոցից դուրս մենք էլի նույն ընկերներն ենք մնում, օգնում է կիսել ունեցած օրն ու ապրումները, ճանաչել ու բացահայտել իրար։ Ուզում եմ, որ տարիներ հետո այն հարցին ի պատասխան, թե ով է նրանց ուսուցչի մոտիվացնող կերպարը, իմ անուն ևս տան։ Դա իմ լավագույն ձեռքբերումներից կլինի։

Այն մարդուկները, որոնք ինձ ընկեր Ասծատրյան են դիմում, ինձ ջերմացնող արևների են նման, ու անգամ հիմա՝ այս ձմռան ցրտին, առավոտյան հաղթահարելի է դպրոց հասնելը, որվհետև այն դպրոցում, որտեղ տարիներ առաջ սովորում էր Անետա անունով աղջիկը, հիմա ներս է մտնում որպես ընկեր Անետա, ու նրան դիմավորում են այն աչքերը, որոնք մեր երկրում պիտի լույս տեսնեն։

Տաթև Ալիխանյան

4-րդ կուրս

Կիսվել