«Գուրգենն ասում էր՝ գնալու եմ, հայրենիքս պաշտպանեմ, աննկարագրելի ուրախ էր»

«Գուրգենն ասում էր՝ գնալու եմ, հայրենիքս պաշտպանեմ, աննկարագրելի ուրախ էր»

690

«Չարաճճի, անհանգիստ տղա է, բայց երևում է, որ ընդունակ է»․ մանկության տարիներին հենց այսպես է բնութագրել 2022 թվականի սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ զոհված Գուրեն Զաքարյանին նրա դասվարը՝ Անուշ Օհանյանը։

Սեպտեմբերի 14-ին Վարդենիկի անմահ հերոսների շարքին դասվեց  նաև Գուրգեն Զաքարյանը։

Քրոջ՝ Անահիտի խոսքով, Գուրգենը ազնիվ էր, բարի ու պարտաճանաչ։ Մեզ հետ զրույցում նա հիշեց․ «Ինչ ասում էր, միշտ իր խոսքի տերն էր։ Թե՛ դպրոցում, թե՛ համալսարանում ուներ գերազանց առաջադիմություն։ Հաշվապահ պետք է դառնար։ Ասում էր՝ բանակից որ գամ, առաջին կիսամյակում լավ եմ սովորել, արդեն զեղչ էլ կստանամ ու ուսումս կշարունակեմ։ Շատ ընդունակ էր ու ամեն ինչ միանգամից ընկալում էր։ Երբ որևէ բան իր սրտով չէր լինում, միշտ ասում էր, չէր ստում ոչնչում։ Որպես եղբայր շատ խիստ էր ու երբեք չէր թողնում, որ ինձ նեղացնեն։ Կատակասեր էր, ժպիտը դեմքին պայքարում էր ցանկացած իրավիճակում»։

Գուրենի մորաքույրը՝ Քրիստինան էլ պատմում է, որ առանձնահատուկ ընկերական հարաբերությունների մեջ է եղել զարմիկի հետ․միշտ քննարկում էինք, թե ինչ աղջիկ պետք է լինի իր կողքին։ Մորաքույրը պատմեց․ «Գուրգենն ասում էր՝ շատ նիհար չլինի, դեմքից սիրուն լինի, ընդհատում, ասում էի, որ ճիշտ ինձ նման, ծիծաղում էր, հետո շարունակում՝ քիթն էլ փոքր լինի։ Ասում էր՝ շուտով էդ հարցն էլ կլուծեմ ու սկսում էն զրնգուն ձայնով ծիծաղել։ Գուրգենի ծիծաղը ամբողջ կյանքում ականջներումս կզնգա»։

Մորաքույրը պատմում է՝ նոյեմբերի կեսն էր դեռ, ու իր ընկերներից շատերն արդեն զորակոչվել էին, ինքը շատ էր նեղվում, ջղայնանում էր, ասում էր. «Ինձ մոռացել են, չեն կանչում, հեսա ես եմ զանգելու ու իրենց հիշեցնեմ, որ ինձ հլը չեն կանչել, ու ես էլ եմ պատրաստ ծառայության։ Շատ-շատ էր ուզում բանակ գնալ, անհամբեր էր ու նույնիսկ ուզում էր դեկտեմբեր ամսին բանակ գնալ, բայց մաման խնդրել էր, որ գոնե Նոր տարին մեզ հետ անցկացնի, հետո գնա, դրա համար էլ հունվարի 9-ին վերցրեց «պավեստկան»։ Ասում էր՝ ես գնալու եմ հայրենիքս պաշտպանեմ։ Աննկարագրելի ուրախ էր»։

Գուրգենը հրետանավոր է եղել, ծառայել է Լուսակերտում, հետո կրտսեր սերժանտի կոչում ստացել ու տեղափոխվել Գորիս։ Նրա քույրը ցավով հիշեց Գուրգեն զոհվելու մասին․ «Դեպքը Իշխանասարում է եղել․այդ ժամանակ Գուրգենն ու իր հրամանատարը զենքի մոտ կանգնած են եղել, ինչ պատերազմը սկսվել է, ինքն իր զենքից այն կողմ չի գնացել»։

Կատարվածից հետո ընտանիքի անդամները հերոսի գրպանից ինչ-որ հաշվարկներ են գտել։ Զինակից ընկերները պատմել են, որ Գուրգենի և իր կապիտանի համառ կռվի շնորհիվ է, որ իրենք ողջ են մնացել․ «Քաջաբար կռվել է մինչև վերջին շունչը։ Կյանքը տվեց մեզ համար»։

Գուրգենի հետ տնեցիները վերջին անգամ սեպտեմբերի 14-ի առավոտյան են խոսել, ու չնայած, որ անքուն ու հոգնած է եղել, բայց ընտանիքի անդամներին քաջալերել է։ Նրա քույրը, արցունքն աչքերին պատմում է․ «Ասում էր, որ հասցրել է թշնամուն «նեղել», միշտ ժպիտը դեմքին էր ու բարձր տրամադրությամբ, նույնիսկ սեպտեմբերի 13-ին, որ իրար հետ խոսեցինք առավոտյան, տրամադրությունը շատ բարձր էր, ինձ դուխ էր տալիս ու ասում, որ ամեն ինչ լավ է լինելու …սեպտեմբերի 14-ի առավոտյան խոստացել էր, երեկոյան էլ զանգել, որ ձայնը լսեինք, բայց…»։ Գուրգենի քույրը նաև պատմեց, թե ինչ ցավով են ընդունել համալսարանում նրա զոհվելը, ու ասաց․ «Երբ իրենց համալսարան էի գնացել, որ գործերը վերցնեմ, իրենց դեկանը լաց էր լինում։ Հետո ասաց, որ Գուրգենին նաև դաս է տվել, ու որ Գուրգենը միակ ուսանողն էր, որ դասերին ներկայանում էր միշտ պատրաստ՝ տետր ու գրիչով։ Հիշեց, որ ամեն անգամ, երբ լսարան էր մտնում, մեկ էլ Գուրգենը գալիս էր ու ասում՝ ընկեր Գրիգորյան, սա չեմ հասկացել, ընկեր Գրիգորյան սրա լուծման ձևն եմ գտել… »։

Գուրգենը մեծ ցավ է թողել բոլորի սրտերում, նույնիսկ նրանց, ովքեր այդքան էլ երկար ժամանակ չէին ճանաչում հերոսին։

Մարիամ Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել